HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Կրեմլում այսօր կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Վլադիմիր Վլադմիրին մանրամասն ներկայացրեց մեր հանդիպման արդյունքները: Իմ կողմից ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ հարցերին.

Մենք իսկապես անցկացրեցինք կառուցողական և բավականին հագեցած բանակցություններ: Ինչպես միշտ, դրանք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը հատուկ է մեր գործընկերության դաշնակցային ոգուն: Յուրաքանչյուր հանդիպում լավ հնարավորություն է՝ վերլուծելու և քննարկելու ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, նախանշելու մեր պետությունների փոխգործակցության նոր ուղղությունները: 

Այս տարին մեր հարաբերությունների համար հոբելյանական է. մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այսօր մենք անցկացրինք մեր պետությունների անցած քառորդդարյա ճանապարհի բավականին հանգամանալից դիտարկում:

Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունը ձեռք է բերել նոր դինամիկա, ավելի խոր բովանդակություն: Մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ արձանագրեցինք, որ ռազմավարական փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակականությունը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից: Երկկողմ հարցերի ընդհանուր համալիրի քննարկման արդյունքներով մեր կողմից հաստատվեց պատրաստակամություն` առաջիկայում ևս ջանքեր ներդնել և խորացնել համագործակցությունն անվտանգության, արտաքին քաղաքականության, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ոգուն և սկզբունքներին համապատասխան: 

Այս համատեքստում կուզեի ընդգծել մեր պետությունների զինված ուժերի միացյալ զորախմբի մասին միջպետական համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարևորությունը: Անկասկած, այս փաստաթղթերը կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության հետագա ամրապնդմանը:

Մենք անդրադարձել ենք առևտրատնտեսական հարաբերությունների ողջ շրջանակին: Հատուկ ուշադրություն ենք դարձրել փոխգործակցությանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ առևտուրը, ներդրումները, էներգետիկան և տրանսպորտը: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: 2016 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը, մեր հաշվարկներով, աճել է 15 տոկոսով: Ավելին, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրացնվել է ցուցանիշների զգալի աճ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է կիրառել, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ մեխանիզմների միջոցով՝ ի շահ մեր գործարարների և քաղաքացիների:

Որպես կազմակերպության ակտիվ անդամ՝ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմամբ, դրա բոլոր կառույցների և մեխանիզմների՝ առանց արհեստական խոչընդոտների լիակատար գործառնությամբ, ինչպես նաև դրա միջազգային հեղինակության բարձրացմամբ: 

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսական ներդրումների մաքուր պաշարը գերազանցում է 4.5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ճյուղերում. դա ավելի քան 1400 ձեռնարկություն է և հաշվի առնելով անհատ ձեռներեցներին՝ ավելի քան 2000:

Ատոմային էներգետիկան, գիտությունը և նորարարական տեխնոլոգիաները փոխգործակցության այն ոլորտներն են, որոնք, անկասկած, հարստացնում են ավանդական երկկողմ համագործակցության ներկապնակը: 

Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն դարձնել տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների ոլորտում որոշ նախագծերի զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, աշխարհագրական դիրքը և անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանով Իրան և Պարսից ծոց տարանցիկ ճանապարհի ապահովման գործում: 

Մեր փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը միջտարածաշրջանային համագործակցությունն է: Մենք հստակ տրամադրված ենք խթանելու և աջակցելու մեր երկրների շրջաններին՝ ուղիղ առևտրատնտեսական և հումանիտար կապերը զարգացնելու իրենց ցանկության մեջ:

Մենք քննարկեցինք արտաքին քաղաքական համակարգման հարցերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերը: Անդրադարձանք Եվրասիական տնտեսական միության գործուներության որոշ ասպեկտներին, այդ թվում՝ երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացման հեռանկարներին: Նշել ենք ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքի, Կազմակերպության հիմնարար փաստաթղթերի նորմերի և սկզբունքների ու մեր կողմից ստանձնած պարտավորությունների պահպանման անհրաժեշտությունը: 

Քննարկեցինք նաև առանցքային միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ հակազդեցություն ահաբեկչությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին սիրիական ժողովրդին Հայաստանի կողմից հումանիտար օգնության փոխադրման գործում աջակցության համար:

Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման և կատարման կարևորությունը: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի են և վնասում են խաղաղ գործընթացին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք համատեղ ջանքեր կգործադրենք, որպեսզի առաջիկայում ևս զարգացնենք դաշնակցային գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների առաջընթացի, հօգուտ մեր ժողովուրդների բարեկամության:

Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով: 

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին. շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն ռուսաստանցի բարեկամներին հյուրընկալության, արդյունավետ և կառուցողական բանակցությունների համար:

Եվ առանձնահատուկ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրիին մեծանուն նկարիչ Մ. Ա. Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը դեռևս 1995 թվականին հափշտակվել էր Հայաստանից: Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին: Շատ շնորհակալ եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter