
Լիցքավորման դիմաց հավելավճար են պահանջում
Վերջին ժամանակներում Հայաստանի մարզերի շատ բնակավայրերում լիցքավորման քարտեր գնելիս կամ հեռախոսը լիցքավորելիս հավելյալ գումար են վերցնում:
«Ինտերնետի համար օրանժի քարտ էի գնում, 7000 դրամ լիցքավորման դիմաց հավելյալ 350 դրամ վերցրին, հարցրի, թե ինչու, խանութում ասացին, որ յուրաքանչյուր 1000 դրամանոց քարտի համար հավելյալ 50 դրամ պիտի վճարեմ, 500 դրամանոցի դիմաց՝ 30: Հետաքրքրվեցի նաև, թե հեռախոսով լիցքավորման դեպքում է՞լ է հավելյալ վճար պահանջվում, ասացին՝ այո. 200-ի դիմաց 40 դրամ»,-պատմում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Մանուշ Դավթյանը:
Եթե Արշալույս գյուղում խնդիրը նոր է, Սպիտակ քաղաքում լիցքավորումը վաղուց արդեն կատարվում է հավելավճարով, բնակիչների խոսքով՝ դեռ անցյալ տարվա վերջից:
Անուշ Մելոյանը առաջին անգամ լիցքավորման դիմաց հավելյալ գումար է վճարել մոտ 4 ամիս առաջ: «Բանակային տղայիս Վիվասելլի համարն էի լիցքավորում՝1000 դրամ, որի դիմաց հավելյալ 50 դրամ վերցրին: Օրինակ 200 դրամի դիմաց 20 դրամ են վերցնում: Սկզբում քիչ տեղերում էր այդպես, հիմա՝ գրեթե բոլոր»:
Ընդ որում հավելավճար պահանջում են բոլոր օպերատորների լիցքավորումներից օգտվելիս, այն դեպքում, երբ օրինակ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայքում հետևյալ գրառումը կա՝
«Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար նախատեսված չէ
09 Փետրվար 2017
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված ՄոբիԴրամի տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում:
Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք» ծառայության և վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը նաև իրականացվում է ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսվարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում:
Մարգարիտա Ղազարյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել