Street-Art-ը հասավ Վանաձոր. գրաֆիտիներ՝ Վանաձորի շենքերի պատերին
Գայանե Սարգսյան
Վանաձորցիներն ու Վանաձոր այցելող հյուրերն այսուհետ կարող են քաղաքի շենքերի պատերին տեսնել լոռեցի արվեստագետների, քաղաքի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած մարդկանց նկարները, ինչպես նաև Լոռուն բնորոշ կոլորիտային պատկերներ:
Street-Art-ը նման դրսևորումներով ներկայացնելու գաղափարը վանաձորցի Վահե Խաչիկյանի մոտ առաջացել է դեռ տարիներ առաջ:
«Մի ծրագրի շրջանակներում գնացել էինք Ուկրաինա, այնտեղ մեզ տարել էին զբոսնելու ու որպես քաղաքի տեսարժան վայրեր` պատերի վրա նկարված ինչ-որ նկարներ էին ցույց տալիս: Առաջին անգամ հենց այդ ժամանակ մտածեցի` իսկ ինչո՞ւ մենք էլ չունենանք»,- հիշում է Վահեն:

Վերադառնալով Հայաստան ու ուսումնասիրելով տեղի փորձը` Վահեն ու ընկերները, ովքեր նորաստեղծ «Մենք» երիտասարդկան հկ-ի անդամներ են, արձանագրել են, որ Street-Art-ի դրսևորումներ կան ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում:
«Երբ ընկերներով հավաքվում, խոսում էինք, միշտ ասում էինք՝ ինչ հավես ա, որ Գյումրիում պատերի վրա ինչ-որ սիրուն նկարներ են հայտնվում, որ Երևանում բոլոր դալանները գունավոր են, իսկ Վանաձորը մնում է նույն ստոպին: Ինչպես ասում են, բոլորն առաջ են գնում, իսկ մենք մնում էինք նույն տեղում: Բոլորն ասում էին՝ լավ կլինի, որ մեր մոտ էլ լինի, բայց ոչ ոք չէր նախաձեռնում: Որոշեցինք մենք լինենք նախաձեռնողը»,- ասում է Վահեն:

«Սկզբում նախատեսել էինք վանաձորցի հայտնիների նկարներն ունենալ, հետո որոշեցինք նեղ շրջանակից դուրս գալ ու ներկայացնել լոռեցի հայտնիներին, նպատակ ունենալով բարձրացնել նրանց մասին մարդկանց՝ հատկապես երիտասարդների ու երեխաների տեղեկացվածության մակարդակը»,- նշում է թիմի անդամ Թաթուլ Ղազարյանը:
Ճանաչված լոռեցիների դիմանկարները պատկերելու համար փողոցների ու շենքերի ընտրությունը կատարվել է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի հետ համատեղ:
Երկար մտածելուց հետո երիատասարդները որոշել են առաջ շարժվել միաժամանակ երկու ուղղությամբ: Հայտնիների նկարներից զատ շենքերի պատերին կհայտնվեն նաև ՏԻՄ օրենքին ու մասնակցային կառավարմանը վերաբերող գրառումներ:
Թիմի անդամները վստահեցնում են՝ դրանք պետք է լինեն կարճ, ժողովրդին հասկանալի լեզվով, առանց ավելորդ տերմինաբանության:
«ՏԻՄ պարտականությունների ու սեփական իրավունքների մասին իրազեկվելով քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել համայնքի կառավարմանը, հանդես գալ առաջարկություններով: Շատերն, օրինակ, նույնիսկ չգիտեն, որ իրավունք ունեն մասնակելու ավագանու նիստերին: Նման ինֆորմացիայի տարածումը հանրամատչելի ձևով կնպաստի երիտասարդների ակտիվացմանը»,- նշում է Գայանե Թունյանը:
«Գրաֆիտիներից մեկն այսպիսին է՝ քո ձայնը կարևոր է: Եթե այս միտքն ամեն օր աչքիդ առաջ է, ամեն օր այդ հատվածով անցնելիս այդ գրառումն ես տեսնում, այն աստիճանաբար սկսում է ազդել քո ենթագիտակցության վրա», - կարծիք է հայտնում Վահեն ու անկեղծանում՝ պատկերած գրաֆիտիներն առաջին հերթին ազդել են հենց իրենց վրա:

Երիտասարդները կարողացել են ծրագիրը կյանքի կոչել ՀԿ կենտրոնի կողմից իրականացված դասընթացներին մասնակացելու, մրցունակ դրամաշնորհային ծրագիր գրելու ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից փոքր դրամաշնորհ ստանալու արդյունքում:
Լոռեցի մեծերին պատկերելու հարցում երիտասարդներին աջակցում են տեղացի նկարիչները: Առաջին՝ Հովհ. Թումանյանի դիմանկարի հեղինակները Սենիկ Մանուկյանն ու Համլետ Հակոբյանն են: Առաջիկայում թիմին կաջակցեն նաև գյումրեցի նկարիչները, ովքեր այս ոլորտում ավելի մեծ փորձ ունեն:
Երիտասարդները համագործակցության են հրավիրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել հարազատ քաղաքը գեղեցկացնելու գործին:
«Յուրաքանյուր նկարիչ իր ձեռագիրն ունի, եթե նկարիչները տարբեր լինեն, քաղաքի նկարներն էլ ավելի բազմազան կլինեն»,- ասում է Գայանեն:
Երիտասարդների նախաձեռնությունը քաղաքում ոչ միանշանակ է ընդունվել: Դա թիմի անդամները կապում են նաև նախընտրական շրջանի հետ:
«Գրաֆիտի ենք անում, մոտենում են, թե ո՞ւմ պատվերն եք անում, ո՞ւմ համար եք աշխատում: Ստիպված ենք լինում բացատրել, որ որևէ մեկի համար չենք անում, այլ մեր քաղաքի,- ասում է Վահեն ու կարծիք հայտնում,- Վանաձորում մարդիկ սովոր են, որ միշտ ինչ-որ մեկի պատվերով պետք է ինչ-որ բան արվի»:
Երիտասարդների գրառումները ողջունել են հատկապես քաղաքի տարեցներն ու խորհուրդ տվել ավելի մեծ տառերով գրել, որպեսզի լավ տեսնեն: Եղել են նաև աջակցել ցանկացողները: Թիմը բաց է բոլորի առաջ, հատկապես որ նախատեսել են մինչ մարտի վերջն ավարտել գրաֆիտիների պատկերումը ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածում, այլև ծայրամասերում:
«Մինչև հիմա երբ Լոռի տուրիստ էր գալիս, տանում էինք եկեղեցիներ, հետո առավելագույնը անտառ ու վերջ: Հիմա կարող ենք տանել նաև մեր «խոսուն պատերը» ցույց տալ»,- հրաժեշտին ասում է Վահեն:
Երիտասարդներն արվեստի այս ուղղությունը Վանաձորում զարգացնելու հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն, որոնք մտադիր են կյանքի կոչել ապագայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել