
«Երբ պատմությունը փորփրում ես ու տեսնում ես, որ մաքուր չի այն, ավելի ես վիրավորվում»
«Նարեկ» հոգեբանական ծառայություների կենտրոնը Գյումրիում սկսեց գործել 88 թ.-ի դեկտեմբերյան աղետից հետո: Կենտրոնը բացվեց «Էմ էս սեֆ Ֆրանսիա»` բժիշկներ առանց սահմանների կազմակերպության կողմից 1989 թ.-ին: Ավերակների վերածված քաղաքում ամենահարմար շինությունը, որ ընտրվեց «Նարեկի» համար, նախկին թիվ 5 մանկապարտեզն էր: Կենտրոնը գործեց մինչեւ 2005 թ.-ը, այնուհետեւ օպտիմալացման անվան տակ փակվեց: «Նարեկի» իրավահաջորդը դարձավ «Արեւամանուկ ընտանիքի եւ խնամքի հիմնադրամը»:
Տկն Արմինե Գմյուր-Կարապետյան, Դուք ղեկավարել եք «Նարեկ» կենտրոնը ստեղծման օրվանից մինչեւ փակվելը, այժմ էլ «Արեւամանուկ» հիմնադրամի գործադիր տնօրենն եք: Ինչպե՞ս ընդունվեց այն տարիներին հոգեբանական ծառայությունների կենտրոն ունենալու գաղափարը Գյումրիում:
Երկրաշարժ էր տեղի ունեցել ու մարդիկ հոգեկան աջակցության կարիք ունեին: «Նարեկ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը բացվեց, որովհետեւ չկային հոգեբանական ծառայություններ եւ կենտրոններ ընդհանրապես ողջ Սովետական Միությունում: Դժվար էր, որովհետեւ չկային պրակտիկ եւ կլինիկական հոգեբաններ: Հոգեբանության ֆակուլտետներ կային, բայց դա սովետական հոգեբանությունն էր, որը ծառայում էր նրան, որ սովետական երկրում սովետական մարդ ձեւավորվի: Անհատական մոտեցման, անհատի զարգացման, այսինքն՝ ազատության, բարեկեցության, հոգեբանական մակարդակով մեր երկիրը շատ հեռու էր մնում արեւմուտքից: Մենք շփվեցինք արեւմուտքի առաջադեմ դպրոցներից կամ ուղղություններից մեկի հետ, սկսվեց բուն աշխատանքը: Աշխատում էինք, սովորում էինք, դասախոսություն էինք լսում, վերլուծություններ էինք կատարում, համադրություններ էինք անում: Ֆրանսիացի մասնագետները մեր կողքին էին, դա տեւեւց մոտավորապես 18 ամիս, որից հետո նրանք կենտրոնը հանձնեցին կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ պահին մենակ էդ նախարարությունն ընդունեց կենտրոնը, որովհետեւ առողջապահության նախարարությունն ինչ-որ մի կենտրոն արդեն ուներ Երեւանում, «Սթրես» կենտրոնի մասին է խոսքը, սոցապ նախարարությունն էլ ինչ-որ մի կենտրոն ուներ եւ մենք կրթության եւ գիտության նախարարության ֆինանսավորմամբ մտանք համակարգ, դարձանք պետական բյուջեով ֆինանսավորվող հաստատություն մինչեւ 2005 թ.-ը:
Կենտրոնը կոչվում էր պատանիների եւ երեխաների «Նարեկ» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Դա նշանակում էր, որ միայն որոշակի տարիքի մարդկանց համար էր այն նախատեսված: Մի՞թե աղետն իր հետքը չէր թողել մեծահասակ բնակչության վրա:
88-ի երկրաշարժից հետո կենտրոն բերում էին հիմնականում երեխաների, բայց դա չէր նշանակում, թե մենք պատրաստ չէինք օգնելու մեզ դիմող մեծահասակներին, բայց նրանց թիվը քիչ էր: Ծնողները համարում էին, որ այդ ծառայությունների անհրաժեշտություն զգում են առաջնահերթ երեխաները: Մենք ինքներս էինք ծնողներին առաջարկում «իսկ դուք չե՞ք ուզենա ինքներդ մտնել հոգեբանի մոտ»: Հիմնականում մեզ մոտ բերում էին երեխաների հետսթրեսային խանգարումների ամենատարբեր դրսեւորումներով: Երեխաների շրջանում շատ էր գիշերամիզությունը, կակազությունը: Հետո նվազում նկատվեց այդ հիվանդությունների: 90-ականների կեսերին անչափ շատ էին արդեն մանկական նեւրոզը, իսկ 1995-96 թթ.-ից սկսած՝ մեզ արդեն մեծահասակներն էին դիմում: Եվ հիմնական դիմողներն էլ կանայք են եղել: Տղամարդիկ միշտ խուսափել են դիմելուց: Հատկապես մեր մարզում արական սեռը դժվարություններ ունի հոգեբանի դիմելու, հոգեբանական կենտրոն մտնելու:
Իսկ ինչու՞ այնուամենայնիվ այդքան արդյունավետ աշխատանք իրականացնող կազմակերպությունը փակվեց կամ ավելի ճիշտ կլինի ասել, փակեցին:
Դե, այն ժամանակ նախարարությունն ընդունեց մի բան, որ իրական արժեքն այդպես էլ չհասկացավ: Չգիտեր, թե ինչ էր դա, չգիտեր՝ ինչպես վարվել նրա հետ: Դա նույնն է, որ անծանոթ մի խաղալիք տաս երեխային, ու նա շվարած չիմանա, թե ինչ անի այդ խաղալիքի հետ: Կրթության եւ գիտության նախարարությունը չէր զգում, որ սա լուրջ ծառայություն է եւ հիմք մի շատ կարեւոր բանի: Ու չես էլ մեղադրի, որովհետեւ այնքան հեռու էինք մենք հոգեբանությունից: Մինչեւ հիմա մարդիկ հոգեբանին շփոթում են հոգեբույժի, միստիկի կամ աստղաբանի հետ: Մեր մոտ հոգեկան առողջության եւ մասնագետների վերաբերյալ եղած գրագիտությունը շատ քիչ է: Մի խոսքով, մենք աշխատեցինք 14 տարի, ու գեղեցիկ մի օր, շատ հանգիստ, մի ձեռքի շարժումով այդ կենտրոնը փակվեց: Փակվեցին նաեւ այն երկու կենտրոնները Հայաստանում, որոնք գործում էին Վանաձորում եւ Ստեփանավանում, որ կրկին բացվել էին աղետից հետո միջազգայն կազմակերպությունների կողմից: Ինչու՞ դա տեղի ունեցավ, եւ գոյություն ունեցող հոգեբանական 3 կենտրոններն էլ փակվեցին: Դա Վանաձոր-Ստեփանավանի կենտրոնն էր, որ միացյալ կոչվում էր Լոռու մարզի հոգեբանական ծառայությունների կենտրոն, դա Երեւանի կենտորնն էր եւ Գյումրիինը: Պատմությունը շատ տխուր է, ու ես կասեի՝ խայտառակ: Չեմ կարող չպատմել, որովհետեւ օպտիմալացման անվան տակ այդ տարածքները պարզապես դարձան ինչ-որ մարդկանց սեփականությունը: Ստեփանավանի եւ Վանաձորի կենտրոններն ունեին շքեղ պայմաններ: Դրանք գտնվում էին անտառներում, գեղեցիկ շենքերում, որոնք կառուցվել էին արտասահմանցիների կողմից: Եվ յուրաքանչյուր բարձր պաշտոնյա Հայաստանի պայմաններում երեւի կերազեր ունենալ դրանք որպես հյուրանոց կամ որպես առողջարանային ինչ-որ մի տարածք բիզնես զարգացնելու համար, ու օպտիմալացում կոչվածի ամբողջ հիմքը դարձան հենց այդ շենքերը: Նպատակը դրանց ձեռք գցելն էր:
Լավ, այդ դեպքում ինչու՞ փակվեց նաեւ Գյումրիի կենտրոնը, եթե խնդիրը շինություններն էին: Չեմ կարծում, թե մանկապարտեզի հին շենքը այդքան հրապուրիչ լիներ որեւէ մեկի համար:
Գյումրիի կենտրոնն էդ չվերանորոգված, մանակապարտեզի խղճուկ շենքում էր ու ճիշտ նկատեցիք, ինքը որեւէ բանով չէր հրապուրի որեւէ մեկին; Հիմա հո չէի՞ն ասելու, թե փակում են միայն Ստեփանավանի եւ Վանաձորի կենտրոնները, աղմուկը մեծ կլիներ, պիտի օպտիմալացման քողի տակ դա արվեր, որովհետեւ փակվեց անգամ Երեւանի նորաստեղծ հոգեբանական կենտրոնը: Դրանք լուրջ կենտրոններ էին, արդեն ձեւավորվել էր դպրոց, դրսի մասնագետների հետ էին աշխատում, էստեղ հոգեբանությունն այլ ճանապարհով էր գնում, քան այլ տեղերում: Հիմա այդ տարածքներն ունեն իրենց սեփականատերերը, դրանք որպես հանգստի գոտի եւ հյուրանոցներ են ծառայում, չկան հոգեբանական կենտրոններ: Ստեփանավանի տնօրենը՝ շատ հարգարժան Բեջանյան Արմենը, հետագայում Երեւանում ստեղծեց հոգեբանական ծառայությունների կենտրոն, մենք հիմնեցինք «Արեւամանուկը»: Գիտեք, ամեն ինչ մտքերովս անցնում էր, որ մի օր կկանչեն կասեն փող չունենք, վերջ, լավագույնը օպտիմալացումն է, այն, ինչ երեւում է պաշտոնական թղթերով, կասեն՝ աշխատակազմ կրճատեք եւ այլն, բայց երբ պատմությունը փորփրում ես ու տեսնում ես, որ մաքուր չի այն, ավելի ես վիրավորվում:
Եթե չեմ սխալվում «Արեւամանուկը» ստեղծվել էր դեռ մինչեւ «Նարեկի» փակումը: Դուք այդ մտավախությունը, որ մի օր կդադարեք գործելուց, ավելի վա՞ղ եք ունեցել:
Մենք 2000-ին «Արեւամանուկը» ստեղծեցինք, որովհետեւ ամեն տարի շատ դժվարությամբ եւ դժգոհությամբ էր հանդուրժում նախարարությունը հոգեբանական կենտրոնների գոյությունը: Ամեն տարի մենք տեսնում էինք, թե ինչ դժվարությամբ, ինչ նվաստացումներով է, որքան նվազ գումարների տեսքով է այդ բյուջեն մեզ հասնում, որեւէ հետաքրքրություն չկա, շահագրգռվածություն չկա պետական միջոցներով պահելու այդ կառույցները: Տարեկան 1 մլն դրամից քիչ էին տալիս: Դա շատ փոքր գումար էր, բայց էլի դժվարությամբ էին տալիս: Ինչեւէ, կարեւորությունը չգիտակցվեց: Սա ավելի մեծ խնդիր է, քան էդ շատն ու քիչը փողի: Այ որ էդ կարեւորությունը գիտակցվեր, ու էդ եղած բյուջեն էլ կրճատվեր, դա ավելի հասկանալի կլիներ, քան էն բրուտալ պրոցեսը, որ սկսվեց հոգեբանական կենտրոնների դեմ, որ հոգեբանական կենտրոնները մեզ պետք չեն, որ աղետից շատ է անցել, պատերազմից անցել է, ի՞նչ ենք անում հոգեբանությունն ու հոգեբանի ծառայությունը: Պատճառաբանում էին, թե մեր յուրաքանչյուր ուսուցիչ ու բժիշկ լավ էլ հոգեբան է: Սա խայտառակ պատկերացում էր հոգեբանի ու հոգեբանության մասին: Ու այդպես խայտառակ ձեւով, սակայն «բարձր մակարդակով» լուծարեցին այն, ինչ իրենք չէին ստեղծել: 2000 թ.-ին մենք արդեն ունեինք «Արեւամանուկը»: Այսինքն՝ մենք համ «Նարեկ» հոգեբանական կենտրոնում էինք, համ «Արեւամանուկում»: Մենք միշտ ենք զգացել վտանգ, որ մի օր փակելու են, բայց այն խայտառակ պատմությունը, որի հետ կապվեց կենտրոնների փակվելը, ուղղակի անհավանական էր: Հիմա մենք ունենք 4 հոգեբան, սոցիալական աշխատող եւ հատուկ մանկավարժ: Շատ փոքր խմբով ենք աշխատում: Ինքներս ենք մեզ ֆինանսավորում ու գոյատեւում: Դրանք հիմնականում դրամաշնորհներն են: Մեր եկամուտի ընդամենը 10 կամ 15 տոկոսն է կազմում բնակչության կողմից տրված այցելության վճարները: Անվճարունակ է Շիրակի մարզը, Գյումրին՝ առավել եւս, այցելողների քիչ մասն է ի վիճակի վճարելու, բայց հավատացեք, որ շատ մարդիկ ունեն այս ծառայությունների կարիքը:
Ինչպիսի՞ խնդիրներով են հիմա Շիրակի մարզի բնակիչները դիմում «Արեւամանուկ» ընտանիքի եւ խնամքի հիմնադրամ:
Հիմա հարաբերությունների դժվարություններն են առաջին տեղը գրավում մարդկանց կյանքում, երբ մարդն ուզում է հասկանալ իր որոշումների կայացման լրջությունը, երբ մարդիկ ձգտում են հոգեբանական հարմարավետության, ինքնաճանաչման: Հիմա շատ-շատ է դեպրեսիվ վիճակը կամ հենց ինքը դեպրեսիան: Անչափ շատ են հարաբերությունների դժվարությունները եւ սեռերի, եւ տարիքային առումով: Մեզ դիմում են ծնողներ, ովքեր ունեն հատուկ կարիքներով երեխաներ, եւ իրենք անձամբ ունեն հոգեբանի կարիք, կանայք, ում ամուսինները տարիներով բացակայում են, եւ կան բազմաթիվ խնդիրներ, ներընտանեկան կոնֆլիկտներ:
Հիմա էլ, ինչպես 90-ականներին, կենտրոնի ծառայություններից օգտվողների մեջ մեծ թիվ են կազմում կանա՞յք:
Այո, կանայք մեծ տոկոս են կազմում: Մեզ դիմած այցելուների միայն 30 տոկոսն են տղամարդիկ: Վերջիններս դիմում են գրեթե նույն խնդիրներով` հարաբերությունների դժվարություն, դիսկոմֆորտ, կյանքում փոփոխություն մտցնելու ցանկություն, դեպրեսիվ վիճակներ եւ այլն: Բայց մի ուրիշ դրական միտում էլ կա: Հիմա էնքան սովորեց քաղաքը հոգեբանին ու հոգեբանական ծառայություններին, որ մեզ մոտ արդեն ուղղորդում են պոլիկլինիկաներից, ոստիկանությունից: Խոցելի մի շարք խմբերի հետ ենք մենք աշխատում: 4 տարի է՝ իրականացնում ենք իրավախախտ անչափահասների հետ կապված ծրագիրը` ուղիղ համագործակցությամբ ոստիկանության անչափահասների բաժանմունքի հետ: Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման տարածաշրջանային ծրագիրն ենք իրականացնում, որին մասնակցում են նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը: Մենք Ղարաբաղյան պատերազմից հետո անհայտ կորածների ընտանիքների հոգեբանասոցիալական աջակցության ծրագիր ենք անում միջազգային Կարմիր խաչի հետ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Ունենք 22 տարվա արխիվ, փաստաթղթավորվում ենք գործերը, մեր կենտրոնում պահպանվում են ամենակարեւոր մասնագիտական սկզբունքները` չվնասելը եւ գաղտնիությունը: Ունենք աշխատանքային սկզբունքներ, որ որդեգրել ենք շատ տարիներ առաջ եւ որից փորձում ենք ոչ մի քայլ չշեղվել, նաեւ կա որոշակի հեղինակություն, որ կրկին մեր աշխատանքի արդյունքն է: Շատ կուզենայի, որպեսզի հոգեբանական փոքրիկ մի ծառայություն 2 հոգեբանով գործեր պետպատվերի շրջանակում, այդպիսով մենք կկարողանայինք ավելի շատ մարդկանց օգնել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել