
Ջրառատի միջադեպից տուժածները տեղափոխվել են հիվանդասենյակներ
Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել էին կրակոցներ։ Պատահարից տուժել են երեք անձինք, որոնց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Հետք»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ միջադեպի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Հակոբ Մելքոնյանը՝ ոտնաթաթի հրազենային վնասվածքով, 17-ամյա Արայիկ Մելքոնյանը՝ նախաբազկային կոտրվածքով, 53-ամյա Մելիք Մելքոնյանը՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով։
Տնօրենի փոխանցմամբ՝ այս պահին իրենց մոտ տեղափոխված երեք անձանց վիճակը գնահատվում է բավարար, արդեն երեկ տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Հավելեց, որ այժմ վիրահատում են Արայիկ Մելքոնյանի ձեռքը և, նախնական տեղեկություններով, նա մեկ-երկու օրվա ընթացքում դուրս կգրվի։
«Կյանքին վտանգ սպառնացող հանգամանք չկա։ Առողջական վիճակները բավարար է։ Անձամբ այսօր այցելել եմ նրանց՝ նորմալ, հանգստ վիճակում են», - ասաց Մանուկյանը։
Բժշկական կենտրոնի տնօրենը կարծում է՝ տուժածները հիվանդանոցից դուրս կգրվեն մեկ շաբաթվա ընթացքում։
Հավելենք, որ այս դեպքի առիթով երեկ ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։ Հիշեցնենք, որ Ջրառատում իրավիճակը լարված է դեռևս մարտի 12-ից։
Ինչպես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից այդ օրը հայտնել էին, Ջրառատ գյուղում իրենց անցկացրած քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Քաղաքական ուժը նաև հայտնել էր, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ էր ուղղել։
Իսկ արդեն երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը Ջրառատի դեպքերի վերաբերյալ նոր հայտարարություն տարածեց` նշելով.«Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Հնչել են կրակոցներ: Ակտիվիստների ջանքերով կրակողը՝ Լեռնիկ Երանոսյանը վնասազերծվել է։ Միջադեպից հետո բերման են ենթարկվել բացառապես դաշինքի կողմնակիցները: Ավելին, իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակի հետագա լարումը թույլ չտալու համար: Արդյունքում, մարտի 14-ին ՀՀԿ-ականները հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կրկին որեւէ բան չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ»։
լուսանկարը` zham.am-ի
Մեկնաբանել