HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողի գործունությանը խոչընդոտած վանաձորցի կինը տուգանվեց 700 000 դրամի չափով

Գայանե Սարգսյան

Մարտի 13-ին  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ  Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործունեությունը խոչընդոտելու գործով վերջին  դատական նիստը:

Այս գործով վանաձորցի, 32-ամյա  Մարիամ Հովիկի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Նա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող՝ ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող Շողիկ Գալստյանին, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ.Գալստյանին և վերջինիս ձեռքից խլելով «Սամսունգ» տեսակի «SM-J700H/DS» մոդելի բջջային հեռախոսը, դիտավորությամբ հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, ինչպես նաև լրագրողին պատճառել էր նյութական վնաս:

Դատավարության սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանի թույլտվությամբ նախ զեկուցմամբ հանդես եկավ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը:

Հաշվի առնելով քաղաքացի Մ. Ավագյանի արարքի վտանգավոր բնույթը, շարժառիթները, ինչպես նաև պատժի սահմանման համար որպես մեղմացնող հանգամանք դիտարկելով նրա այրի լինելը, խնամքին երկու անչափահաս երեխա ունենալն ու դրական բնութագիրը, դատախազը միջնորդեց նրան մեղավոր ճանաչել 149 հոդվածի 1-ին մասով ու որպես պատիժ սահմանել տուգանք՝ 800 000 դրամի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մ. Ավագյանը Շ. Գալստյանին պատճառված նյութական վնասն արդեն իսկ փոխահատուցել է, դատախազը միջնորդություն ներկայացրեց նաև իրեղեն ապացույց հանդիսացող հեռախոսը ամբաստանյանին հանձնելու մասով:

Ապա ելույթով հանդես եկավ Շ. Գալստյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Նա նախ նշեց, որ վնասված հեռախոսը ամբաստանյանլին տրամադրելու հետ կապված առարկություն չունեն, քանի որ այդ նյութական վնասը լիովին հատուցվել է:

Առաջադրված մեղադրանքի հետ կապված պաշտպանը խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեւոյթւոնը:

«Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը նշանակում է  միջամտություն ազատ խոսքի արտահայտմանը, ընդհանրապես ազատ խոսքի տարածմանը, իսկ այն երաշխավորված է թե՛ Եվրոպական  կոնվենցիայով, թե՛ ՀՀ սահմանադրությամբ: Լրագրողի մասնագիտական, օրինական գոծունությանը խոչընդոտելը նշանակում է  միջամտություն հասարակության տեղեկացված լինելու իրավունքներին ու ընդհանրապես ինֆորմացիայի արտահոսքին:Դա չպետք է խաղ ու պար լինի ու յուրաքանչյուր անձ որոշի, որ հեռախոս վերցնելով, ձայնագրիչ վերցնելով կարող է թույլ տալ իրեն անպատժելի ու արտոնյալ զգալ»,- իր խոսքում նշեց Գ. Բալասանյանը, դատարանին խնդրելով հաշվի առնել վերը նշված հանգամանքներն ու նշանակել օբյեկտիվ պատիժ:

Զեկուցումով հանդես եկավ նաև Հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան Լևոն Գոգինյանը, ապա վերջին խոսքի իրավունքից օգտվեց ամբաստանյալ Մ. Ավագյանը:

«Ես ինձ մեղավոր ճանաչեցի նյութական վնաս հասցնելու համար, որի դիմաց փոխհատուցել եմ, բայց 149 հոդվածի 1-ին մասով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց նա:

Ապա դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Րոպեներ անց վերադառնալով, դատավոր Ս. Բաղդասարյանը հրապարակեց վճիռը.

«...դատարանը վճռեց ամբաստանյալ Մ. Ավագյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրան դատապարտել տուգանքի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի՝ 700 000 դրամի չափով, նրան զրկելով պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից մեկ տարի ժամկետով»:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Հիանալի է: Անհավատալի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter