
Պատգամավորի թեկնածուն հասարակական տրանսպորտն օգտագործում է իր քարոզարշավում
15 համարի երթուղու ուղևորներին Երևանի Ավան թաղամասից մինչև Դավթաշեն ուղեկցում է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Գագիկ Կոստանդյանի քարոզչական պաստառը: Ընտրական օրենսգրքով, սակայն, արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը հասարակական տրանսպորտի վրա կամ դրա ներսում:
Գագիկ Կոստանդյանը առաջադրվել է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում` «Հայկական վերածնունդ»-ի կողմից: Նա այս քաղաքական ուժի միակ ներկայացուցիչն է, որը կուսակցության անդամ չէ: Կոստանդյանը Ազգային ժողովի պատգամավոր է եղել նաև 1999-2007թթ.: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած նախընտրական ցուցակում նա ներկայացված է որպես «Գոռ» ՍՊԸ խորհրդի նախագահ:
15 համարի միկրոավտոբուսային երթուղին սպասարկում է «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Քաղաքապետարանի հրապարակած տվյալներով` երթուղու կազմում մոտ երկու տասնյակ մեքենաներ են գործում: Ընկերության հիմնադիրը և միակ բաժնետերը Աննա Վանեցյանն է` Գագիկ Կոստանդյանի կինը: «Սփյուռ» տեղեկատվական համակարգի համաձայն` ընկերությունը գործում է «Գոռ» ֆաբրիկայի տարածքում:
«Ի՞նչն է արգելված:- «Հետք»-ի հետ զրույցում հարցրեց Գագիկ Կոստանդյանը, որը ներկայացավ որպես «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի սեփականատեր, - Եթե արգելված է, կհանենք»: Կոստանդյանը նշեց, որ չեն իմացել ընտրական օրենսգրքով նախատեսված այս սահմանափակման մասին:
Նշենք, որ երթուղու միկրոավտոբուսներում այսօր` կանանց միջազգային օրը, վարորդները նաև հրաժարվում էին գումար վերցնել աղջիկներից ու կանանցից` հայտնելով, որ նրանց անվճար են սպասարկում: «Մենք միշտ դա արել ենք, դա ընտրության հետ կապ չունեցող բան է»,- մեկնաբանեց Գագիկ Կոստանդյանը:
Հիշեցնենք, որ «Հետք»-ը հասարակական տրանսպորտում նախընտրական քարոզչության մեկ այլ դեպք էր արձանագրել երեկ. 57 համարի ավտոբուսում պարբերաբար հնչում էր Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արման Սահակյանի նախընտրական հոլովակը: Վերջինս նույնպես այս երթուղին սպասարկող ընկերության սեփականատեր է: Սահակյանի ընտրական շտաբն այսօր արձագանքեց հրապարակմանը` հայտնելով միայն, որ «հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, շտկել է քարոզչության ընթացքում արձանագրված խախտումը»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ընտրական օրենսգրքի խախտման այս դեպքերի մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ օրը աշխատանքային չէ:
Մեկնաբանել