
Երկու ավտոմեքենա կնվիրաբերվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
Կառավարությունը այսօրվա նիստում չքննարկվող կարգով որոշեց բավարարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի` գործադիր ներկայացրած որոշման նախագիծը, որով որպես նվիրատվություն Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Սեյվ Դը Չիլդրեն Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ այս նախարարությանը կհանձնվի երկու մարդատար ավտոմեքենա։ Դրանցից մեկը 2004 թվականի թողարկման «Մերսեդես բենց Վիանո» է, մյուսը՝ 2016 թվականի «Ֆորդ տրանզիտ»։
Համաձայն կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը իր գործառույթներն իրականացնում է 51 զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով, սակայն ունի ոչ բավարար տրանսպորտային հագեցվածություն։
Նախագծում ասվում է, որ այդպիսով կապահովվեն նախարարության աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացները, մասնավորապես՝ հնարավորություն կտրվի բարձրացնել բնակչության շրջանում զբաղվածության ծրագրերի իրազեկվածության մակարդակը, իրականացնել աշխատանքային միգրանտների և հաշմանդամների կարիքների գնահատում, առավել արդյունավետ կերպով կաշխատեն հեռավոր մարզերի աշխատանքային միգրանտների և հաշմանդամների հետ։
Մեկնաբանել