HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ին ներկրվել է ամենաշատ կաթի փոշին, հիմնական ներկրողը կաթնամթերք արտադրողներն են եղել

2016-ին Հայաստան է ներկրվել վերջին 7 տարիների ամենամեծ ծավալով կաթի փոշին։ 2010-2016 թվականներին ամենաքիչ կաթի փոշին հանրապետություն է ներմուծվել 2012-2013 թվականներին։ Այս հանգամանքը հավանաբար պայմանավորված է նաև նրանով, որ համաձայն globaldairytrade.info կայքի տվյալների՝ հենց 2012-ից են սկսել աճել կաթի փոշու միջազգային գները` 2013-ին հասնելով առավելագույնին և հաջորդող տարիներին աստիճանաբար նվազելով։

globaldairytrade.info-ի տվյալները վերջին 5 տարիների համար

Համեմատության համար նշենք, որ 2013թ-ի ապրիլին գրանցված ամենաբարձր գինը 3,3 անգամ գերազանցել է 2015թ-ի օգոստոսին գրանցված նվազագույն գնին (5245 և 1590 դոլար համապատասխանաբար):

2014-ից սկսվում է կաթի փոշու միջազգային գնի նվազումը և նույն տարում էլ կտրուկ աճում է կաթի փոշու ներկրումը։ ՊԵԿ-ից «Հետք»-ին տրամադրած տվյալները վկայում են, որ 2010թ-ին Հայաստան է ներմուծվել 1800 տոննա կաթի փոշի, իսկ 2016-ին` 2900 տոննա։

Թե որքանով է կաթի փոշու գնանկումը ազդել կաթնամթերի արտադրության ծավալների ավելացման վրա, դժվար է պարզել, քանի որ թեև կաթնամթերքի արտադրական ծավալները աճել են, բայց վստահորեն չենք կարող ասել, որ դրա հիմնական պատճառը եղել է կաթի փոշու միջազգային գների նվազումը: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների` վերջին տարիներին տարեցտարի ավելացել է նաև կաթի արտադրական ծավալը թե´ գյուղացիական տնտեսություններում, թե´ առևտրային կազմակերպություններում (կոոպերատիվներում), որի արդյունքում 2015-ին գրանցվել է կաթի արտադրման ծավալի ամենաբարձր ցուցանիշը։

ՊԵԿ-ից հայտնել են, որ 2010-2016-ին Հայաստան կաթի փոշի ներկրող հիմնական ընկերություններն են «Մեգա Ֆուդ»-ը, «Գրանդ Քենդի»-ն, «Դուստր Մարիաննա»-ն, «Էլիտ շանթ»-ը, «Պրոդինվեստ-ՏՊԿ»-ն և «ԱրամԳ»-ն։ Սրանք կաթնամթերքի և քաղցրավենիքի, հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերություններ են։

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մեգա Ֆուդ» ընկերությունում մինչև 2012թ. բաժնեմաս են ունեցել Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Այժմ փաստացի բաժնետերը ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանն է՝ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին: 

«Գրանդ Քենդի»-ն Հայաստանի սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին` Հրանտ Վարդանյանի  կողմից։ Ընկերությունն այժմ արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ:

«Դուստր Մարիաննա» ընկերությունը կաթնարդյունաբերության բնագավառում առաջատարներից է։ Ընկերությունը  հիմնադրվել է 1997թ.-ին՝ Տիգրան Վարդանյանի կողմից:

«Էլիտ Շանթ» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1995թ.-ից: Հիմնադիրն է Վարշամ Ղարիբյանը: Ընկերությունը զբաղվում է պաղպաղակի եւ հրուշակների արտադրությամբ։

«Պրոդինվեստ-ՏՊԿ» հիմնադրվել է 2010թ-ին, իսկ «ԱրամԳ» ընկերությունը՝ 1995թ-ին։

Ինչո՞վ է պայմանավորված կաթի փոշու գնանկումը. պարզաբանում է տնտեսագետը

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սննդամթերքի համաշխարհային շուկայում ապրանքների գների տատանումները «բնական երևույթ» է համարում։ Տնտեսագետն ասում է՝ հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, երբ գյուղմթերքների շուկայում որոշակի անկումային տենդեցներ գրանցվեցին, ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ, որն էլ իր հերթին «բերեց» որոշ ապրանքների գների բաձրացման։

Մանասերյանի դիտարկմամբ՝ համաշխարհային շուկայում գյուղատնտեսական մթերքների գները մեծամասամբ բարձրացել են այն պատճառով, որ հատկապես զարգացած երկրներում ֆինանսական ճգնաժամի հետեւանքով պետական բյուջեից ավելի քիչ սուբսիդավորում է եղել. «Արդյունքում չսուբսիդավորվող ապրանքները որպես հետևանք ավելի բարձր գին ունեցան։ Իսկ ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածում տարբեր երկրներ, հատկապես Միացյալ Նահանգները, Արեւմտյան Եվրոպայի, Եվրամիության երկրները կարողացան շտկել իրավիճակը եւ պետական բյուջեից սուբսիդավորմանը ավելի շատ գումարներ ուղղել։ Դրա հետեւանքով գյուղմթերքներ արտադրողները, այդ թվում` կաթի փոշի արտադրողները, կարողացան մասամբ փոխհատուցել ծախսերը՝ ունենալով ավելի ցածր գներ»։

Մանասերյանը պնդում է, որ սննդամթերքի գների նվազումը ինքնըստինքյան տեղի չէր ունենա, եթե պետության կողմից սուբսիդավորումը չլիներ։ Տնտեսագետը սուբսիդավորումը համաշխարհային տնտեսության, հատկապես Հայաստանի նման երկրների համար, «մեծ չարիք» է համարում: Հայաստանի պես այդ երկրները, ըստ նրա, պետական բյուջեում չունեն այդքան մեծ մասնաբաժին, որ կարողանան օգնել գյուղացուն, արդյունքում շահում են նրանք, որոնք գյուղատնտեսության զարգացման համար պետական բյուջեում ավելի շատ եկամտային մաս են նախատեսում։ Տնտեսագետն ասում է, որ ստեղծվում է անհավասար մրցակցություն, որի հետեւանքով այս դեպքում տուժում են անարատ կաթ արտադրողները, ինչին, ըստ նրա, ականատես ենք այսօր:

«Կաթի  փոշու գնանկման հետևանքով ներմուծումը ավելանում է, եւ տեղական արտադրողը տուժում է, հատկապես եթե Հայաստան է գալիս սուբսիդավորված արտադրանք։ Մենք՝ որպես սպառողներ, բնականաբար նախընտրում ենք բնական սննդամթերք, ինչը պակաս մրցունակ է դառնում, երբ շատ էժան գնով կաթի փոշի է ներկրվում եւ դրանից արտադրողները կարողանում են ավելի ցածր գնով կաթնամթերք ստանալ եւ վաճառել։ Բնականաբար, դա շատ բացասական ազդեցություն ունի գյուղացիներից մթերվող կաթի սպառման վրա»,- մեկնաբանում է տնտեսագետը։

Այս իրավիճակում Թաթուլ Մանասերյանը երկու ելք է տեսնում` հովանավորությունը, որը, կարծում է, Հայաստանի համար այդքան հեշտ կիրառելի չէ, և սուբսիդավորումը կամ գյուղացիների համար բարենպաստ պայմանների ապահովումը, որի արդյունքում նրանք կկարողանան ապրանքները ավելի մատչելի գնով հասցնել շուկա՝ սպառում ապահովելով։

Լուսանկարը՝ hksonaraco.in-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter