HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի փոսից փախցնում ենք, 10-ի մեջ ընկնում». ձնհալից հետո Վանաձորի փողոցները դարձել են անանցանելի

Գայանե Սարգսյան

Ձնհալից հետո Վանաձորի թե գլխավոր, թե երկրորդական ու ծայրամասային փողոցներում առաջացած փոսերն այնքան շատ, մեծ ու խորն են, որ դրանք շրջանցելը հաճախ ուղղակի անհնար է: Քարուքանդ փողոցներն անհարմարություններ ու լրացուցիչ ծախսեր են առաջացնում վարորդների համար` երբեմն նրանց ստիպելով ուղղակի խախտել երթևեկության բոլոր կանոններն ու վարել հանդիպակաց ուղղությամբ, ինչն իր հերթին բարձրացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը:

«Ճամփեքը հեչ լավը չեն, ճամփա չկա: Փոսերը չեն լցնում, ընկնում ես մեջը, ավտոները ջարդում, մեկից փախցնում ես, 10-ի մեջ ընկնում»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց վարորդ Սարգիս Հարությունյանը:

Տաքսու վարորդ, երևանաբնակ Արամ Խաչատրյանին հանդիպեցինք քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծ պողոտայում, որի երկայնքով էլ հիմնականում գտնվում են տարբեր կուսակցությունների ու դաշինքների նախընտրական շտաբները:

Համեմատական կատարելով հանրապետության մյուս մարզերի հետ`  վարորդը դժոհեց. «Լոռու մարզը ահավոր վիճակում ա»:

«Վերանորոգել ա հարկավոր, տիրություն անել ընդամենը, ուրիշ ոչինչ: Խոստումներ տալ պետք չի սենց շտաբներ բացելով»,- նշեց նա` մատնացույց անելով հարակից նախընտրական շտաբները:

Վանաձորցի Աշոտ Վարդումյանը քաղաքի փողոցների մասին խոսելիս նախ կատակում է. «Փողոցները լավն ա,  ասֆալտ արած ա, մարդիկ դամաշնիկով են ման գալիս», ապա լրջանում է. «Պիտի նայվի, էլի, սարքվի, բայց  մինչև երկիրը չսարքվի, սա չի սարքվի:

Քիչ այն կողմ զբոսնող Ռաֆիկ Մաթևոսյանը փողոցների հետ կապված մեր հարցին ի պատասխան վրդովվեց. «Փողոցների վիճակն անտանելի ա, աղջիկ ջան: Հլա մի հատ նայեք էլի, դուք նայեք, ի՞նչ ա սա: Պրասպե՞կտ: Էս պրասպեկտ չի, կոլխոզի գոմի դուռ ա…»:

Հիշելով նախորդ տարիներին արված փոսային նորոգման աշխատանքները` տարեց վանաձորցին ասում է. «Չեն լցրել ինչ-որ պետքն ա: Ես եկել, կանգնել, նայել եմ, ասել եմ՝ տակը հլա մի քիչ ձութը լից, նոր էս անտերը քաշի վրեն: Ըտենց չեն անում, է…Ասֆալտը որ քաշում են, ձութը պռոշների վրա էնքան չեն լցնում, որ պռոշները ղայիմ կպնի»:

Բնակչի կարծիքը՝ կապված տարիներ շարունակ քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքերն իրականացնող կազմակերպության կատարած աշխատանքի անորակության հետ, քաղաքապետարանում չեն կիսում:

Այս տարի խնդիրներ են առաջացել նաև այն փողոցներում, որտեղ նախորդ տարի աշխատանքներ էին կատարվել: Արդյո՞ք նախորդ տարվա աշխատանքների որակի հետ կապված խնդիրներ չունենք հարցին Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ու բարեկարգման բաժնի պետի պաշտոնակատար Կարեն Պառավյանը պատասխանում է.

«Աննախադեպ առատ  ձյուն էր, երկար տարիներ նման առատ տեղումներ չէր եղել և բավականին մեծ քանակի աղատրում է կատարվել, որպեսզի փողոցներն անցանելի դարձնենք: Սա դրա հետևանքն է, կան փողոցներ, որտեղ նախորդ տարի նորոգման աշխատանքներ կատարվել են, դրանք լրիվ լավ պահպանված են, կան փողոցներ, որտեղ չի պահպանվել: Դա կախված է  տվյալ փողոցում ջրի քանակի, ջրահեռացման համակարգի գործել-չգործելու հետ»:

Նախորդ տարի քաղաքի թվով 62 փողոցներում մասնակի փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու համար համայնքային բյուջեից ծախսվել է շուրջ 100 մլն դրամ: Եվս նույնքան նախատեսվում է համայնքային բյուջեից ծախսել այս տարի: Փոսային նորոգման աշխատանքները, սակայն, քաղաքապետարանը կսկսի ապրիլի 2-րդ կիսամյակից ոչ շուտ` մինչ այդ փորձելով խնդիրը մեղմել փոսերի խճալցմամբ: Այս եղանակը, սակայն, արդյունավետ չէ. անձրևաջրերի ու մեքենաների անիվների տակ խիճը շատ արագ տարածվում է փողոցներով ու հսկայական փոսերը նույն տեսքով սպասում անցնող մեքենաներին:

«Եթե ճանապարհը հարթ չեղավ, մեքենայի ծախսը կրկնակի ավելանում ա, բացի վառելիքը, դետալները փչանում են, շարքից դուրս են գալիս, դա էլ տվյալ վարորդի համար լրացուցիչ ծախսեր են»,- ասում է 70-ամյա Հովիկ Մարտիրոսյանը:

«Այս պահին ուրիշ այլ տարբերակ չունենք, դա միայն մեզ մոտ չէ, ցանկացած քաղաքում եթե ձյուն է, ամեն օր հալոցքներ են, անձրևներ են, ջրի մեջ հնարավոր չէ ասֆալտապատում կատարել, խճապատում ենք անում: Կան հատվածներ, որ որոշ ժամանակ դիմանում է,- ասում է Կ. Պառավյանն ու հավելում,-  հնարավորինս պետք  է փորձենք ապահովել մեր քաղաքացիների անցանելիությունը, որ տրանսպորտի աշխատանքը չխոչընդոտվի»:

Ճանապարհների պատճառով գրանցվող վթարների ու մեքենաների ջարդվելու համար ո՞վ է փոխհատուցելու հարցին Կ. Պառավյանը պատասխանում է. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, թե ով պետք է փոխհատուցի, համենայն դեպս ոչ քաղաքապետարանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter