
Ովքեր են պատրաստվում դառնալ պատգամավոր
Հրանտ Գալստյան
Նոր ձևավորվող խորհրդարանում ներկա լինելու համար պայքարող քաղաքական ուժերը իրենց նախընտրական ցուցակները ներկայացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Հրապարակված այդ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, թե ովքեր են ցանկանում ներկայացնել քաղաքացիների շահերը օրենսդիր մարմնում, որ տարիքային, սեռային, մասնագիտական խմբերն են գերակշռում թեկնածուների ցանկում:
Կին թեկնածուներն ավելի երիտասարդ են
Խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն պատգամավորի 1558 թեկնածուներ: Սա նշանակում է, որ ամեն 10 000 ընտրողի հաշվով գրանցվել է պատգամավորի 6 թեկնածու:
Պատգամավոր դառնալ ցանկացողների միջին տարիքը 48 է: Այս ցուցանիշը համընկնում է իշխող Հանրապետական կուսակցության և իշխանության մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցության առաջադրած թեկնածուների միջին տարիքին:
Արական սեռի թեկնածուները միջինում ավելի մեծ տարիք ունեն, քան իգական սեռի թեկնածուները (49 և 47` համապատասխանաբար): Ամենաերիտասարդ կանայք Ազատ դեմոկրատներից են, տղամարդիկ` ԵԼՔ դաշինքից: Ամենատարիքավորները Հայաստանի կոմունիստական կուսակցությունից են, որտեղ միջին տարիքը 63 է:
Բնակչության 52, պատգամավորի թեկնածուների՝ 30%-ը
Խորհրդարանի պատգամավորի մանդատի համար պայքարող 10 թեկնածուներից միայն 3-ն են կին: Կոմունիստական կուսակցությունում նրանց ներկայությունը կազմում է 26%, այլ կերպ ասած` ամեն 4-ից 1-ը: Թեև այս կուսակցության կազմում ընտրություններին կմասնակցի նաև «Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունը, վերջինից առաջադրվել է միայն մեկ թեկնածու: Երկու սեռերի ներկայացվածության ամենաքիչ տարբերությունը Ազատ դեմոկրատներ կուսակցությունում է, որտեղ կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը 4:5 է:
Կանանց և տղամարդկանց թվի մեծ տարբերություն կա նաև պատգամավորի թեկնածուների զբաղմունքների առանձին խմբերում: Տղամարդիկ գերակշռում են ինչպես գործազուրկների ու թոշակառուների, այնպես էլ ձեռնարկատիրությամբ զբաղվողների շարքերում: Սակայն եթե ամեն 3 գործազուրկ թեկնածուից 2-ն են արական սեռի, իսկ ամեն 4 թոշակառուից 3-ը, ձեռնարկատերերի դեպքում ամեն 10 թեկնածուից 9-ը տղամարդիկ են: Սեռերի տարբերությունը նվազ բևեռացված է կրթության և գիտության ոլորտը ներկայացնողների շրջանում:
Գործազուրկ է ամեն 3 թեկնածուից 1-ը
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուները կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել են իրենց զբաղմունքի ոլորտը: Նրանցից շատերը ուսուցիչներ են, բժիշկներ, պետական կառույցների աշխատողներ, ոմանք ներկայացել են միայն որպես կուսակցությունների ներկայացուցիչներ, զբաղմունքի մյուս ոլորտները բազմազան են` պահակ, անվտանգության աշխատակից, վարորդ, ծրագրավորող, ուսանող, փաստաբան, վարսահարդար, ինժեներ, բարմեն և այլն: Նկատենք, որ պատգամավոր դառնալու համար ավելի շատ մեդիայի ներկայացուցիչներ են առաջադրվել (խմբագիրներ, լրագրողներ և այլն), քան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Չնայած սրան` գործազուրկ է ամեն 3 թեկնածուից մեկը: Նրանք միջինում 47 տարեկան են, մեծ մասը տղամարդիկ են, կուսակցական: Գործազուրկների շարքում է նաև Սեյրան Օհանյանը` պաշտպանության նախկին նախարարը, որն առաջադրվել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համարով:
Թեկնածուներ դպրոցներից և պետական կառույցներից
Կրթության և գիտության ոլորտում աշխատողների միայն 23%-ն է անկուսակցական. մոտավորապես ամեն 5-ից 4-ը կուսակցական են: Մեծ է հատկապես «Հայկական վերածնունդ» և Հանրապետական կուսակցություններից առաջադրվածերի թիվը:
Առաջինի ներկայացուցիչների շարքում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ակադեմիայի ռեկտորը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) ռեկտորն ու պրոռեկտորը, Իջևանի, Գավառի, Մարտունու, Գյումրու մասնաճյուղերի տնօրենները, ակադեմիայի հարևանությամբ գործող Ֆրանսիական և Եվրոպական քոլեջների աշխատակիցներ, տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: Նշենք, որ Հայկական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիական համալսարանի, ԵԿՏԱ-ի և ՀԱՊԿ ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Հանրապետական կուսակցության դեպքում պատկերը նման է, սակայն մի կարևոր առանձնահատկություն է այն, որ այս կուսակցությունից առաջադրված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների 57%-ը հանրակրթական դպրոցների տնօրեններ են:
ՀՀԿ-ի մասին մեկ այլ հետաքրքրաշարժ տեղեկություն. այս կուսակցությունից են նաև պետական հիմնարկներում (խորհրդարան, նախարարություններ, մարզպետարաններ և համայնքապետարաններ) աշխատողների մոտ 40%-ը:
Ստորև ներկայացված է առաջադրված ուժերի պատկերը` ըստ թեկնածուների կուսակցական պատկանելության:
Մեկնաբանել