
Էմիրությունների քաղաքացիները Հայաստան կժամանեն առանց վիզայի
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները մարտի 22-ից Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի։ Նրանք առանց մուտքի վիզայի Հայաստանի տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով:
Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի որոշման այս նախագիծը։
Ինչպես նշվում է նախագծում՝ Հայաստանի հարևան պետություններն արդեն իսկ որդեգրել են Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների նկատմամբ արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու քաղաքականություն, ինչն էականորեն նպաստում է դեպի այդ երկրներ զբոսաշրջության խթանմանը:
Բացի դրանից, արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ծոցի տարածաշրջանի քաղաքացիների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Այդ պատճառով առանց մուտքի վիզայի ռեժիմի սահմանումը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար:
Մեկնաբանել