HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ քաղաքական ուժերի պատկերացմամբ

Այս օրերին քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը՝ ընտրողին սիրաշահելու համար խոստանալով հնարավորն ու անհնարինը: Դրանցից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարն է, որը կարմիր թելի նման անցնում է բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում: Ինչպե՞ս են պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական 9 ուժերը. ներկայացնում ենք հատվածաբար:

«Ելք» դաշինք

«Ելք» դաշինքը կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց թափանցիկության, հաշվետվողականության մեջ: Այսպես, առաջարկում են լուծարել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և ստեղծել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Իսկ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակը ընդլայնել այնպես, որ պետական բարձրաստիճան պաշտոն ստացող յուրաքանչյուր անձի կենսագրությունը և գործունեությունը հրապարակային քննվի հանձնաժողովում: Ավելին, առաջարկվում է, որպեսզի հանձնաժողովը եզրակացություն տա պաշտոն ստացող անձի որպես բարձրաստիճան պաշտոնյա պիտանելիության մասին:

«Ելքի» պատկերացմամբ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք, պետք է նոտարական կարգով լիազորեն համապատասխան լիազոր մարմնին, որպեսզի աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրեն և ստանան տեղեկություններ՝ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Եթե անձը հրաժարվի տալ նման լիազորագիր, ապա չի կարող լինել բարձրաստիճան պաշտոնյա:

Բացի այդ, կարևորվում է, որ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքը, դրամական միջոցները, բաժնեմասերն ու բաժնետոմսերի ծագումնաբանությունը ԱԺ էթիկայի հանձնաժողովում դարձնել հրապարակային և դռնբաց քննության առարկա, եթե դրանց գինը ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին 5 տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը:

Քաղաքական ուժը կարևոր է համարում նաև բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտոնավարման ընթացքում անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված ունեցվածքի հարկման մեխանիզմի ներդրման հնարավորության քննարկումը:

Որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործընթաց ընդգծում են Հայաստանի արտաքին պարտքի աուդիտի ենթարկելը, վարկերի ծախսման արդյունավետության ուսումնասիրությունը՝ հնարավոր չարաշահումները և դրանց մեղավորներին բացահայտելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Կուսակցությունն անզիջում պայքար է հայտարարում կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ: Նրանց կարծիքով կոռուպցիան համակարգային բնույթ է կրում և դրան ավելացրած ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհներն այլևս վտանգում են պետականության հիմքերն ու իսպառ փակում երկրի և հասարակության զարգացման հեռանկարները:

«Անհրաժեշտ է ներդնել պետական, հանրային և համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգեր, այդ թվում՝ ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ»,-կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Կուսակցությունը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ու ստվերից միջոցների պետական բյուջե մուտքագրման դեպքում հնարավոր կլինի առնվազն կրկնապատկել պաշտպանության, առողջապահության ոլորտների բյուջետային ծախսերը, այսինքն՝ բարձրացնել երկրի անվտանգության մակարդակն ու ունենալ առողջ հասարակություն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորած քաղաքական ուժը ևս կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը: Ըստ Դաշինքի ծրագրի՝ պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները: Պետական կառավարման հիմքում պետք է դնել մաքուր ընտրությունները, մրցակցային հավասարությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Պետական պաշտոնյաների պաշտոնեական առաջխաղացման բոլոր փուլերում պետք է գործի ազնիվ մրցույթների և որակավորման քննությունների համակարգ՝ սկսած դպրոցներից և բուհերից։

Առաջարկում են կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը, կիրառել հետադարձ ուժով սկսած 1991 թվականից, և պետական բյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter