
Ինչպես են հայաստանյան 7 ռեյտինգային օնլայն լրատվամիջոցները իրականացրել նախաքարոզչությունը
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը այսօրվա ասուլիսին ներկայացրեց «Ընտրությունների նախաքարոզչական փուլը Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. նոր զեկույցի ներկայացում» թեմայով իրենց կատարած հետազոտության արդյունքները։
Հետազոտական խումբը աշխատանքային 15 օրերի ընթացքում ուսումնասիրել է հայաստանյան 7 ռեյտինգային օնլայն լրատվամիջոցներում` 1in.am, News.am, Tert.am, Aravot.am, Lragir.am, 168.am, ArmLur.am-ում խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունները մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկը։ Այս լրատվամիջոցների ընտրությունը, ըստ Բաղդասարյանի, պատահական չէ. դրանք ընտրվել են` հաշվի առնելով առավելագույն լսարան ունենալու հանգամանքը։
Առցանց այդ 7 լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընտրությունների մասին պատմող նյութերի մասնաբաժինը օրվա ողջ արտադրանքում ամենամեծը եղել է armlur.am կայքում՝ 25 %-ով, ապա հաջորդել է aravot.am-ը՝ 22 %-ով։
Ասում է՝ ինչպես իրենց նախորդ ուսումնասիրությունների փորձն է ցույց տալիս, տոկոսային այս ցուցանիշները դեռևս կրկնակի կամ եռակի մեծանալու են, և ընտրական թեման դառնալու է հայաստանյան լրատվամիջոցների գլխավոր թեման։
«Ընտրությունների մասին նյութերի մեծ մասը նախընտրական գործընթացի մասին է։ Այս ընթացքում մեդիայում տեղի են ունեցել նաև որոշ քարոզչական բախումներ։ Օրինակ՝ Սեյրան Օհանյանի դեպքում, երբ խոսվեց բանակում կոռուպցիայի մասին, կամ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալության հետ կապված», - նշեց նա։
Բաղդասարյանը իրենց ուսումնասիրության երկու շաբաթները որակում է «հետաքրքիր» շրջան, որը, նրա գնահատմամբ, քաղաքական ուժերի դիրքավորումն էր՝ լրատվամիջոցներում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ մինչ քարոզչության պաշտոնական մեկնարկը։
Անցած երկու շաբաթների ընթացքում նախընտրական գործընթացների նյութերում զգալի են եղել այն նյութերը, որոնք վերաբերել են ընտրակաշառքի թեմային։ Հրապարակումներում մասնավորապես խոսվել է բաժանվող ընտրակաշառքի «բնույթի» և չափերի մասին։
Ուսումնասիրություն իրականացնող խումբը նաև առանձնացրել է մրցակից ուժերի ծրագրային դրույթների առավել գերակշռող թեմաները, որը գլխավորում է ներքաղաքական հարաբերությունները։ Իսկ երկորրդ հորիզոնականը Ղարաբաղյան հակամարտությունն է, իսկ հինգերորդը՝ բանակը. «Սա իմ պատկերացմամբ առաջին ընտրական գործընթացն է լինելու, երբ Ղարաբաղյան հակամարտության և բանակի թեման շոշափելի տեղ է զբաղեցնելու քարոզչության ժամանակ։ Նախորդ ոչ մի ընտրական գործընթացի, քարոզչության ժամանակ Ղարաբաղյան թեման այսպիսի ուշադրության չի արժանացել»։
Հետազոտական կենտրոնի տնօրենը սա պայմանվորում է երկու հանգամանքով. նախ ընդգծում է, որ մրցակից ուժերից երկուսը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և ՀԱԿ-ՀԺԿ դաշինքները քարոզչական շեշտը «դնում են» Ղարաբաղյան հակամարտության, բանակում փոփոխությունների անհրաժեշտության և խաղաղության միջոցով անհապաղ այդ հակամարտության թեման կարգավորելու վրա, հաջորդիվ պայամավորում է Սեյրան Օհանյանի կերպարով, ով որպես պատգամավորի թեկնածու առավել շատ է խոսում այդ թեմաների մասին՝ հաշվի առնելով զբաղեցրած նախկին պաշտոնը։
Թեկնածու ուժերի ծրագրային դրույթներին, այսինքն՝ թե որ քաղաքական ուժը, ինչի մասին է առավել շատ խոսել ելույթներում և հրապարակումներում, առավել մանրամասն կարող եք ծանոթանալ գծապատկերով
Ովքեր և ինչպես են խոսել մրցակից ուժերի մասին
Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա հետազոտական խումբը եզրակացրել է, որ «Ելք» դաշինքը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միայն դրական են խոսել իրենք իրենց մասին, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, բացի իրենցից նաև դրական է արտահայտվել «Ելք»-ի մասին։ Իսկ մնացած քաղաքական ուժերը, մեծամասմամբ, չեզոք տոնայնությամբ՝ այսինքն և՜ դրական, և՜ բացասական են արտահայտվել մրցակիցների մասին։
«Այս ցուցանիշներից կարող ենք եզրակացությունը, որ տպավորություն կա՝ բոլորը քննադատում են բոլորին և դրական են արտահայտվում միայն սեփական ուժերի նկատմամբ։ Ինչը, ըստ էության, նորմալ տոնայնություն է՝ մրցակցության համար», - մեկնաբանեց նա։
Ինչ քաղաքականություն են «վարում» մրցակից ուժերը սոցիալական ցանցերում
Սոցիալական ցանցում թեկնածու քաղաքական ուժերի պաշտոնական էջերը ուսումնասիրելուց զատ, հետազոտական կենտրոնը նաև քաղաքական ուժերին գրավոր հարցում է ուղարկել, որին միայն չի պատասխանել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։
Այդ հարցումներից պարզ է դարձել, որ քաղաքական բոլոր ուժերը կարևորում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կիրառումը, մասնավորապես՝ ՀԱԿ-ՀԺԿ կարևորում ընտրազանգվածին թիրախավորելու հանգամանքով,:
ՀՀԿ-ի համար այս հարթակը կարևոր է, քանի որ դրանով հնարավոր է կապ հաստատել երիտասարդության հետ, քարոզչական անցուդարձի մասին տեղեկացնել Սփյուռքին, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերը պատասխանել են, որ կարևոր է «Ֆեյսբուք»-ը, քանի որ այն դարձել է հիմնական տեղեկատվության աղբյուրը և «ուզած, թե չուզած» պետք է օգտագործեն այն։
«Ռեգիոն»-ը քաղաքական 9 ուժերից նաև հետաքրքրվել է՝ թե կուսակցությունները և դաշինքները ինչպես են պատրաստվում քարոզչությունն իրականացնել, որի ի պատասխան բոլոր ուժերը պատասխանել են՝ բոլոր հնարավոր տարբերակներով՝ հանդիպումներով, տնային այցերով, վճարովի եթերաժամանակով, միայն «Ելք»-ն է հայտնել, որ գումարի սղության պատճառով, չի կարող օգտվել վճարովի եթերաժամանակից։
Սակայն այստեղ Լաուրա Բաղդասարյանը շեշտում է, որ այդ դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ամենաակտիվն է օգտագործում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բոլոր հնարավոր միջոցները՝ քարոզչությոնը իրականացնելու համար։
Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը և «Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը, Բաղդասարյանի գնահատմամբ, ակտիվ կապ են պահում իրենց հետևողների հետ՝ արձագանքելով նրանց կողմից թողնված մեկնաբանություններին։
առաջին լուսանկարը` «Մեդիակենտրոն»-ի
Մեկնաբանել