Սարդարապատում ՀՀԿ-ի և Նահապետ Գևորգյանի շտաբերի համար անվճար տարածք են հատկացրել
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին որոշել է Հանրապետական կուսակցությանը և ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Նահապետ Գևորգյանին (Նովո) համայնքային սեփականություն հանդիսացող շինությունից նախընտրական շտաբի համար անհատույց տարածք հատկացնել:
Որոշումը կայացվել է այս տարվա փետրվարի 28-ին: Որոշման հիմք է հանդիսացել Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի առաջարկությունը: Նշենք, որ համայնքապետը Հանրապետական կուսակցության անդամ է:
Աբովյան 72 հասցեում գտնվող համայնքային շինությունից 40 քմ տարածք անհատույց հատկացվել է ՀՀԿ-ին, իսկ Նահապետ Գևորգյանին՝ 20 քմ: Նշված տարածքները օգտագործման է տրվել երկամսյա ժամկետով:
Սա արդեն իսկ անհավասար պայմաններ է ստեղծում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թվով 9 քաղաքական ուժերից 8-ի համար և արտոնյալ պայման՝ Հանրապետական կուսակցության համար:
Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչու է նման որոշում կայացվել հենց Հանրապետական կուսակցության և ՀՀԿ-ական թեկնածուի դեպքում և արդյոք նման արտոնյալ հնարավորությունից կարող են օգտվել նաև մյուս քաղաքական ուժերն ու նրանց թեկնածուները:
Համայնքապետն ասաց, որ Նահապետ Գևորգյանն իրենց համագյուղացին է, «ծնվել, մեծացել է համայնքում», բացի այդ, սատարում է Հանրապետական կուսակցությանը: Բաբկեն Վարդանյանը շեշտեց նաև իր կուսակցական պատկանելությունը՝ ասելով, որ 20 տարուց ավելի ՀՀԿ անդամ է:
«Մենք միշտ եղել ենք իշխանությունների կողքին: Այդ շտաբը, որ հատկացրել ենք, եղել է երաժշտական դպրոցը, որը չէր օգտագործվում, դրա համար էլ անհատույց ենք հատկացրել»,-ասաց Բաբկեն Վարդանյանը:
Նրա խոսքերով՝ «ուրիշ կուսակցություններից չեն դիմել: Հիմա էլ, եթե գան, ցանկություն հայտնեն, ինչ խնդիր ունենք, անհատույց կտանք»:
Մեկնաբանել