HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարյալ անկատարության բավիղներում

Աշոտ Հովսեփյան

Ամենևին գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում հիմնականում անհասկանալի, անբացատրելի, հիրավի´ անտրամաբանական ու խիստ աղետալի անցուդարձն է տիրապետողը մեր երկրում: Ի խորոց սրտի: Քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և այլ հարթություններում գրեթե բոլոր գործընթացները, որ հերիք չէ՝ բավականաչափ լղոզված են, դեռ մի բան էլ ընթանում են տարաբնույթ վայրիվերումներով:

Զորօրինակ՝ անվերջ շարունակվող «անզուգական» տարբեր ընտրախաղերը՝ հույժ ախտաժետ ու հիմնովին ապականված միջոցներով շարունակ վերարտադրվող կարկառուն «ազգընտիրներով», դատաիրավական միանգամայն անկատար համակարգի խոլ խեղկատակությունները՝ մեղավորի և անմեղի փոխատեղումով (քրեականներն իշխանական բուրգի գագաթին ու մերձ տարածքներում, իսկ անմեղները՝ քրեակատարողական խցերում), իրականում տնտեսության ոչ նախանձելի վիճակը և ի վերջո պետականության կայացմանը խոչընդոտող բազում այլ անկատարություններ: Կատարյալ անկատարություններ:

Այդ ամենով հանդերձ՝ անմտության աստիճանի տարօրինակ ու փխրուն զինադադարի պայմաններում չեն դադարում բնավ մեր նենգ ոսոխի նենգդավ ոտնձգությունները Հայրենյաց սահմաներում և Արցախում, որ շատ հաճախ անհրաժեշտ ու բավարար հուժկու հակահարվածի չեն արժանանում (իհարկե՝ ոչ թե մեր քաջարի զորականաց մեղքով, այլ պարզապես «վերից» չի´ք հրաման, թերևս), ի դժնի հետևանք ինչի՝ շարունակաբար զոհվող մեր հերոս տղերքի կորստյան առնչությամբ համընդհանուր վշտալի կսկիծն է մարդուս հոգեմաշ անում: Տակավին պարմանի տղերք, որոնց հոգիները, ցավ ի սիրտ, դեռ սավառնում են դեպի երկնային արքայություն:

Մյուս կողմից էլ մեր վիրավորների ապաքինման համար ամենօրյան, ամենժամյա մտասևեռուն անհանգստությունն է մշտիվ մեր առօրեական ուղեկիցը (ներկայիս ազգային տուրքի մտացածին ինչ-որ թերատ գաղափարով՝ իբր թե հանգստացնելու միտումի հավակնող ինչ-որ փոխակերպված մտասևեռմամբ մեկտեղված):

Դրանցով պայմանավորված՝ նմանապես մեր ամենօրյա համառ ուղեկիցն են ընթացիկ կյանքի (ներողություն՝ օտարահունչ բառի համար) դեգրադացիոն իրավիճակներն ու մեր ներքին անկումնային հոգեվիճակները, երկրի «խաղաղ շինարարության» հարատևորեն քրոնիկական բազում բացերը (հանգամանքների բերումով սնանկացող կամ թե ավելի հաճախ միտումնավոր սնանկացվող ու փակվող ձեռնարկություններ՝ խոշոր, միջին, փոքր գործարարության մակարդակներում՝ անխտիր, դրանից ածանցված՝ գործազրկության անզուսպ աճ, հաց-հանապազօրի ամենօրյա չարքաշ փնտրտուք, արդար բողոքի մշտառկա դրսևորումներ, որ ի խորոց սրտի միշտ ու մշտապես դեմ են առնում խուլ պատերի, ըստ այդմ՝ անվերջանալի գահավեժ անկումն դեպ համընդհանուր թշվառություն և էլի շատ այլ չարաղետ երևույթներ): Ահավասիկ, ի հետևանք այս ամենի՝ անկասկած դժվարանում է որևէ բանի շուրջ խորհելը, մտորելը, խելքը գլխին որևէ բան ասելը, ինչ-որ բանի մասին խոսելը: Բայց այդուհանդերձ լռել էլ չի կարելի: Լռելն անթույլատրելի է: Ու մինչ ըստ էության ու ըստ խորության կքննվեն ու շահեկան անաչառությամբ կիմաստավորվեն անընդունելիորեն անտրամաբանական հիշյալ անցուդարձի բացասական գումարելիները, մինչ ազգովին խելքի կգանք ու դարձի ուղին կբռնենք, որ միտված պիտի լինի մեր նորօրյա հիրավի´ աբսուրդային իրականությունն աբսուրդի ճիրաններից դուրս բերելուն, ըստ այդմ՝ մեր ներքին կյանքը քիչ թե շատ կանոնակարգելու և բարվոքելու, ի թիվս այլևայլ անհրաժեշտ ու նպաստավոր քայլերի՝ նաև ճշմարիտ բարեկամ ու դաշնակից «հայթայթելու» հարցերի լուծմանը, հարկ եմ համարում որոշ անդրադարձ կատարել մեր ներկա կյանքի աղետալի դրսևորումներից մեկին, որ լինելով արդյունք վերջին տարիների մեր անպտուղ դեգերումների, մեր շարունակական խարխափումների, այլև՝ ըստ իս՝ խորապես չգիտակցված ու չափազանց վտանգավոր, ազգին ցիր ընդ ցիր անող լոբանով-ռոստովյան ու վորոնցով-դաշկովյան մտայնությունների ծիրում լինելով նաև հրահրված (իհարկե՝ դրսից, որ իրականացվում է մեր իսկ ներսի ու դրսի ներքին ու արտաքին անարգ ներքինիների ձեռամբ), էլ ավելի դառն ու դաժան է դարձնում ներկա մեր իրականությունը, ինչն էլ իր հերթին իրապես սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Թեև ինքս ամենևին էլ ջատագովն ու հետևորդը չեմ դավադրությունների տարազան տեսությունների, բայց իմ խորին համոզմամբ դա այդպես է, որ կա: Իսկ խնդիրն էլ, իհարկե, մեր մեջ է: Անշուշտ և անտարակույս:

Եվ այսպես՝

ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ «ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻՑ».
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ,
ԱՎԵԼԻ ՍՏՈՒՅԳ՝
ԴՐԱՆՑ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ...

«Հսկա ինքնաթիռը զիլ ոռնոցով հռնդաց և օդ բարձացավ՝ իր որովայնը խցկված հարյուրավոր ուղևորներով հանդերձ: Ու էդ հսկա ինքնաթիռը, իր որովայնն առած հարյուրավոր ուղևորներ, թռավ: Թռա˜վ... Ու նրանց առավ-տարավ իր հետ՝ հեռո˜ւ-հեռուներ: Այսօր ևս, երեկվա պես, նախորդ օրվա պես, ինչպես և՝ օրեր առաջ՝ օրեր շարունակ, հարյուրի չափ մարդիկ, մի քանի ընտանիք, գուցե ավելի, գուցե պակաս, գուցե արդեն մի քանի տասնյակ, հարյուր ընտանիքներ լքեցին Հայրենիքը:

Երեկ էլ, նախորդ օրն էլ, օրեր առաջ՝ օրեր շարունակ, օրեր՝ անկանգ, նույնքան կամ ավելի մարդով պակասեցինք Հայրենիքում: Դրան համարժեք՝ նույնքան ու գուցե ավելի թուլացանք-տկարացանք: Այնպես որ մի «մեծավոր» դա պիտի փաստի անվարան՝ ասելով, որ «Մենք թույլ ենք»: Վաղն անկասկած՝ նույն կերպ. նույն ինքնաթիռը, կամ՝ ուրիշ մի օդանավ, գուցե՝ մի քանիսն արդեն, կրկին ու դարձյալ ու նորեն նորանոր ընտանիքներ՝ տասնյակ, հարյուրավոր հայ ընտանիքներ դավադրաբար կառնեն ու կտանեն հեռու-հեռուներ: Եվ ուրեմն, կրկին ու դարձյալ՝ նույնքան մարդով կպակասենք Հայրենիքում, ու կրկին ու դարձյալ ու նորեն դրան համարժեք կամ գուցե թե՝ է´լ ավելի շատ կթուլանանք-կտկարանանք: Ու էդ «մեծավորն» անթաքույց կհրճվի, որ ինքը չի սխալվել՝ ասելով, թե՝ «Մենք թույլ ենք...», բայց չի էլ փորձի ճշտել, թե ինքն ի պաշտոնե իրավունք ունի՞ նման բաներ ասելու, կամ թե՝ ի պաշտոնե հետամուտ չպիտի լինե՞ր արդյոք, թե ո՞վ մեզ թուլացրեց...

Թերևս այդ պարագայում գլխի կընկներ, հավանաբար, որ ոչ այլ ոք, քան եթե ոչ՝ մենք ինքներս՝ ձեռամբ մեր «մեծավորաց», այսինքն՝ իր և իր նմանների, նրանց «իմաստնագույն առաջնորդությամբ»... Եվ այսպես՝ շարունակ, օրեր-օրեր, ամիսներ ու տարիներ: Դարեր ու դարեր… Եվ ուրեմն՝ մինչև ե՞րբ, ոչ ոք դույզն իսկ չի կարող ճշտիվ ասել…»:

Վերը բերվածն արտագաղթի վերաբերյալ տողերիս հեղինակի վաղուց կիսատ թողած մի թախծոտ զեղումից է, որ ամեն անգամ միտս է գալիս, երբ մի մերձավորի էլ եմ արտերկիր ճանապարհում (ժամանակվո՞ր, թե՞ մշտապես): Եվ ահա կրկին ու դարձյալ ու նորեն միտս եկավ այն, երբ օրերս լուսադեմին ևս մեկ մերձավորի՝ շուրջ քառասնամյա վաղեմության ուսանողական ընկերոջս, հեռու-հեռավոր Սախալին ճանապարհեցի: Դրանից երկու ժամ անց՝ օդանավակայանից տունդարձի ճանապարհին, ասես պատվերով, հանդիպեցի ևս մեկ պոտենցիալ պանդուխտի՝ հեռավոր Տյումենից անձկալիորեն կանչող լուրի սպասող ու մեկնելու պատրաստվող արդեն հիսնամյա վաղեմության մանկությանս ընկերոջը, ով դեռևս Հայրենիքում է, տաքսի է վարում ու մինչ մեկնելը դեռ կպտտի ղեկն՝ իր հանգույն և իրենից էլ չարքաշ իր ավտոմեքենայի: Հանդիպեցինք, ուրեմն, ու խոսքուզրույցի մեջ նախ դժգոհեց, որ չլիցենզավորված «լևի» տաքսիները շատ են խանգարում, գործը փչացնում, ու ստիպված է մինչ ուշ գիշեր, երբեմն էլ՝ մինչ լուսաբաց ղեկ պտտել: (Այստեղ էլ միտս եկավ ոչ վաղ անցյալը. հիշում ե՞ք՝ մի ժամանակ էլ «լևի» լույսն էր, որ ձեռամբ «շուստրիների» բռնաբարում էր արդարությունն իր իսկ անկողնում): Ուրեմն մեր այդ մտահոգ խոսքուզրույցի ընթացքում նա ի միջի այլոց ասաց նաև, թե հունարով կավատները շիկահեր ու սլացիկ հասակով ծախու կանանց շքեղաշուք նոր խմբաքանակ են ժամանակավոր ներմուծել Հյուսիսից (ժամանակավոր ներմուծումն ազատված է հարկերից, չէ՞)...

Ինչպես ասում են՝ ուղղակի նանարներ, որոնց շարել են Բարեկամության հրապարակից սկիզբ առնող ու սլացքով վար գլորվող Կիևյան-Լենինգրադյան «բարեկամական» փողոցների ողջ երկայնքի ոլորապտույտների տարբեր հատվածներում (դե, տաքսիստի ամենատես աչքից բան չի վրիպի, մանավանդ որ մինչ ուշ գիշեր ղեկ է պտտում ու... ինքն էլ պտտվում քաղաքով մեկ): Ի դեպ, ասես ինչ-որ խորհրդանշական բան կա հիշյալ փողոցների անվանումների մեջ, թեև այդ երկու փողոցները տեղ-տեղ միշտ էլ «հագեցած» են եղել տեղական ու ցեղական «հարկատու» և «ոչ հարկատու» մարմնավաճառների խմբերով, որոնց ներկայությունը «շքեղորեն» զարդարում է քաղաքիս տարբեր քունջուպուճախներ ևս:

Հրաշալի է. մենք՝ «դարավոր բարեկամ ու դաշնակից» Հյուսիսին՝ աշխատող, արարող ու տանջահար լինող մեր տղամարդկանց, իսկ Հյուսիսից մեզ՝ պառկող, հանգստացող ու հանգստացնող իրենց կանանց: Մեր տղամարդկանց հյուսիսային վաստակը Հայրենիքում գրոշի է վերածվում ու թալանվում ձեռամբ մեր վայ-մեծավորաց ու «շուստրի» կիսրարների, իսկ հյուսիսային նանարների այստեղի վաստակը...

Դե որ խոսքը դառավ էս նյութին, չեմ կարող թաքցնել վրդովմունքս ու չասել, որ է´լ ավելի անհանդուրժելի է, երբ ամեն երեկո Հանրապետության հրապարակի երգեցիկ շատրվանների հարևանությամբ (գուցե թե այլ վայրերում ևս) արդեն քա˜նի տարի ցավ ի սիրտ ականատես եմ լինում տեղական այլ կավատների կողմից Հարավից այցելած այլազգի և ըստ ամենայնի ալկոհոլային ծարավից ու սեռական քաղցից տոչորվող անհագուրդ թուխ բուղեքին հայ կանանց ու աղջիկների վաճառքի բազում անթաքույց փաստերի... հայրենի տարբեր կառավարությունների արթուն աչաց առաջ, նրանց հոգածու հայացքի ներքո: Հատկապես նովրուզ, կուրբան և այլ բայրամների, այլևայլ շախսի-բախսիների ու էլի ուրիշ տոների օրերին...

Հա˜, բայց այսօրվա նյութս անիծյալ արտագաղթին է առնչվում, դարեր ի վեր ու դարեր շարունակ միշտ ու մշտապես ազգին հյուծող պանդխտությանը, որի ճամփեն են բռնում իսպառ ճարները կտրած արդեն վաթսունին մոտեցող տղամարդիկ, իմ շատ ընկերներ, որ իրենց գործն են ունեցել նախկինում ու հիմա չունեն, իսկ թե մի գործ էլ ունեն, հանց տաքսիստ ընկերս, կամ մյուսը՝ ֆերմեր ընկերս, էլի մի կերպ են լոյա գնում, ծայրը ծայրին հասցնում՝ վարկերի ու պարտքերի տակ կքած:

Եվ ուրեմն՝ դառնամ նյութիս:

Սախալին մեկնած ուսանողական ընկերս խորհրդային ժամանակներում կուսակցական աշխատող էր, գյուղատնտեսական գործի գիտակ ու հմուտ կազմակերպիչ, և ինձ նման հակակուսակցականի կողմից անչափ գնահատելի էր նաև, որ ի տարբերություն այդ կուսակցության շատ ու շատ այլ անդամների՝ ազնիվ էր և արդար, իսկ ԽՍՀՄ փլուզումից ու ԽՄԿԿ առաջնորդող դերի վախճանից հետո գունեգուն փոխփոխուկ շատ ու շատ կուսակցականների նման ինքն էլ չգունափոխվեց:

Մի կարճ ժամանակ ռուսաստաններում դեգերելուց հետո վերադարձավ ու հայրենի գյուղում ձեռնամուխ եղավ տնտեսության հիմնման գործին: Հանրային տնտեսության գործը գլուխ չեկավ, չհաջողվեց. համագյուղացիներն ի մի չեկան, չաջակցեցին, զի հողին հանձնված գյուղացին, ում թվում էր թե հողն են իրեն հանձնել, չուզեց, չցանկացավ մի նոր կոլեկտիվացում:

Ու կոմունիստ ընկերս, որ ոչ միայն չգունափոխվեց, այլև այլոց հանգույն կուսակցական տոմսը ցուցադրաբար չայրեց կամ չհանձնեց հոգեվարքի մեջ գտնվող շրջկոմ, փորձեց անհատական տնտեսություն հիմնել: Ու այդուհետ քսան տարուց ավելի կռիվ մղեց քարուհողի հետ: Նախ անասնաֆերման գործի գցեց, իսկական և ոչ թե Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» պես: Ընկերս Օրուելին չէր ճանաչում, նրա գիրքն էլ չէր կարդացել, հետևաբար և անասնահեղափոխությունից բնավ չէր երկյուղում: Եվ անասուններն էլ նրա ֆերմայում չէին ըմբոստանում, միայն թե ուտել էին ուզում, որ կաթ տան, միս տան:

Ըստ այդմ այդ ընթացքում անխուսափելիորեն անասնակերի ապահովության հարցը ծառացավ: Ընկերս իր հողաբաժնից զատ՝ սկսեց վարձակալել հողին հանձնված որոշ ծույլ ու անբան համագյուղացիների հողաբաժինները, ովքեր ողջ օրը գյուղապետարանի բակում թուղթ էին խաղում ու նարդի գլորում, պարապ զրիցներ անում՝ հողից օտարված:

Ու քանի որ գյուղից որոշ ժամանակով նրա բացակայության ընթացքում նախկին կոլտնտեսությունների մեքենատրակտորային պարկն ամբողջությամբ սեփականաշնորհվել ու մեջ-մեջ էր արվել տեղական ապագա տարազան  ֆեոդալիկների կողմից, ընկերս մեկնեց Հյուսիս, որտեղից վարկով-բանով կոմբայնից-բանից բերեց ու իր վարուցանքին ձեռնամուխ եղավ... Ու դժվար է ասել՝ ի վերջո հաջողե՞ց, թե՝ ոչ: Թերևս՝ ո´չ: Որովհետև...

Մի տարի երաշտ, մի տարի կարկուտ, մե´րթ ցրտահարություն, մե´րթ հեղեղում, «ազատական» շուկայում անտեսանելի ձեռքով ապրանքային չափաքանակների սահմանում ու գների մշտական լռելյայն թելադրանքներ, դրացի վրացիների հետ առևտուր անելու անհասկանալի արգելքներ և այլևայլ խոչընդոտներ ու պարտադրանքներ, որ ի վերջո լցրեցին խոտոր ճամփեքով գործ դրստելուն անընտել շիտակ ռանչպարի համբերության բաժակն ու մարդը, պարտքային բեռի տակ անհուսորեն կքած, իր հերսից ու ընդհանուր անհուսությունից վեր կացավ ու բռնեց պանդխտության ճանապարհը...

Հայտարարություն էր կարդացել: Երևանի և Հայաստանի տարբեր մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի փողոցներում ձեր աչքերից չեն վրիպի աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնելու հրավերի մասին սյուներին ու ծառաբներին փակցված տարբեր հայտարարությունները: Նմանապես և տարբեր ուղղություններով «սուրալու» պատրաստ ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղիների, դրանց մեկնման ու ժամանման ժամանակացույցի մասին և այլ տեղեկատվությունը հուսադրում են, որ դուք ճանապարհին չեք մնա ու տեղ կհասնեք (եթե տրանսպորտային այդ փոխադրամիջոցը սարքին է, եթե Աստված մի արասցե՝ վթարի չենթարկվի, եթե Լարսը փակ չլինի, ու էլի շատ ուրիշ եթեներ): Դա հերիք չէ, հիմա էլ էժան «Պոբեդան»... Բայց ընկերս այդքան համբերություն չուներ, որ ավտոբուսով մեկներ կամ սպասեր «Պոբեդայի» մուտքին...

Հը˜մ, իր ժամանակին անգամ «ժողովուրդների հայր» Ստալինը չկարողացավ հայերին հիմնավորապես աքսորել Սիբիր, Ալթայի երկրամաս, իսկ այսօր մեր «դարավոր բարեկամ ու դաշնակից» ընդամենը մի Պուտին դա անում է որոշակի չնչին գումարի միջոցով:

Բայց որքան էլ գրավիչ հնչեն ճանապարհածախսի եւ կեցության ծախսերի վերաբերյալ խոսքերն ու խոստումները, դժվար թե նման հեռավոր կղզի մեկնելու, այն էլ՝ պարզապես լավաշ թխելու, կամ լավագույն դեպքում «բորդյուր» շարելու և ասֆալտ «փռելու» համար մարդիկ ամեն ինչ թողնեն ու հեռանան: Եվ ընկերս էլ հաստա´տ դրա համար չէր, որ մեկնեց...

Թերևս Հայաստանի տնտեսական վիճակը դեռ այն աստիճան վատ չէ, որպեսզի աշխատանք ունենալու համար հարկ լինի մայրցամաքի մյուս ծայրն հասնել: Առավել ևս՝ որ այնտեղի վաստակը ներկայումս Հայրենիքում, ինչպես ասացինք, վերածվում է գրոշների:

Որովհետև... «Երբ խոր թունելի մեջ ես սուզվում և հասնում ես անդառնալիության կետին, երբ վերադարձի համար այլևս շունչդ չի հերիքի, ուրիշ ոչինչ չի մնում՝ բացի դեպի առաջ, դեպի անհայտությունը լողալուց… և աղոթելուց, որ ելք գտնես»: (Դեն Բրաուն, «Ինֆեռնո»):

Արտագաղթի՝ որպես երկրում առկա ոչ բարենպաստ իրավիճակների ամենաուղղակի հետևանքի, հիմնական պատճառներից մեկն էլ, եթե ոչ՝ ամենահիմնականը, աշխատատեղերի սակավությունից կամ բացակայությունից, այլևայլ առօրյա հոգսերից ու գործերի վատթար դրությունից զատ՝ արդարության պակասն է անկասկած, դրա մեծ դեֆիցիտը (ավելի դիպուկ է օտարահունչ այս բառը): Անշուշտ և անտարակույս: Ու սա բազմիցս է ասվել, փաստվել շատոց կողմանե: Կարծում եմ՝ ոլորտների, երևույթների, ինչ-ինչ դրսևորումների անհարկի թվարկումների կարիք ամենևին էլ չի զգացվում: Դե, որովհետև չկա մի տիրույթ, որ ապականած չլինեն ու չկա մի բնագավառ, որ ձախողած չլինեն մեր նորօրյա բազմամյա կարկառուն «մեծավորները», մեր «ընտրյալ» տիկիններն ու պարոնները, նրանց արբանյակ բազմաթիվ պնակալեզները, պայթած փուչիկներն ու մարած «օբլիգացիաները», տարասեռ դատարկ դհոլներն ու ճչան զուռնաները: Չկա մի վճիռ, մի որոշում, մի օրենք, որի ընդունումն ու գործադրումը վիճահարույց չլինի: Ըստ այդմ ներկա վայ-կառավարողների կողմից իրականացվող գործունեության մի ոլորտ անգամ չկա, որ դժգոհությունների տեղիք չտա և խուլ կամ անթաքույց դիմադրության չարժանանա (վկա՝ բազում տարազան ըմբոստացումները): Դրանով հանդերձ, մեր «մեծավորք» համառ և աննկուն, չգիտես ո՞ւմ և ի՞նչ շահերով առաջնորդվելով (ըստ էության՝ լավ էլ հայտնի են՝ և´ շահերը, և´ դրանց բուն հասցեատերերը՝ շահառուները), ըստ այդմ՝ իրենց զինանոցում ունենալով ռեգբիի կանոնները, հրելով ու հրմշտելով փորձում են ու հաջողում են ընդունել, պարտադրել և իրագործել իրենց օրապակաս ու թերատ ազգադավ, հայրենադավ որոշումները, աննահանջ ծավալում հակապետական, հակաազգային, հակաժողովրդական գործունեություն՝ երկիրը գլորելով դեպ անդունդն անհատակ: Միայն թե պահեն իրենց կողմից ապօրինաբար զավթած աթոռները, երկրի համատարած թալանի արդյունքում ձեռք գցած (որոշ դեպքերում նաև արյամբ ներկված) կայք-կարողությունը, ապա և շարունակեն այդ թալանը: Մեծ հաշվով նաև, որ չտուժեն իրենց արտաքին տերերը...

Մեր կառավարողների ամեն հաջորդ թիմն այնքա˜ն վա´տ, այնպե˜ս ապաշնո´րհ է կառավարում, շարունակաբար երկրին ու ժողովրդին այնպիսի անդառնալի վնասներ պատճառում, որ մենք՝ որպես մոռացկոտ ու կռապաշտ ժողովուրդ, արդեն սովորույթի ուժով երանի ենք տալիս նախորդ (ի դեպ՝ նմանապես ոչ այնքան բարվոք կառավարող) իշխանավորներին: Վայ-իշխանավորներին: Գոնե թե օրհնեի՞նք օրվա կառավարողներին, ինչպես հայտնի առակի պառավը, որպեսզի սրանք հաստատուն մնային իրենց թախտերին և սրանց չփոխարինեին ավելի վատերը: Բայց՝ չէ´: Մենք, որպես աննահանջ և անուղղելի կռապաշտներ, որ ում և ինչ ասես՝ կուռք կդարձնենք, օրվա անձեռնահաս կառավարողներին աններելիորեն փոխարինողներ ենք փնտրում ոչ վաղ անցյալի ոչ պակաս անձեռնահաս կառավարիչների մեջ: Ըստ այդմ ժողովրդի երեկվա (անցյալի) ցավն ու դարդը (ձախավեր կառավարիչների կերպարանքով ու գործքով պատուհասված) այսպես անգթաբար այսօր (ներկա) վերադարձնելու ձգտումներով մեծ հարցականի տակ է դրվում նրա վաղվա օրը (գուցե թե չընտրությունից չընտրություն մեր վայ-մեծավորաց կողմից խոստացված «պայծառ ապագա՞ն», «լուսե˜ գալիքը»):

Եվ ինչպիսի միամիտ անմտությամբ ենք ազգովին հավատ ընծայում, թե մեկ անգամ արդեն հիմնավորապես ձախողածներն ու ձախողվածներն իրենց նոր պաշտոնավարմամբ օրը ցերեկով լազուր երկնքից պայծառ գալիքի լուսե աստղեր են իջեցնելու: Իբր հին կառավարողներն իրենց ժամանակին իրենց հանձնարարված, իշխանության կրող ժողովրդի կողմից պատվիրակված գործերը բնավ չեն ձախողել: Կամ թե՝ նոր կառավարողների շարքերում իբր հներից չկան: Եվ, ա´րդ, բոլոր այդ իշխանավորները՝ հի՞ն, թե՞ նոր, որպես ինքնանձնանպաստ գոյեր՝ մեծի մասամբ զբաղված լինելով անձնական հարցերի լուծմամբ, անձնական բարեկեցության հիմնախնդիրներն ունենալով իբրև անհետաձգելի առաջնահերթություն, տարբեր ժամանակներում այս կամ այն չափով անխնա թալանել են երկրի հարստությունը՝ մեր ամենքի ունեցվածքը, մեզ հասցնելով ներկա ոչ նախանձելի վիճակին, ըստ այդմ՝ ձեռքի հետ վարկաբեկելով շատ ու շատ վեհ ու պայծառ գաղափարներ, և առաջին հերթին՝ անկախության գաղափարը: Հիրավի´ բացառիկ ու հիրավի´ անգնահատելի գաղափարը: Եվ ի հետևանք այդ վարկաբեկման՝ ի դերև ելնելու են դատապարտվում լուսավոր ապագայի մեր սպասելիքները, անկախության տեսլականն աստիճանաբար (թե՝ միանգամի՞ց, ասենք՝ միևնույն է՝ աստիճանաբա՞ր, թե՞ միանգամից) հօդս ցնդեցնելով, արդյունքում՝ նույն կերպ (պարզ է չէ՞, միևնույն է՝ աստիճանաբա՞ր, թե՞ միանգամից) երկրի իրական պետականությունը վերածելով երևութական ինչ-որ բանի (ցավոք՝ այս պարագայում էլ ավելի դիպուկ է օտարահունչ «վիրտուալը»):

Ասենք՝ ի˜նչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ մեր երբեմնի ամենակարկառուն անկախականներից մեկը (գոնե թե ինքն իրեն այդպիսին է համարում ու ներկայացնում) այլևս անկախական չէ, թեև երբեք չի դադարում կուրծք ծեծելուց և իրեն տիեզերքից մեզ տրված ընծա համարելուց ու որպես այդպիսին ինքզինքը մատնացուցելուց ու մատուցելուց, ըստ այդմ՝ միակ փրկիչ ներկայանալուց (ի դեպ իր նման էլի շատ «փրկիչներ» կան):

Է˜հ, կարող ենք լոկ խոնարհվել իր տառապյալ անցյալի առջև (որ ըստ էության վաստակել է մի մեռյալ «առաջնորդի» մեծադիր նկարն այրելու դիմաց), ի դեպ՝ անօգուտ մի տառապանք, որովհետև՝ էլ ի՞նչ օգուտ, երբ հենց ինքն է իրեն վերագրված երբեմնի վաստակը մսխելով՝ զրոյացրել իր եսը, ինչպես այն առատ կաթնատու կովը, որ մի լի դույլ կթվելուց հետո աքացի է տալիս ու շրջում այդ դույլը՝ թափելով տաք փրփրուն կաթը: Որովհետև ո՞ւմ համար կարող է համոզիչ լինել այն անկախականությունը, երբ ձգտումներդ հանգում են ռուսական լծից դուրս պրծնելուն և անմիջապես էլ ցատկով ինչ-որ այլ, ասենք՝ ամերիկյան գիրկ նետվելուն՝ հանուն բարեկեցության (ի դեպ՝ մեզ հիմնականում նույն բանն է խոստանում նաև հյուսիսային «օրիենտացիան»՝ տարազան էմիսարների շրթամբ, դրան հավելած՝ նաև ի նպաստ մեր ազգային անվտանգության իր «բարեկամական» ջանքերի առնչությամբ այլընտրանքի բացակայության սպառնալիքները. «Մտքներիցդ հանե´ք»):

Միանգամից ասեմ՝ որևէ ոք թող փորձ չանի ամերիկյան դեմոկրատիան աչքս խոթելու. արդեն բավականաչափ տեսել ենք նաև դա, հատկապես դրա երկակի չափանիշների դրսևորումներն ու... լիուլի կշտացել ենք դրանցից (ընդամենը մի 25-30 տարի առաջ էդ նույն ամերիկացիք չէի՞ն, ընդնանրապես՝ այլք արևմուտքից, որ խրախուսում էին ստալինյան ժառանգության կազմաքանդմանն ուղղված խորհրդային որոշ առաջադեմ ժողովուրդների պայքարը, որի առաջամարտիկը հենց մենք էինք՝ հայերս, իսկ այսօր՝ արդեն հետխորհրդային ժամանակներում, ճոխ ու ճոռոմ տարփողում են ստալինյան բռունցքով գծված ինչ-որ տարածքային ամբողջականության թեզ և ատամներով կառչում էդ ժամանակավրեպ անախրոնիզմից): Ամերիկյան դեմոկրատիա կոչվածն ինքնին նույն ռուսական մեծապետական շովինիզմի նման մի բան է՝ տարբեր հագուկապով. մեկի հագին՝ ներաշխարհը քողարկող ինչ-որ կամուֆլյաժ, իսկ մյուսինը՝ բամբակյա բուշլատ, բայց երկուսն էլ նույն կերպ են վարվում աշխարհի հետ, պարզապես բնորոշումներն են տարբեր:

Ահավասիկ՝ աշխարհին ազատության ու ժողովրդավարության դասեր տալը, «տհաս» ու «խավարամիտ» երկրներում էդ ազատությունը և իրենց փակ «լաբորատորիաներում» գաղտնի դեղատոմսերով երկնած ժողովրդավարությունը զենքի ուժով ու ռազմական մեթոդներով «ներդնելը»` իբրև «բարի կամքի» դրսևորում և հզորներին հատուկ այլ զազրելի ձեռնարկումներ: Իսկ իրականում միտումներն իրարից չեն տարբերվում: Երկու բևեռներն էլ (և´ արևմտյան դեմոկրատ կոչվածները, և´ հյուսիսային ավտորիտար արջը) միմյանց հետ մրցակցելով՝ մեծ հաշվով նույնանման նպատակներ են հետապնդում, այն է՝ սեփական կամքը թելադրելով՝ իրենց ազդեցության ոլորտում ներառել ու պահել ում որ ուզում են և ում որ կհաջողեն (ասենք՝ մեր նման «թույլերին»), ամեն մեկն իր հերթին աջակից ունենալով իր հինգերորդ շարասյանը, և մի վերջին հաշվով նպատակ ունենալով, ի թիվս այլևայլ ակնկալիքների, նաև իրենց նվաճած «ենթակայության գոտիների» ռեսուրսների (ներառյալ՝ մարդկային) անխնա թալանն ու արտահանումը: Համանման պարագաներում ի՞նչ է նշանակում այլ պետության (թեկուզ թե դա Ամերիկան է) անկախության օրը սեփական տանդ շախով-շուխով նշելը, հե´գ անկախական, և դա լայնորեն լուսաբանելը. նշում ե՞ս, գնա´ լուռ նշիր: Այլապես, այդ պարագայում է´լ ո՞վ կարող է մեղադրել, ասենք՝ էն դատարկ դհոլին (մեկ այլ «փրկչի»), որ նա էլ Ռուսաստանի անկախության տոնի գովքն իր տանն անի (թեև սա՝ ինչպես այդ, այնպես էլ Ռուսաստանին վերաբերող այլ գովքեր էլ է անում, և ամենուր ու մշտապես է անում):

Այս ամենի փոխարենը՝ ճիշտ կլիներ քննական ուսումնասիրության ենթարկեինք այլ ազգերի ու ժողովուրդների պահվածքը՝ իրենց անկախության ձեռքբերման ու պահպանման առնչությամբ, թեկուզ 20-րդ դարավերջի 70-80-ականների սահմանագլխին մեր հարևան Իրանի պատմության որոշ դրվագներն ու նրա առաջնորդների համարձակ ու ճշգրիտ քայլերը, ինչն այդ երկիրը շատ առումներով իր արմատներին վերադարձրեց և, ըստ այդմ՝ այսօր որոշակի բարենպաստ հանգրվանին է հասցրել, չնայած ողջ աշխարհի կողմից բազմամյա ճնշումներին: Այնպես որ ես չեմ կարող որևէ տարբերություն նշմարել տարազան «փրկիչների» միջև, երբ ամեն մեկն ըստ էության մի որևիցե օտար պետության շահերի սպասարկմանն է զինվորագրվել (ու՝ վաղուց): Ցավոք պիտի փաստենք, որ այսօր այդպիսի սպասարկուներ՝ ինչքա˜ն ասես...

Ահավասիկ այն գումարելիների համեստ ու համառոտ համախումբը, ի հավելումն դրա՝ Հոգևոր Հայաստանի գաղափարի պակասն ըստ էության հանգեցրեցին ներկա վիճակին, ինչին նպաստեց նաև ալանդալեսյան ծրագրի իրականացումն, ինչում մենք եղանք չափազանց ջանադիր, ինչպես և միշտ՝ առաջանցիկ առաջամարտիկներ: Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Ու գործընթացները մեր իսկ ձեռամբ մեզանում կատարվեցին մեծ թափով՝ արձանագրելով ապշեցուցիչ «արդյունքներ» ու աննախադեպ «ձեռքբերումներ», ըստ այդմ էլ՝ անվիճելիորեն շարունակական անկում բոլոր բնագավառներում: Եվ այս ամենն էլ մեծ հաշվով ի վերջո հանգեցրել է ներկա անմխիթար վիճակին՝ կատարյալ անկատարությանը, որի բավիղներից դուրս պրծնելու ձգտումների հանրագումարից էլ ածացյալ են արտագաղթն ու պանդխտությունը:

Այսպիսով, ովքեր եղել են անմիջական մասնակիցն ու աջակիցն այս գործընթացների, նպաստել երկրի թուլացմանը, անարդարացիորեն տիրելով երկրի հարստության այսպես ասած՝ յուղոտ պատառներին, այլև լուռ դիտորդի դեր ստանձնել (տարբեր տրամաչափի պետական, քաղաքական ու կրոնական գործիչներ, էլ չեմ ասում տարազան ու տարաբնույթ կեղծ կուսակցապետերի՝ դատարկ դհոլների ու պայթած փուչիկների մասին), որ ուղղակիորեն կարող էին դրականորեն ազդել գործընթացների բարեկարգ ընթացքի առումով, սակայն կլանվեցին կեղծուպատիր փայլուփառքի կողմից ու դարձան դրա ճորտուստրուկները, սոսկ յալանչներ ու թալանչիներ: Ու այսօր էլ, ահավասիկ, նորեն ու կրկին մտնում են պարաշրջան: Ընտրություններն են մոտենում: Մեծի մասամբ նույն տհաճ դեմք-դիմակներն են, որ նորեն ու կրկին առաջ են մղվում... դեպ կերակրատաշտը:

Ցավալիորեն նոր չեն այս երևույթներն ու դրսևորումները: Իր ժամանակին Մեծն Կոմիտասը՝ լայնախոհ և ազգի ճակատագրով մտահոգ ճշմարիտ մտավորական անհատը, իրապես հոգևոր այրը գրեթե համանման իրավիճակում ցավ ի սիրտ է խորհել ազգի ներկայի և ապագայի, անշոշափելի, բայց այնքա˜ն մոտալուտ տագնապների մասին, որ նույնքա´ն արդիական են. «...Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կը հուզին ի խորս մեր հալածական ու ողբալի կենացն ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կը տեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում՝ մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր՝ մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն՝ մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն՝ մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք յուր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկություն մտաց ծածկե ի միամիտ աչաց: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն ընչաքաղցությամբ: Սիրտս փլված է...»:

Ու մեր սիրտն էլ է ասես փլվում աստիճանաբար (կամ՝ միանգամից, է˜հ, միևնույն է՝ աստիճանաբա՞ր, թե՞ միանգամից), ու մնում է սահմռկեցուցիչ մի ճիչ՝ օդից կախված.

«Դե, ե´կ, տնավե˜ր, մի´ խելագարվի»...

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter