
Մարտի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է
Կանանց տոնի նախօրեին ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ, հաշվի առնելով նախորդ տարվա պատահաների թիվը, ինչպես և մարտի 8-ին Երևանի և հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթևեկը, իրականացնելու է ուժեղացված ռեժիմով հսկողություն և վարորդներին կոչ արեց մեքենան վարել բացառապես սթափ վիճակում։
Արդեն երեկ ոստիկանությունը ներկայացրեց մարտի 8-յան ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տեղեկատվություն։
Այդ տվյալներով՝ նախորդ տարվա մարտի 8-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 7-ով, վիրավորների թիվը՝ 17-ով։
Այսինքն՝ այս տարի մարտի 8-ին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 10 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, բացահայտվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 40 դեպք։
Հավելենք, որ 2016 թ. մարտի 8-ին հանրապետության տարածքում գրանցվել էր ճանապարհատրանսպորտային 13 պատահար, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել 27 քաղաքացի։
Մեկնաբանել