HY RU EN

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ քաղաքական ուժերի պատկերացմամբ-2

Սկիզբը

Շարունակում ենք ներկայացնել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրային դրույթները կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Իշխող Հանրապետական կուսակցությունը նախընտրական ծրագրով ևս կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը: Թեև կուսակցությունը վերջին մոտ երկու տասնամյակում ունեցել է բոլոր լծակներն այդ երևույթի դեմն առնելու կամ հնարավորինս նվազեցնելու համար, սակայն  բավարար արդյունքի չի հասել:

Եվ ահա առաջարկում է լուծումներ, որոնց ապագան մշուշոտ է:

Օրինակ՝ առաջարկում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվություն:

Նշենք, որ կառավարությունը դեռևս 2016թ. Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է հայտարարագրերին՝ պաշտոնյաներին վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու մասով: Նախագծերը սեպտեմբերի 28-ին ընդունվել են առաջին ընթերցմամբ:

Եթե դա է ՀՀԿ-ի ներկայացրած ծրագրային թեզը, ապա այն չափազանց մեղմ է և անպտուղ: Մասնավորաեպես՝  վարչական իրավախախտումերի վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծով նախագծով առաջարկվում է, որ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի և եկամուտների հայտարարագիրը դրանք ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում»:

Նաշազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում 200 հազար դրամի չափով:

Բացի այդ, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-400 հազար դրամի չափով:

Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվության, ապա քրեական օրենսգրքում առաջարկվում է կատարել լրացում, ըստ որի՝ վերը նշված նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր դիտավորությամբ չներկայացնելը պատժվում է տուգանքով՝ 1,5-2 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ 2-3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նախագծով սահմանված է, որ նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Արդյոք առավելագույն 3 միլիոն դրամը կարող է զսպող մեխանիզմ լինել, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար, ում դրամական միջոցները 2016թ. կազմել են 342 միլիոն դրամ և 8 միլիոն 100 հազար դոլար, կամ՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի համար, ում եկամուտները նշված տարում կազմել են 185 միլիոն դրամ և այլն:

Ինչու ենք շեշտը դնում տուգանքի վրա, քանի որ վերջին մի քանի տասնամյակների պրակտիկան ցույց է տվել, որ ազատազրկման ձևով պատիժներ հիմնականում կրում են խանութից 20 հազար դրամ արժողության հագուստ, մեկ պարկ ալյուր գողացողները: Իսկ պաշտոնյաների դեպքում «պատիժը» պաշտոնից հեռացնելն ու որոշ ժամանակ անց ավելի «յուղոտ» պաշտոնի նշանակելն է:

Կուսակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է նաև ապահովել «ապօրինի հարստացմն» հանցակազմի կիրառումը: Սա այն դեպքում, երբ ապօրինի հարստացման մեջ կասկածվող պաշտոնյաներ, որոնք, օրինակ՝ օֆշորային սկանդալների մասնակից են եղել, ընդգրկված են կուսակցության ցուցակում:

ՀՀԿ-ն առաջարկում է նաև ապահովել հակակոռուպցիոն ինստիտուտցիոնալ  համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով: Բացի այդ, ապահովել հակակոռուպցիոն  կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը:

Իհարկե, այսօր էլ որոշ չափով կա այդ հաշվետվողականությունը: Օրինակ՝ վերահսկիչ պալատն ամեն տարի Ազգային ժողովում ներկայացնում է տարեկան հաշվետվություն և բարձրաձայնում, որ փոշիացվել են պետական միջոցները, գումարների մի մասը նպատակին չեն ծառայել: Նույնիսկ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ով այսօր պատգամավորության թեկնածու է «Ծառուկյան» դաշինքով, խորհրդարանի ամբիոնի մոտ թափահարում էր շուկայականից մի քանի անգամ թանկ գնված մալուխի կտորները, սակայն քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պատժվել դրանից հետո, քանիսի գույքն է բռնագանձվել, որպես գողացված պետական միջոց…իհարկե, դժվար է նման դեպք հիշել: Մի քանի «մանր» չինովնիկներ պատժվել են, որոնք էլ դարձել են զուտ վիճակագրական տվյալ: Նրանց մի մասի նկատմամբ կամ՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ՝  չափազանց մեղմ պատժի են արժանացել:

Որպես կոռուպցիոյի դեմ պայքարի ծրագիր առաջարկվում է նաև բարձրացնել դատական համակարգի ցածր վարկանիշը և բարձրացնել դատավորների նկատմամբ ներկայաումս գոյություն ունեցող վստահության ցածր մակարդակը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում առաջարկել է ընդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին, որը պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերով, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի:

Բացի այդ, կուսակցությունն առաջարկում է շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու քաղաքական, վարչական իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ գործադրել:

Կուսակցության կարծիքով՝ պետական կառավարման համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք: Հանրային ծառայությունը (ներառյալ քաղաքացիական ու համայնքային ծառայությունը) պատիվ է, որին պետք է արժանանան միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տեր անձիք:

«Պետական չինովնիկը, ով կոչված է ծառայելու քաղաքացուն, երբեք չպետք է իրավունք ունենա քաղաքացու հետո խոսել վերևից, ամբարտավան տիրոջ կեցվածքով: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է անձնական պատասխանատվություն կրի իր արածի ու չարածի համար և երբեք փորձ չանի իր պաշտոնական դիրքն օգտագործել անձնական շահի նպատակով: Որևէ պարագայում պետք է բացառվի շահերի բախումը: Միայն այս դեպքում հանրային ծառայությունը, որը պետք է արժանապատիվ վարձատրվի, հրապուրիչ կլինի նվիրված ու բանիմաց կադրերի համար»,-նշված է ՀՅԴ նախընտրական ծրագրում:

Շարունակելի