
Ներքին Կարմիրաղբյուրի ջրվարները
Նարեկ Ալեքսանյան
Հակոբ Պողոսյան
Ջրվար, խմելի ջուր բաժանող, ժողովրդին ջուր տվող, ջրի աշխատող.. Հասմիկն ու Գառնիկը փորձում էին իրենց աշխատանքի ճիշտ անվանումը գտնել: Նրանք Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից են: Ամեն առավոտ, ժամը ուղիղ 9:00-ին գյուղի մի քանի թաղամասերի համար խմելու ջուրն են միացնում, փականը բաց են թողնում 45 րոպե, հետո անջատում: Ամենօրյա այդ աշխատանքի դիմաց ամեն ընտանիքից նրանք ամսական ստանում են 300 դրամ:
«32 օջախի ջուր ենք տալիս»,- ասում է Գառնիկը:Բացի այդ աշխատանքից ամռան ամիսներին նրանք աշխատում են որպես հովիվ:
Չնայած իրենց տունը և ջրի փականները գյուղի ծայրում են, հակառակորդի դիրքերին մոտ և նշանառության տակ, հովվի աշխատանքը, Հասմիկի խոսքերով, ավելի վտանգավոր է, քանի որ ոչխարներին արածացնելիս, կրակոցներն ավելի մոտ են լսվում, բաց դաշտում:
Գառնիկ Մելքումյանն ու Հասմիկ Աբազյանը
գ. Ներքին Կարմիրաղբյուր
Առավոտյան 09:00, ջուրը միացնելու ժամանակն է:
Ամուսինները երկուսն էլ 1959 թվականին են ծնվել, կենսաթոշակ կարող են ստանալ միայն 5 տարուց: Նպաստառու չեն, միայն Հասմիկն է տարվա մեջ 3 անգամ 17 հազար դրամ քվոտա ստանում՝ հորը խնամելու համար:
Հասմիկն ու Գառնիկը չեն մտածում գյուղից ու իրենց տնից ուրիշ տեղ գնալու մասին: «Աստված ոչ անի, մի արտակարգ դեպք լինի, հրդեհ լինի, բա ժողովրդին ջուր տվող չլինի՞»,- ասում է Հասմիկը:
Մինչև սահման մի քանի հարյու մետր է:
Սպասելով կրակոցների դադարելուն:
Մեկնաբանել