HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային փոքրամասնություններն ուզում են լսելի դառնալ. 27 ներկայացուցիչ կպայքարի 4 մանդատի համար

Ազգային ժողովում կլինեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: Քաղաքական 4 ուժ է իրենց ցուցակներում ընդգրկել նրանց: Ազգային փոքրամասնության 27 ներկայացուցիչ կա ցուցակներում:


Create pie charts

2016թ. մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը ազգային փոքրամասնություններին հնարավորություն է տալիս ներկայացված լինել Ազգային ժողովում: Եթե նախկինում դա պարտադիր կերպով ամրագրված չէր Ընտրական օրենսգրքում, ապա նոր օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ ընտրություններն ամփոփելիս պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդիները, ռուսները, ասորիները և քրդերը:


Create pie charts

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մանդատները բաշխվում են արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև՝ ըստ յուրաքանչյուր մանդատի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է բանաձևով: Այն կախված է կուսակցության/դաշինքի գործակցից, կուսակցության ցուցակի առաջին մասից հասած մանդատների թվից: Եվ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության: Հավասար գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս կուսակցությունը մանդատը տրամադրում է իր ցուցակի դեռևս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա բաշխման հերթը փոխանցվում է մեծությամբ հաջորդ գործակից ունեցող կուսակցությանը: Եթե նման գործընթացում այլևս հնարավոր չէ բաշխել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատ, ապա համապատասխան մանդատը մնում է թափուր:

Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածով կարգավորվում են կուսակցությունների/դաշինքների համապետական և տարածքային ընտրական ցուցակները: Նշվում է, որ համապետական ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև համապետական ընտրական ցուցակի առաջին մասում:

Օրենքի համաձայն՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Հանրապետական կուսակցությունը ազգային փոքրամասնության 16 ներկայացուցիչ է ընդգրկել իր ցուցակում՝ յուրաքանչյուր ազգից հավասարապես 4-ական: Ընդհանուր թվից 5-ը Հանրապետական կուսակցության անդամներ են, մյուսները՝ անկուսակցական: 

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը յուրաքանչյուրից մեկական ներկայացուցիչ է ընդգրկել: «Հայկական վերածնունդ»-ը ներկայացրել է ազգային 3 փոքրամասնությունների ներկայացուցչի՝ բացառությամբ քրդերի: «Ծառուկյան» դաշինքը` նույնպես: 

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չեն ընդգրկել «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Ազատ դեմոկրատները», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, Կոմունիստական կուսակցությունն ու ՀՅԴ-ն:

«Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ի նախագահ Սաիդ Ավդալյանը ներկայացնելու է ազգային փոքրամասնության ամենամեծ՝ եզդիական համայնքը՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: Նա նաև ազգային փոքրամասնությունների ամենաերիտասարդ ներկայացուցիչն է՝ 25 տարեկան: Սաիդ Ավդալյանը Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունն այնքան էլ ճիշտ չի համարում, քանզի առանձնացվել է միայն 4 հիմնական փոքրամասնություն, մինչդեռ Հայաստանում ապրում է 11 ազգային փոքրամասնություն: «Կարծում եմ, որ պետք էր տեղ տալ բոլոր ազգային փոքրամասնություններին: Նրանցից ով շատ ձայն կհավաքեր, նա էլ թող անցներ: Գուցե վրացի ներկայացուցիչն ավելի լավ ներկայացներ մյուս բոլոր ազգային փոքրամասնություններին, քան եզդին: Բացի դրանից, եզդիական համայնքն ամենամեծը լինելով՝ ավելի քան 35 հազար ենք, պետք է նույն քանակի ներկայացուցիչ ունենա, ինչ քրդականը կամ ասորականը, երբ նրանց թիվը 3000-ի չի հասնում: Դա նույնպես ճիշտ չէ»,- ասում է Սաիդ Ավդալյանը:

Սաիդ Ավդալյանը, եթե դառնա պատգամավոր, ԱԺ-ում պատրաստվում է արծարծել ինչպես եզդիական համայնքի խնդիրները, այնպես էլ հայ ազգաբնակչությանը հուզող հարցերը: Որպես եզդի պատգամավոր՝ փորձելու է քաղաքական մակարդակով լուծում տալ եզդիների խնդիրներին, ինչը չէր կարող արվել հասարակական կազմակերպությունների միջոցով: Այդ պատճառով եզդիական համայնքի՝ քաղաքական դաշտ մուտք գործելը կարևոր քայլ է համարում:  

«Հայաստանի եզդիական համայնքի կարևորագույն խնդիրներից մեկը եզդի ժողովրդի սոցիալական կենսամակարդակի անբավարար վիճակն է: Ես համայնքի ներսում ման եմ գալիս և տեսնում եմ, որ իմ համայնքի մոտ 90 տոկոսը ապրում է սոցիալապես անապահով վիճակում»,- ասում է երիտասարդ եզդի ներկայացուցիչը:

Նա առանձնացնում է նաև կրթական հարցերը. համայնքին առանձին անվճար տեղեր է պետք հատկացնել: Պետք է իրականացվեն եզդիերեն դասընթացներ եզդի երեխաների համար: Չնայած նշում է, որ եզդիերենը դասավանդվում է դպրոցներում, սակայն պետք է դրան լուրջ մոտենալ, և պրոֆեսիոնալ մանկավարժներ զբաղվեն եզդիերենի ուսուցմամբ:

Սաիդ Ավդալյանն ԱԺ իր մուտքից հետո զբաղվելու է եզդիների ցեղասպանության բանաձևի ընդունման հարցով: Մի քանի անգամ ԱԺ-ում ԲՀԿ-ի պատգամավորները բարձրացրել են այդ հարցը, սակայն իշխանությունն այն չի ընդունել: Սաիդ Ավդալյանը հավատում է, որ «Ծառուկյան» դաշինքը մեծամասնություն է կազմելու գալիք ԱԺ-ում, և որևէ բանաձևի ընդունման համար, այդ թվում` նաև ցեղասպանությունների վերաբերյալ, մեծամասնությունն իրենք են քվեարկելու:

Արարատի մարզպետի 70-ամյա խորհրդական, ասորի Ալբերտ Յակուբովը ՀՀԿ-ի ցուցակում է, նաև ՀՀԿ անդամ է: Վերջինս փառք ու պատիվ է տալիս ՀՀ իշխանություններին, որոնք ամեն ինչ արել են ասորիների լավ զգալու, լեզուն սովորելու և ավանդույթները չմոռանալու, իրենց ազգային ինքնությունը պահպանելու համար:

«Ոչ մի երկրում պետական հովանավորություն չկա կոմպակտ ապրող ասորիների՝ իրենց լեզուն սովորելու համար, միայն Հայաստանում է, որ պետական մակարդակով լուծված է այդ հարցը: Կոմպակտ ապրող գյուղերում ասորիներն անցնում են ասորերեն լեզուն»,- ասում է թեկնածուն: Ավելին, Ալբերտ Յակուբովը շեշտում է այն հանգամանքը, որ ասորերենի ուսուցիչը ստանում է այնքան, որքան պետական լեզուն դասավանդող ուսուցիչը: Ավելին, ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքներն ամրագրված են Սահմանադրությամբ, իսկ այն գյուղերում, որտեղ ապրում են ասորիները, նույն խնդիրներն են, ինչ որ հայկական գյուղերում կան:

Եթե Ալբերտ Յակուբովն ընտրվի պատգամավոր, նա խորհրդարանականի իր կարգավիճակը մտադիր է օգտագործել ասորական մշակույթի զարգացման նպատակով:

«Իմ երազանքն է, որ Հանրային հեռուստատեսության «Երգ-Երգոց»-ով ասորական երգ հնչի, ավելի շատ ասորիների մասին հաղորդումներ լինեն: Դրա լինել-չլինելու հարցում ոչ թե մեղավոր են իշխանությունները, այլ հենց մենք՝ ասորիներս: Պիտի ինքդ ասես, ինքդ բերես այդ նյութերը»,- ասում է ասորի թեկնածուն:

Պատգամավորի իր կարգավիճակն օգտագործելով՝ Ալբերտ Յակուբովը մտադիր է նաև ներգրավել արտասահմանում ապրող մեծահարուստ ասորիներին, որոնք որևէ բանով օգտակար կարող են լինել Հայաստանում ապրող ասորիներին՝ դպրոց, ջրագիծ վերակառուցեն և այլն:

Իր շանսերը գնահատելիս Ալբերտ Յակուբովը նշում է, որ ինքը ՀՀԿ անդամ է, իշխանամետ ու պետականամետ մարդ է: Ծնվել և մեծացել է Հայաստանում և ուզում է ինչ-որ բան անել իր երկրի՝ Հայաստանի համար: Պատրաստ է նաև ամեն ինչ անել, որպեսզի Արարատի մարզում ՀՀԿ-ն հաղթանակ տանի:

Քրդական «Զագրոս» պաշտոնաթերթի 26-ամյա խմբագիր Լիաննա Մհոյանը ևս առաջադրվել է ՀՀԿ ցուցակով: Անկուսակցական է: Թեկնածուն նշում է, որ ողջունելի է ազգային փոքրամասնություններին տեղ տալը ԱԺ-ում: Ասում է, որ քրդերը միշտ էլ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են եղել, չեն բողոքում կառավարության կողմից անտեսված լինելուց: Պետությունը գրքեր է հրատարակել քրդերենով, ինչը ևս ողջունելի է: Սակայն Լիաննան նշում է, որ իրենք կուզենային ունենալ անհատական ուսուցման տեղ, ինչպես բոլոր ազգերը: Մեծ է նաև քրդական հեռուստաընկերություն ունենալու ցանկությունը, սակայն սկզբի համար կբավարարեր նաև մեկժամյա հեռուստաեթերը՝ որևէ հեռուստաընկերությամբ:

Այսօր Հանրային ռադիոն 45-րոպեից 1 ժամ եթեր է տրամադրել քրդերին, հրապարակվում է նաև «Զագրոս» թերթը, սակայն Լիաննան կարծում է, որ հեռուստաեթերը այլ ազդեցություն կարող է ունենալ: «Մենք մեծ ցանկություն ունենք մեր մշակույթը ի ցույց դնենք բոլորին, մարդիկ իմանան մեր մշակույթի մասին, մեր ավանդույթների, մտածելակերպի մասին: Ճիշտ է, մենք չունենք պետություն, բայց մենք կրթված ազգ ենք մեզ համարում»,- նշում է երիտասարդ քուրդ թեկնածուն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից Գայանե Մալիշենկոն խաղաղության ուղերձով է ուզում մուտք գործել Ազգային ժողով՝ ներկայացնելով ռուսներին: 27-ամյա լեզվաբան-թարգմանիչն ասում է՝ քանի որ առաջադրվել է ՀԱԿ-ից, իսկ ՀԱԿ-ի նշանաբանը խաղաղությունն է, ինքն էլ, որպես ռուսների ներկայացուցիչ Հայաստանում, խաղաղության կողմնակիցն է, քանի որ Հայաստանում ապրող ռուս տղաները ևս գնում են սահման և մահանում հայ տղաների նման՝ որպես Հայաստանի քաղաքացի: Այսինքն՝ Գայանեի նպատակն է նպաստել Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը: Գայանեն վստահ է, որ ինչքան շատ մարդ պայքարի մի գաղափարի համար, գաղափարի իրագործումը շատ ավելի հավանական կդառնա:

«Ես առաջադրվել եմ, որպեսզի իմ ձայնը, որպես ռուսական համայնքի ներկայացուցիչ, լսելի դառնա, որ մենք կարողանանք ինչ-որ բան փոխենք դեպի խաղաղություն տանող ճանապարհին: Մենք բոլորս պիտի համախմբվենք և պայքարենք Հայաստանի խաղաղության համար»,- ասում է Գայանեն:

Գայանեն նաև հավելում է, որ ռուսական համայնքը Հայաստանում տուժում է ռուսական կրթության տեսակետից: «Ես ռուսերեն եմ խոսել տանը և գնացել եմ դպրոց, սովորել եմ հայերեն, կուզենայի, որ ռուսական կրթությունն ավելի բաց ու հասանելի լիներ ռուսների համար: Տարրական դպրոցներից սկսած` կուզենայի, որ լինեին ռուսական դասարաններ: Ռուսական դպրոցներն ունեն մի մեծ խնդիր, որ սահմանափակումներ են դնում: Օրինակ՝ մարդիկ, ովքեր արմատապես՝ տատիկ-պապիկներն են ռուսներ, բայց ծնողները խառնվել են և այժմ ունեն հայկական ազգանուն, չունեն ռուսական ազգանուն, իրենց համար մուտքը փակ է»,- ասում է նա:

 Առաջին լուսանկարը` Ալագյազ գյուղի հարսանիքից, հեղինակ` Նարեկ Ալեքսանյան: Զրուցակիցների լուսանկարները` իրենց ֆեյսբուքյան էջերից և Արարատի մարզպետարանից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter