HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախընտրական քարոզարշավի հիմնական խախտումները. «Թրանսփարենսի ինթերնեշնլը» ամփոփում է քարոզարշավի առաջին շաբաթը

Մարտի 5-ից14-ն ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործման, պետական համակարգում աշխատող անձանց նկատմամբ ճնշումների, կուսակցությունների քարոզարշավի խոչընդոտման դեպքեր: Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Հակակոռուպցիոն կենտրոնը, մարտի 5-ից սկսած, դիտարկում է նախընտրական քարոզարշավի ընթացքը և հավաքագրում Հայաստանի մարզերում գործող մոնիտորինգային խմբերի և լրատվամիջոցների կողմից հրապարակված տվյալներ, որոնք վերաբերում են քարոզարշավի խախտումներին:

Ըստ հավաքագրված տվյալների՝ մարտի 5-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 դեպք, երբ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ներգրավվել են քարոզարշավին, 5 դեպք, երբ պետական ծառայողական ավտոմեքենաներն օգտագործվել են քարոզչության նպատակով, 13 դեպք, երբ խոչընդոտներ են ստեղծվել նախընտրական շտաբերի տրամադրման հետ կապված, ևս 13 դեպք՝ կապված տարածքային և տեղամասային հանձնաժողովների անդամների՝ քարոզարշավին մասնակցելու հետ:

Գրանցվել են նաև դեպքեր, երբ պետական պաշտոնյաներն աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի: Սրա ցայտուն օրինակն, ըստ Հոկտանյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի այցն էր Սյունիքի մարզ:

Ինչպես հայտնի է, այս առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պարզաբանում էր տվել՝ նշելով, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու սահմանափակումը կապված է ոչ թե աշխատաժամանակի, այլ պաշտոնական լիազորությունների իրականացման հետ և, ըստ ԿԸՀ-ի պարզաբանման, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:

Հոկտանյանը, սակայն, չի ընդունում այս տեսակետն ու հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների աշխատաժամանակը սահմանված է առավոտյան 09:00-ից մինչև 18:00-ն:

Հոկտանյանն ահազանգում է նաև այն մասին, որ Երևանի քաղաքապետարանից «այլ նպաստներ»-ի անվան տակ գումարներ են դուրս գրվում և դրանք բաժանվում անապահով անձանց:

Հոկտանյանի խոսքով՝ հստակ տվյալներ կան նաև այն մասին, որ մանկավարժների նկատմամբ ճնշումներ կան. վերջիններիս ստիպում են իշխող կուսակցության համար որոշակի ձայների քանակ ապահովել: Ըստ Հոկտանյանի՝ ճշտված տեղեկություններ կան՝ կապված Երևանում,Արտաշատում, Հրազդանում և Գյումրիում նմանատիպ դեպքերի առկայության մասին: ԹԻ-ին հայտնի է նաև մեկ այդպիսի դեպք Կապանում, որը, սակայն, Հոկտանյանի խոսքով՝ լրացուցիչ ճշտելու կարիք կա:

ԹԻ գործադիր տնօրենը հիշեցնում է. սրանք միայն այն խախտումներն են, որոնք հայտնի են դարձել իրենց կազմակերպությանն ու լրատվամիջոցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter