
Նոր ինքնորոշումից մինչև անկախության ճանաչում՝ տարածքային զիջումների դիմաց. ԼՂ հիմնահարցը նախընտրական ծրագրերում
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկային օրերը վկայեցին, որ թե՛ ընտրական մարաթոնին մասնակցող քաղաքական ուժերը և թե՛ հասարակությունը բացարձակապես ոչ մի նշանակություն չեն տալիս նախընտրական ծրագերին: Մասնակից ուժերի ճնշող մեծամասնությունը, ներառյալ` իշխանական, դրան մոտեցել են որպես ընտրարշավային ատրիբուտի՝ զուտ նրա համար, որպեսզի չմեղադրվեն ծրագիր, տեսլական չունենալու մեջ: Իսկ հասարակությանը ծրագրերը չեն հետաքրքրում ոչ միայն այն պատճառով, որ դրանք կարդալու, համեմատելու ցանկություն ու «հավես չկա», այլև որովհետև ոչ ոք չի հավատում ծրագրերին և նրան, որ քաղաքական ուժերն առհասարակ իշխանության են գալիս նախընտրական ծրագրերն ու խոստումներն իրագործելու համար:
Եվ այնուամենայնիվ, այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ դրա արդյունքնում ձևովորված խորհրդարանը, ի տարբերություն նախորդների, ֆորմալ առումով լինելու է իշխանության կրողը: ԱԺ անցնելու և իշխանություն ձևավորելու հավակնություն ներկայացրած ուժերը, ուզեն թե չուզեն, կանգնելու են իրենց ծրագրերի համար քաղաքական պատասխանատվության փաստի առջև, և չի լինելու նախագահական ուժեղ ինստիտուտի ստվերում սեփական քաղաքական պատասխանատվությունից փախչելու հնարավորություն հատկապես Հայաստանի ամենաառաջնային և հստակ կողմնորոշում պահանջող օրակարգային հարցերում: Դրանցից մեկը, եթե ոչ ամենակարևորը, ԼՂ հիմնահարցն է բանակցային գործընթացի փաստացի բացակայության և պատերազմի վերսկսման իրատեսական հեռանկարի համատեքստում: Ի տարբերություն այլ ոլորտների՝ այստեղ լայն մանևրի մեծ տեղ չի մնացել: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե որքանով են ընտրություններին մասնակցող ուժերն ադեկվատ մոտեցել առկա իրադրությանը և ինչպիսի այլընտրանքային լուծումների «փաթեթով» են ներկայանում ընտրողներին:
Որքան տարօրինակ, նույնքան էլ, թերևս, օրինաչափ է, որ քարոզարշավին պուպուլիզմի հեղեղ թափող երկու հիմնական ուժերը` «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը, արցախյան հիմնահարցի կարգավորման մասին իրենց սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերում փաստացի նորովի ոչ մի անդրադարձ չունեն: «Ծառուկյան» դաշինքը ծրագրում հիմնահարցին առնչվող երեք տողանոց ձևակերպում, այնուամենայնիվ, ունի: Սակայն դա բառացի մեջբերում է ԲՀԿ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրից, որտեղ դեկլարատիվ ոճով ընդամենը հռչակվում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման նպատակը՝ փոխզիջումների վրա հիմնված բանակցություններով: 2012թ. հետո ի հայտ եկած նոր մարտահրավերները, առավելևս ապրիլյան պատերազմը «Ծառուկյան» դաշինքի, ավելի ճիշտ ԲՀԿ-ի, ինչպես նաև ՀՎԿ-ի մոտեցումների վրա, փաստորեն, որևէ ազդեցություն չեն ունեցել: Դաշինքը դնում է բանակցություններին Արցախի մասնակցության խնդիրը, բայց չի կոնկրետացնում՝ որ փուլից:
Նման կրավորական դիրքորոշման պատճառը, թերևս, այն է, որ կա´մ նրանք կիսում են ԼՂ հարցում ներկայումս իշխանության վարած քաղաքական կուրսը, կա´մ չունեն այլընտանքային առաջարկներ:
Որևէ ծրագրային դիրքորոշում չունի նաև Կոմունիստական կուսակցությունը: Սակայն այս դեպքում պատճառն այն է, որ Կոմկուսը պարզապես նախընտրական ծրագիր չի հրապարակել:
«Ազատ դեմոկրատներ». նախընտրական ծրագրում ահռելի տեղ է հատկացրել արտաքին քաղաքական օրիենտացիայի փոփոխությանը և Հայաստանի ու Արցախի անվտանգությանը՝ արցախյան հիմնահարցի կարգավորումը դիտարկելով այս համատեքստում: Հիմնական թիրախը Արցախի միջազգային ճանաչումն է, որպես դրա ապահովման միջոցներ՝ բանակցային գործընթացին որպես լիիրավ կողմ Ստեփանակարետի մասնակցությունը, Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը, Ադրբեջանի սպառազինման քաղաքականությունը ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում բլոկադայի ենթարկելը: Ըստ էության՝ մերժում է ներկայումս բանակցությունների սեղանին դրված մադրիդյան սկզբունքները, քանի որ կարգավորման ելակետը համարում է Արցախի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումը և տարածքային հարցերի լուծումը, որը նախ նշանակում է ուղիղ բանակցություններ Բաքվի և Ստեփանակերտի միջև և ապա փոխում է կարգավորման սցենարը: Եթե մադրիդյան սկզբունքներով ԼՂ կարգավիճակի հարցը դարձվում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքների հանձնումից ածանցյալ, ապա «Ազատ դեմոկրատներ»-ի հայեցակետով դառնում է առաջնային: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առաջարկի հիմքում ընկած է «Կարգավիճակի դիմաց տարածնքերի հանձնում» սկզբունքը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. փաստացի դնում է Ացախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը ինքնորոշման իրացման կուրսով փոխարինելու, այսինքն` Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման հիմքերի ստեղծումը դիվանագիտության թիրախ դարձնելու հարցը: Սա նման է «Ազատ դեմոկրատներ»-ի հայեցակետին՝ որոշակի նրբերագների տարբերությամբ: Տարածքների հարցը, ՕՐՕ-ի պատկերացմամբ, ածանցվում է ճանաչումից և համարվում է բացառապես Արցախի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիման վրա լուծման ենթակա: Սա փաստացի կարելի է համարել «մադրիդյան գործընթացից» հրաժարվելու և Ադրբեջանին կարգավորման նոր փիլիսոփայություն պարտադրելու առաջարկ՝ օգտագործելով նաև հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության ռեսուրսը: Վերջինս, ի դեպ, այնքան էլ համոզիչ չի թվում, որովհետև այդ մակարդակով շփումներից միակողմանի կտրականապես հրաժարվել է Ադրբեջանը: Որպես այս տարբերակով կարգավորման երաշխիք՝ ՕՐՕ-ն դիտարկում է կողմերի միջև ռազմական հավասարակշռության պահպանումը:
«ԵԼՔ» դաշինք. ՕՐՕ-ի նման` շեշտը դնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վերականգնման վրա, ինչը գործնականում նշանակում է չխուսափել Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնելուց: Սկզբունքորեն մադրիդյան փաստաթղթի հիման վրա կարգավորման կողմնակից է, քանի որ կարգավորման սկզբնաղբյուրը համարում է Արցախի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի կողմից ճանաչելը՝ առանց բացահայտելու, թե կարգավորման «ճանապարհային քարտեզի» որ մակարդակում է պատկերացնում ինքնորոշման իրացումը: Միակ վերապահումն այն է, որ հրաժարվելու է խոսել փոխզիջումներից, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը: Սա գրեթե նույն մոտեցումն է, որն այսօր ընկած է Արցախի հարցով Հայաստանի գործող իշխանության քաղաքականության առանցքում:
ՀՀԿ. հանդես է գալիս վարվող «ստատուս քվոն» պահպանելու քաղաքականությունը շարունակելու կանխատեսելի դիրքերից` միաժամանակ լիարժեք հավատարմություն արտահայտելով մարդիդյան սկզբունքներին: Սա նշանակում է, որ իշխանությունը փաստացի կողմ է Արցախին միջանկյալ անհասկանալի կարգավիճակ շնորհելով խնդրի կարգավորմանը՝ այսպես կոչված «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով: Ինչպես «Ելքը», ՀՀԿ-ն ևս ներկա փուլում առաջնայինը համարում է Ադրբեջանին բանակցություններ պարտադրելը՝ ուժերի հարաբերական հավասարակշռության ապահովման միջոցով պատերազմի մտքից Բաքվին հրաժարեցնելու միջոցով: Ծրագրում նշել է, որ շարունակելու է բանակցություններում Արցախի` որպես լիիրավ կողմ ներգրավելուն ուղղված աշխատանքները: Սակայն նկատի ունենալով մինչ այսօր այդ ուղղությամբ արձանագրած զրոյական արդյունքները՝ պետք է ենթադրել, որ առաջիկայում ևս այս ուղղությամբ գործը հայտարարությունրեից այն կողմ չի անցնելու: Եվ դա հասկանալի է այն պարզ պատճառով, որ ըստ ՀՀԿ-ի կողմից հավանության արժանացած մադրիդյան լուծումների տրամաբանության և միջնորդների հայտարարությունների՝ Արցախը, փաստորեն, կարող է բանակցություններին մասնակցել առավելագույնը այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն կստորագրեն կարգավորման սկզբուքներն ամփոփող շրջանակային փաստաթուղթը և կսկսեն բանակցությունները համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Այսինքն Արցախը, ըստ ՀՀԿ-ի, կարող է մասնակցել միայն իր` արդեն կանխորոշված «միջանկյալ կարգավիճակի» շրջանակը հստակեցնելու բանակցություններին:
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք. ողջ քարոզարշավը կառուցել է Արցախի հարցում հանձնողականության տրամաբանության վրա՝ ընտրելով «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» մանիպուլյացիոն կարգախոսը: Բուն նախընտրական ծրագրում կարգավորման որևէ բանաձև չի պաշտպանում՝ փաստացի դնելով Ադրբեջանի թելադրած պայմաններին համաձայնելու միջոցով արագ խաղաղության հասնելու հրամայականը: Որ դաշինքը Ադրբեջանի կապիտուլյացիոն պայմաններին համաձայնելու խուճապային ու պարտվողական գաղափարն է զարգացնում, փաստում է այն հանգամանքը, որ բավարար չի համարում «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևին Երևանի արդեն տված համաձայնությունը և պահանջում է, որ այդ պայմաններում իշխանություններն իրենք խաղաղության պայմանագիր ստորագրելու նոր առաջարկություններով հանդես գան՝ անտեսելով, որ եղածը կյանքի չի կոչվում պատերազմի շանտաժով էլ ավելին ստանալու Ադրբեջանի մաքսիմալիստական ցանկության պատճառով: Սրանով դաշինքի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում է իշխանության քաղաքականությունից, քանի որ վերջինս գոնե փորձում է խուսափել արված ահռելի զիջումներից ավելին տալուց՝ կառչելով հրադադարի ռեժիմը վերականգնելուց հրաժարվելու Ադրբեջանի կարծր և անհաշվենկատ դիվանագիտությունից:
Չի բացառվում, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը այս ընտրարշավն օգտագործում է իշխանության կողմից կամ փոխարեն հասարակությանը զիջումների նախապատրաստելու և այդ զիջումներին գնալու քաղաքական, հասարակական պահանջարկ ստեղծելու նկատառումով: Դաշինքի կողմից նման օրակարգով հանդես գալու միակ դրական կողմն այն է, որ թեմայի շուրջ հասարակական-քաղաքական որոշակի բանավեճ է պարտադրել (գործնականում միակն այս ընտրարշավում) և ստիպում է մասնակից քաղաքական ուժերին, առանց մանևրելու և իշխանության պատասխանատվության տակ թաքնվելու, հստակեցնել իրենց կոնկրետ դիրքորոշումները:
ՀՅԴ. արցախյան հարցը դիտարկում է Հայ Դատի համատեքստում՝ որպես վերջնանպատակ ամրագրելով Արցախի վերամիավորումը Հայաստանին: Սակայն նկատելի է, որ կուսակցությունը չի ձգտել որոշակիացնել այդ նպատակին հասնելու իր պատկերացրած մեխանիզմները և խուսափել է գնահատել ԼՂ կարգավորման ներկայիս հանգրվանը: Այսուհանդերձ, ծրագրի առանձին ձևակերպումներ թույլ են տալիս անելու որոշակի հետևություններ: Նախ՝ նշելով, որ Արցախի անկախությունը մարտավարական խնդիր է Հայաստանին վերամիավորման ճանապարհին՝ կուսակցությունն անուղղակիորեն անընդունելի է համարում Արցախի՝ անկախությունից ցածր որևէ կարգավիճակ: Երկրորդ՝ ծրագրում ընդգծելով, որ մերժում է միակողմանի զիջումների մասին հայտարարությունները՝ ՀՅԴ-ն, ըստ էության, որոշակիացնում է, որ դեմ չէ փոխզիջումներին: Այս երկու անուղղակի պնդումների համադրումը թույլ է տալիս ասել, որ ՀՅԴ-ն, ըստ էության, ընդունելի է համարում նվազագույնը «տարածքային զիջումներ՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքը: Սա հակադրության մեջ է մտնում թե´ մադրիդյան սկզբունքների և թե´ միայն ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա շեշտադրում անելու քաղաքական մեծամասնության դիրքորոշումների հետ: Կարելի է ենթադրել միայն, որ այդ հակադրությունը չսրելու և մեծամասնության հետ իր հարաբերությունների վերանայման գործոն չդարձնելու պատճառնեից մեկը նաև այն է, որ ՀՅԴ-ն ներկայումս վարվող բանակցություններին մոտենում է որպես առկա ստատուս քվոն և, հետևաբար, ԼՂ փաստացի անկախությունը պահպանելու միջոցի:
լուսանկարը` Անուշ Բաբաջանյանի
Մեկնաբանել