
Ջեռուցման խնդիրը եւ կառավարության ուշացած նվերները
Հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների 100 տոկոսի չափով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի վկայությամբ` որոշումն ուներ նաև հստակ սոցիալական ուղղվածություն:
«Սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիներն այս հարցն արծարծել էին հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Եղավ նախագահի հանձնարարականը` ուսումնասիրել իրավիճակը և գտնել այնպիսի լուծում, որը մի կողմից չի վտանգի անտառները, բայց մյուս կողմից կապահովի, որպեսզի բնականոն առաջացած թափուկներն այդ շրջաններում ապրող մեր գյուղացիները կկարողանան օգտագործել։ Այս որոշումն ապահովում է հենց այդ լուծումը։ Ավելորդ քաշքշուկ այլևս չի լինի, նաև իրավապահ մարմինները կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել այս որոշումը` հնարավորություն տալով մեր գյուղացիներին օգտվել այդ թափուկներից»,- ասաց վարչապետը:
Նախատեսվում էր, որ անտառների մոտակա բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներ որպես պետական աջակցություն ապահովվելու էին անվճար վառելիքով, անտառամերձ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի պետք է հատկացվեր մինչեւ 8 խմ թափուկ:
Նշենք, որ Տավուշի մարզի անտառտնտեսությունները մեկ խորանարդ մետր թափուկն իրացնում են 1200 դրամով: Տավուշի անտառամերձ համայնքների բնակիչները հնարավորություն չունեցան օգտվելու կառավարության այդ նվերից: Հոկտեմբերի վերջին եւ դրանից հետո տեղացած ձյունը անանցանելի դարձրեց անտառային ճանապարհները, թափուկներն էլ գտնվում են ոչ թե ճանապարհներին մոտ, այլ դժվարամատչելի վայրերում, անտառի խորքերում: Խոր աշնանը եւ ձմռանը անտառային ցեխոտ եւ ձյունոտ ճանապարհներով վառելափայտ, թափուկ կարող են տեղափոխել միայն թրթուրավոր տրակտորները: Դրանց վառելիքի ծախսը շատ է, եղանակային նման պայմաններում անտառում գործ անելը շատ վտանգավոր է:
Դեկտեմբերի 2-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղի համայնքային կենտրոնում դովեղցիների հետ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինանը պատգամավորին ներկայացրեց վառելափայտի հիմնախնդիրը: Գյուղապետի խոսքերով` գյուղի բնակչության 60-70 տոկոս վառելափայտ չունի. «Մենք այս հարցով դիմել ենք Տավուշի մարզպետին, կառավարություն: Վառելափայտի գինը զեղչված է, սակայն հիմա միայն թրթուրավոր տրակտորով կարող ես անտառ մտնել, դա էլ մեծ ծախս ու չարչարանք է»: Գյուղապետը տարակուսանք հայտնեց, թե ինչու՞ սանիտարական հատումները ամռան ամիսներին չեն թույլատրում, երբ անտառային ճանապարհները չոր են, որ գյուղացիները կարողանան օգտվել թափուկից:
Այս խնդրի վերաբերյալ պարզաբանումների համար դիմեցի Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանին: Նա ասաց, որ որ այս տարի իրենց անտառտնտեսությունն ունի 2000 խորանարդ մետր թափուկի իրացման առաջադրանք, որ այդ պլանը կկատարվի: Ընդհանուր առմամբ`2011 թվականի ընթացքում Նոյեմբերյանի անտառտնտեսությունը պետք է իրացնի 4500 խորանարդ մետր վառելափայտ: Վասիլ Չիլինգարյանի խոսքերով` այդ պլանն էլ մինչեւ տարեվերջ կկատարեն:
Կառավարությունը հոկտեմբերին որոշում է կայացրել, որով Ադրբեջանին սահմանամերձ 6 գյուղերի` Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեպարի, Բաղանիսի, Ջուջեւանի եւ Դովեղի բնակիչների համար վառելափայտի գինը կիսով զեղչվել է: Ինքնապատաստմամբ, սեփական միջոցներով մեկ խորանարդ մետր վառելափայտի (թաց կանգունի) գինը 6480 դրամ է, կառավարության այդ որոշմամբ՝ հիշյալ գյուղերի բնակիչների համար այն դարձել է 3240 դրամ: Կառավարությունը վառելափայտի գինը ուշ է զեղչել, գյուղացիները չեն կարողացել լիարժեք օգտվել դրանից: Հավանական է, որ կառավարությունը զեղչն ուշ է սահմանել, որպեսզի անտառամերձ համայնքների բնակիչներն անտառներում մեծ ծավալի հատումներ չանեն, անտառի վրա մեծ ճնշում չլինի:
Վերադառնալով Դովեղ գյուղի վառելափայտի խնդրին՝ նշենք, որ Նոյեմբերյան քաղաքին հարակից Դովեղը գազիֆիկացված է, դովեղցիները կարող են իրենց տները վառելափայտի փոխարեն փայտից ավելի թանկ գնով բնական գազով ջեռուցել: Իսկ Ադրբեջանին սահմանակից Ոսկեվանի ենթաշրջանի վերոհիշյալ 5 գյուղերը, ինչպես նաեւ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն, Պտղավան,Դեբեդավան եւ Դեղձավան գյուղերը նման այլընտրանք չունեն, այդ համայնքները գազիֆիկացված չեն: Ներկայումս բնական գազը հասնում է Բաղանիս գյուղի տարածք, գյուղի եզրին գործում է ավտոգազալիցքավորման ճնշման կայան (ԱԳԼՃԿ):
ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը սահմանամերձ 5 համայնքների փոխարեն 80 միլիոն դրամ է ներդրել՝ Բաղանիսի տարածքում գազաբաշխիչ կայան կառուցելու համար: Այս տարվա գարնանը կառուցված կայանը բարձր ճնշման բնական գազը փոխակերպում է ավելի ցածր ճնշման: Նախատեսվում է, որ 2012 թվականի գարնանը սահմանամերձ Ոսկեվան, Ոսկեպար, Կոթին, Բաղանիս եւ Ջուջեւան գյուղերը կգազիֆիկացվեն: Գարնանը խորհդարանական ընտրություններ են, ուստի հավանական է, որ այդ գյուղերի գազիֆիկացման բազմաչարչար խնդիրը վերջապես կլուծվի:
Մեկնաբանել