HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզի հանքարդյունաբերական ձեռնարկություններ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է 2016թ. ֆինանսական ցուցանիշները և 2017թ. կանխատեսումները շուկայի արձագանքի ու ակնկալվող ծավալների վերաբերյալ:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում Կարեն Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել, թե շուկան երբ բարենպաստ կդառնա և կառավարություն ներկայացնել ծրագիր՝ միջոցառումների, ներդրումների և քայլերի որոշակի փաթեթ, որոնք կնպաստեն ձեռնարկության արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել կոմբինատին աջակցության հնարավորությունները: 

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր գործարարները, նման խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ, ներդրողները բավարարված լինեն իրենց եկամտաբերությունից, որովհետև դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը մեր բոլորի բարեկեցիկ ապագան է: Դա աշխատավարձ է, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն և, վերջիվերջո, հարկեր: Սպասում ենք ձեռնարկության ֆինանսական վիճակի առողջացման, բարելավման վերաբերյալ ձեր առաջարկություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ագարակից վարչապետ Կարապետյանն ուղևորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, շրջայց կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին:
Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Սյունիք համայնքում կառուցվող «Սյունիք Ֆուդ» գործարանի տարածքում:

Ընկերությունը նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի և բանջարեղենի պահածոների վերամշակմամբ։ Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքը, արտադրության և արտահանման կանխատեսվող ծավալները: Նշվել է, որ ներդրումային ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 210 աշխատատեղ:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
2016 թվին Հայաստանում արդյունահանվել է 33 մլն տոննա մետաղական հանքանյութ, որից նաև 3.5 տոննա ոսկի են ստացել, բայց՝ պետական բյուջեն սրանից ստացել է ընդամենը 23 մլրդ դրամ (մոտ 46 մլն եվրո): Հասկացա՞ք ինչ է կատարվում. հայաստանցու ազգային հարստությունը՝ ոսկին, հայի քթի տակից տանում են ու մահաբեր պոչամբարներ թողնում, բայց շարքային հայաստանցին շարունակում է մնալ աղքատ-չքավոր:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանից ընդամենը 14 կմ հյուսիս գտնվող մահաբեր ու դեռ մեծացող Արծվանիկի պոչամբարը, որը պատկանում է ԶՊՄԿ-ին, սխալ է կառուցված: Այս պոչամբարն այնքան հսկա է, որ աշխարհի ամենամեծն է համարվում: Քաղաքակիրթ ազգն այսպիսի պոչամբար չի կարող հանդուրժել: Իրեն հարգող ազգը չի կարող հանդուրժել, որ փոքրիկ-չքնաղ Սյունիքում ԶՊՄԿ-ն տարեկան 22 մլն. ՏՈՆՆԱ հանքաքար արտադրի: «Ալյոտիգ» ՍՊԸ-ին պիտի հանձնվեր Սյունիքում գտնվող 3 մեծ պոչամբարների պարունակությունը վերամշակման համար՝ 2015թ. ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքով: Բայց՝ «Ալյոտիգ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու դիմումով վերջերս դատարան է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0022/04/15-ով: Ահա նորից՝ նույն կերպ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀԿ/Կարեն Կարապետյանի քարոզարշավը Կապանում: Մարդ հոգնում է սովետակա՛ն միջոցառումներին նմանվող այս (պարտադրված) թատրոններից: Ամեն ընտրությունից առաջ գալիս ու բլեֆներ են անում. ժողովրդի լեզվով ասած՝ «հավայի խոսողներ» են: Եթե ԻՍԿԱՊԵՍ մտահոգված եք սյունեցու ճակատագրով,ապա Սյունիքում նախ այդ լկտի հանքային մաֆիայի սանձերը քաշեք ու ամեն հանքի ԳՈՆԵ 5-10%-ը համայնքի կամ սյունեցիների սեփականությունը դարձրեք: Խոսքերով չի, ԳՈՐԾՈՎ է: Սյունեցու ապագան Սյունիքի ինքնավարությունն է՝ ռուսավասալ-գողական Երևանից չկախված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter