HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Թեւավոր» մտքեր՝ քարոզարշավից

Հայաստանյան ներքաղաքական կյանքում իշխանական կամ ընդդիմադիր գործիչների արտահայտած որոշ մտքեր մեծ արձագանք են գտնում հասարակության, մասնավորապես՝ սոցցանցերի օգտատերերի շրջանում՝ դառնալով մեմ, որի մեջ գլխավորապես ծաղր է պարունակվում: Վերջին տարիներին այդպիսի խոսքերից առավելապես հիշվում են Սերժ Սարգսյանի «պետք է գլխից բռնել», «տենց եք անում, որ խիյարը թարս ա բուսնում», «ինչքան ուզես, էնքան խփենք», «եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «գաղջ մթնոլորտ» եւ այլ արտահայտություններ:  

Մասնավորապես սոցիալական տիրույթում պարբերաբար ծիծաղի առարկա են դառնում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արտահայտությունները, որոնք հատկապես շարադասության եւ մտքի առումով բավականին խրթին են, երբեմն անհասկանալի ու իսկապես ծիծաղ առաջացնող: Պատահական չէ, որ հերթական տարօրինակ արտահայտությունից հետո, անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը, ոմանք անմիջապես հիշում են ԱԺ խոսնակին՝ համեմատության եզրեր տանելով նրա ու նոր մեմի հեղինակի միջեւ: 

Քանի որ քարոզարշավը պարարտ միջավայր է մեմերի առաջացման համար, որոշել ենք այս ընթացքում պարբերաբար անդրադառնալ դրանց: Բնականաբար, հնարավոր չէ միաժամանակ հետեւել բոլորի ելույթներին, սակայն մեր ուսումնասիրություններից կարող ենք հետեւություն անել, որ ժպիտ, ծիծաղ, ոմանց մոտ գուցեեւ զայրույթ առաջացնող արտահայտություններով աչքի են ընկնում հատկապես մի քանի գործիչներ: Մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանը, փորձելով անմիջականության մթնոլորտ ստեղծել զրուցակիցների հետ, ժամանակ առ ժամանակ օգտագործում է ոչ գրական, ժարգոնային արտահայտություններ, Գագիկ Ծառուկյանը միտքը կառուցում է տարօրինակ շարադասությամբ կամ էլ մի նախադասությունը տրամաբանական ավարտին չհասցրած՝ սկսում է մյուսը, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը (գեներալ Սեյրան), որն ակտիվ է լրագրողների հետ շփումներում ու եւս խոսում է անմիջական տոնայնությամբ, կարծես անկեղծորեն արտահայտում է այդ պահին մտածածը, ինչը ոչ միշտ է բխում նրա քաղաքական թիմի շահերից (շատերը կհիշեն նրա «արեք էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք էս էլ ժողովրդի սրտով անենք» կոչը ԱԺ-ում):  

Սկսենք վարչապետից: Չնայած ԿԸՀ-ն Կարեն Կարապետյանի՝ մարտի 11-ին Սյունիք կատարած այցի վերաբերյալ հայտարարեց, որ այդտեղ վարչապետի իրականացրած քարոզարշավը իրավաչափ է եղել, ու օրենքի խախտում չկար, քանի որ նա իր պաշտոնական լիազորությունների կատարման ժամանակ չէ, որ զբաղվել է քարոզչությամբ, այդուհանդերձ, ԿԸՀ-ն չանդրադարձավ մարտի 8-ին վարչապետի՝ Քարակերտում հնչեցրած ելույթին:

Այսպես՝ մարտի 8-ին Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում էր թե որպես վարչապետ (եղավ մի շարք ձեռնարկություններում), թե որպես ՀՀԿ քարոզչական թիմի ղեկավար (ելույթ ունեցավ քարոզչական հանդիպումներին), քարակերտցիների հետ հանդիպման ժամանակ նրա թիկունքում փակցված էր ՀՀԿ-ի նախընտրական քարոզչական պաստառը, ինչից հստակ է, որ այդ պահին Կարեն Կարապետյանն իրականացնում էր քարոզչություն: Սակայն Քարակերտի բնակչի հետ ծավալված զրույցից պարզ է դառնում, որ Կ. Կարապետյանը խոսում է վարչապետի դիրքերից, քանի որ խոսքը գնում է գյուղում ներդրումներ անելու միջոցով աշխատատեղեր բացելու եւ գործընթացի հնարավոր սուբսիդավորման մասին: Երբ քարակերտցին ասում է, որ բիզնես-պլանը կներկայացնի մեկ ամսվա ընթացքում, վարչապետը պատասխանում է. «Դու դեռ չգիտես՝ ինչքան ա փող պետք, դու չգիտես՝ լավ բիզնես ա ըլնելու, թե չէ, դու չգիտես՝ ծախսափակ ա ըլնելու, թե չէ, բայց գլխանց ուզում ես զաբիտ անես, որ սուբսիդավորվող փող ըլնի»: Ի վերջո, վարչապետը բնակչին ուղղորդում է ծրագիրը քննարկել իր օգնական Նարեկ Ադոնցի հետ. «Անմիջապես հետը խոսում ես՝ թուղթ ու գրիչով, ու Նարեկը քեզ ասում ա՝ ոնց ենք անում»: Ահա այսպիսի քարոզչական հանդիպում: Ընդ որում՝ ամսի 7-ին Տավուշում բնակիչների հետ Գ. Ծառուկյանի հանդիպումից հետո ԿԸՀ-ն զգուշացրեց դրամական ու նյութական խոստումներ չտալ, որը, ինչպես եւ ծառայություններ խոստանալն ու մատուցելը, արգելված է օրենքով:  

Իր «թեւավոր» արտահայտությամբ մարտի 8-ին Արմավիրում փայլեց նաեւ Սեյրան (Սեդրակ) Սարոյանը: Սերժ Սարգսյանի՝ քարոզարշավին չմասնակցելու մասին դիտարկմանն ի պատասխան գեներալ պատգամավորն ասում է. «Էս սաղի շեֆը Սերժ Սարգսյանն ա, այ ցավդ տանեմ: Առանց Սերժ Սարգսյանի ի՞նչ պիտի անենք մենք: Գլխավոր հրամանատարը ինքն ա, մենք էլ ընդամենը զինվոր ենք, սիրուն ջան»:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «թեւավոր» արտահայտությունները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

«Մենք մեր գործունեությամբ, սիրելի ժողովուրդ, գիտենք, որ ես ձեզ սիրում եմ» (09.03.2017, ք. Արմավիր):

«Հեղափոխությունը առանց արյան լինում ա՞ ժողովուրդ, բա ես ո՞նց կարայի տանեի արյունահեղության: Ասի՝ եթե ես էսօր առաջնորդը ես եմ, ժողովուրդը ինձ հավատում ա, ես կարամ էդ դժվարությունը, ծանրությունը իմ վրա վերցնեմ, ես էջը փակում եմ, ես քաղաքականությամբ չեմ ապրում, ձեր ցավը տանեմ... Ամբողջ պետությունը մեր դեմ էր դուրս էկել 2015 թվականին» (10.03.2017, գ. Ծաղկահովիտ):

«Հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են: Իրա պաշտոնին մնալու համար, իրա կեղծիքները թաքցնելով, որ վաղը համապատասխան պատասխան չենթարկվի, ձեզ խնդրել-համոզելով, որ ինքը մնա, նորը նույնը շարունակվի: Այնպես որ մեղավորը դուք եք» (10.03.2017, գ. Ծաղկահովիտ):

«Այսօր մեր երկրում մնացել ա միլիոնուկես մարդ՝ մի հատ մեծ կոլեկտիվ» (11.03.2017, գ. Երանոս):

«Ես նորից եմ ասում՝ միշտ տեսնելով, ասելով, որ ինչ տեսակ մարդ էլ լինես, որ էդ ժողովրդի վստահությունը, հավատքը կա, սպասելիքը, հույսը, մարդը պետք է դա ի կատարած անի» (11.03.2017, ք. Վարդենիս):

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն էլ իր գյուղում անդրադարձել է ծնելիության աճի կարեւորությանը. «Մեր գերխնդիրը օրորոցային վրեժը պետք է լինի: Ազգը եթե չշատացնենք, ապա մենք չենք կարող անվտանգային տարբեր խնդիրներ լուծել» (10.03.2017, գ. Մրգաշեն):

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով այսօր առաջադրված է ՀՀԿ-ից, ասել է, թե հիասթափված է «լրատվական այն օղակներից», որոնք իրեն քննադատում են ապրիլյան քառօրյայում զոհված զինվորի մորը բեմ բարձրացնելու համար: Շեշտենք, որ մամուլից զատ՝ Պողոսյանին խստորեն քննադատել են նաեւ քաղաքական ուժերը, սոցցանցերի օգտատերերը, ինչի մասին նա չի խոսում: Ցուցամատը բարձրացնելով՝ ահա, թե ինչ է ասում թեկնածուն. «Եթե մարդը ուզում ա խոսք ասի, էն էլ հերոսի մայրը գալիս ա խոսք ա ասում, եւ էսօր դա էլի սարքվում ա սեւ փիար Պողոսյան Միհրանի նկատմամբ, գիտեք, դա արդեն անբարոյակություն ա» (12.03.2017, ք. Երեւան):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter