HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծնողներն ու երեխաները` ընտանիքի, մեդիագրագիտության ու դերային նոր արժեքների վիրտուալ խաչմերուկում

Մարիամ Եղիազարյան

Հայրիկս, ով 2-3 ամիս է, ինչ գրանցվել է Ֆեյսբուքում, վերջերս խնդրեց կարդալ ու կարծիք հայտնել ոչ թե իր պատին տարածված նյութի, այլ` վերջինը իր կողմից տարածելու մասին: Միջադեպը ստիպեց մտածել մեդիագրագիտության,  սոցհարթակներում  ծնողների և երեխաների վիրտուալ հարաբերությունների  և դրանցից բխող ակնհայտ ու միջտողային իմաստների մասին:
Մարդիկ, ովքեր ֆեյսբուքյան գրառմանս արձագանքելով, համաձայնեցին խոսել այս մասին, հիմնականում մատնանշեցին իրենց ծնողների ներկայությունը Ֆեյսբուքում, ուստի հետագա նյութը ևս կպտտվի նույն կայքում ծնողների և երեխաների ընկերության փորձառության շուրջ:
Անշուշտ, առավել հստակ պնդումների համար կա լայնածավալ և խորքային հետազոտության կարիք:

Ինտերնետը ոչ միայն ձևափոխում է մասնավորի ու հանրայինի սահմանը, այլև նոր իմաստներ բերում սոցիումին, ինչպիսին ընտանիքն է: Սոցիալական դերերը, եթե արմատապես չեն փոխվում, ապա առնվազն ենթարկվում են որոշակի ձևափոխությունների: Այսպես, օրինակ, երբ ծնողը անձնական հաշիվ է ունենում Ֆեյսբուքում, հնարավորություն է ստանում տիրապետելու երեխային հետևելու, բազմակողմանիորեն ուսումնասիրելու նոր գործիքների` մյուս կողմից  «ուսուցչից վերածվելով աշակերտի», ում գրանցում, բացատրում, սովորեցնում են կանոնները :  Ձեռք բերված հմտությունները ծնողների և երեխաների միջև առաջացած սերնդային թվանշային բացի (digital gap) հաղթահարման միջոց կարող են թվալ, «գերակա դիրքը» վերադարձնելու միջոց, որը տեղի չի ունենում երեխաների և ծնողների մեդիագրագիտության և առհասարակ տեխնոլոգիական գիտելիքների անհավասարության պայմաններում:  Ուստի, ծնողների և երեխաների ֆեյսբուքյան ընկերությանն անդրադառնալիս նախ կարևոր է հասկանալ, թե ծնողներն ինչու՞, ինչպե՞ս և ու՞մ օգնությամբ են «նյութականից» տեղափոխվում վիրտուալ հարթակ:

Բացառությամբ մեկի` զրուցակիցներիս Ֆեյսբուքում գրանցել են երեխաները, ապա ծնողի ցանկությամբ/պահանջով  իրենց ուղարկել ընկերության հայտ:
Ավդալյան Աննան ասում է, որ թեև իրեն գրանցել է աղջիկը, մնացած տեխնիկական հմտությունները փորձել է ինքնուրույն սովորել: Խաչատրյան Լիլիթը նշում է, որ ի տարբերություն իր երեխաների՝ ֆեյսբուքն ընկալում է ոչ թե իբրև սոցիալական, այլ լրատվական կայք, որտեղից կարելի է նորություններ ստանալ: Ղազարյան Թագուհին իր մայրիկին Ֆեյսբուքում գրանցելը մեկնաբանում է սեփական էջով  իր բոլոր հարցերի պատասխանները գտնելու հնարավորությամբ. «Մաման գնում-գալիս ասում էր` էս ի՞նչ ա, էս ի՞նչ ա, էս ի՞նչ ա: Ես մտածեցի` թող իրենն ունենա, տեսնի, ու գրանցեցի»:

Մեդիա հետազոտող Մարիամ Կարապետյանը կարծում է, որ ավագ սերունդը տիրապետում է տեխնոլոգիաների սոցիալական իմաստներին, բովանդակությանը և դեռևս ունի ըմբոստանալու, քննադատական մտածողության հնարավորություն` առնվազն կարծրատիպերից դրդված, մինչդեռ  գործիքների միայն տեխնիկական կողմը յուրացնող և այլ իրականություն չտեսած երիտասարդն իրեն նման բան թույլ տալ չի կարող: Ընդգծելով ավագ սերնդի «բաց լինելու» կարևորությունը` նա նշում է, որ երիտասարդների մոտ հետարդիությանը բնորոշ հանիրավի հպարտությունը տեխնոլոգիաների սոցիալական իմաստների մասին չմտածելու հետեւանք է. տեսել եմ, ուրեմն հասկանում եմ: Որպես լուծում նա առաջարկում է մեդիագրագիտության բազմակողմանի կրթություն: Ընդ որում, եթե երեխաները հնարավորություն ունեն մեդիագրագիտության հասնել տարատեսակ դասընթացների, ինքնակրթության, համացանցում հասանելի օտարալեզու տեղեկատվության, ինչպես նաև հաստատութենային ճանապարհով, ապա ինքնակրթության բացակայության պարագայում ծնողներին  մնում է միայն երեխայի միջոցով փոխանցվող գիտելիքը:

«Մեզ միշտ թվում է, թե ավելի շատ բան գիտենք: Մի անգամ Շոստակովիչին հրավիրում են համերգի, լսում է և ասում. «Կարծիք չեմ կարող հայտնել, միգուցե սա ապագայի երաժշտությունն է, ես չեմ հասկանում»: Մեծ կոմպոզիտոր է, բայց կռահում է հնարավորությունը, որ գուցե կյանքը հասցրել է փոխվել այնքան, որ իր համար այլևս փոփոխությունը հասկանալի չէ: Նույն բացությունը ցանկալի է ավագ սերնդի կողմից, ով տեխնոլոգիական հմտությունների առումով միշտ զիջում է երիտասարդ սերնդին: Այստեղ ծնողի մոտ կարող է և՛ խանդի զգացողություն լինել, և՛ հպարտության: Եթե երիտասարդի տեսանկյունից մեկնաբանենք, պիտի խոսենք այն մասին, որ հայտնվելը միջավայրում, որտեղ թվում է, թե ավելի շատ բան գիտես, հանիրավի հպարտության տեղիք է տալիս: Եթե լինեին խելացի միջավայրում, այդպես չէին ասի: Պատրանքների դարաշրջան է, հանդիսանքի հասարակություն ենք անվանում: Հետարդիության դարաշրջանին բնորոշ հատկանիշ է` մի երկու հմտություն և քեզ թվում է, թե ամեն ինչ գիտես: Մտածում ենք, թե տեսնել նշանակում է հասկանալ: Դա արդեն ուսանման փորձառության հետ է կապված, պետք է սովորեցնել սոցիալական բովանդակությունը: Դա արդեն կապվում է մեդիագրագիտության հետ, որի այս կողմը բաց է մնում: Տեխնոլոգիայի հմտությունը գալիս է, դրա իմաստավորման հմտությունը` ոչ»,- ասում է Մարիամ Կարապետյանը:

Զրուցակիցներիցս ոչ մեկը չհերքեց, որ Ֆեյսբուքում «հայտնվելուց» հետո, առնվազն սկզբնական շրջանում հարթակն օգտագործել է իր երեխային հետևելու, ուսումնասիրելու համար, մինչդեռ ծնողների կողմից մեդիագրագիտության, տեխնիկական հմտությունների բացակայության պարագայում երեխան խորամանկ քայլերի միջոցով ծնողներին շփոթեցնելու հնարավորություն է ստանում:

Օսկանյան Լուսինեն նշում է, որ Ֆեյսբուքում գրանցվելը պայմանավորված է եղել երեխաների հետ ընկերություն անելու ցանկությամբ:

«Դասից հոգնած գալիս են, խոսել չեն ուզում, իսկ ֆեյսբուքում մեկնաբանություններից, գրառումներից հասկանում ես, թե իրականում ով է քո երեխան: Ես Ֆեյսբուքից եմ իմացել, որ իմ աղջիկը արտակարգ երգում է: Առաջին վեց ամիսն ինձ հետաքրքրում էին իմ երեխաները: Ես մտնում էի, տեսնում, թե ում հետ են շփվում, ընկերներն ովքեր են: Անհանգստանում էի, որ վատ շրջապատ կընկնեն: Հետո ինչքան գնաց, հետաքրքրացավ, ընկերներս շատացան, ու հիմա լուրեր եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից»:

Ավդալյան Գայանեն նշում է, որ մայրիկը մշտապես ներկա է իր կյանքում, առօրյայում, և Ֆեյսբուքը միայն հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալ իր հանրային կերպարին. «Ես այն տեսակն եմ, որ թաքցնելու բան չունեմ իմ ծնողներից: Մամայի մոտ էլ է նույնը, հանրության մեջ էլ է նույնը: Մաման ինձ ճանաչում է այնպես, ինչպես մյուսները... ավելի լավ»: Մկրտչյան Յուրան էլ նշում է, որ մայրիկի ներկայությունն իր վիրտուալ անձնական տարածքում նույնիսկ հաճելի է. «Եթե նույնիսկ մտածել եմ, որ Ֆեյսբուքը անձնական տարածք է, ապա ծնողիս մուտքն այնտեղ լրիվ թույլատրելի է»: Պողոսյան Ժաննան նշում է, որ չնայած  ծնողի հետ մտերմությանը, հաճելի չէ գիտակցել, որ ծնողը մտնում, նայում է, թե ում հետ է ընկերություն անում: Նրա մայրը` տիկին Քրիստինեն, անմիջապես հավելում է. « Բա չիմանա՞մ, թե ում հետ է շփվում երեխաս: Ձեզ պահեք ձեր եվրոպաները, մենք հայ ենք (երկուսն էլ ծիծաղում են- հեղ.)»:

Ի սկզբանե Սողոմոնյան Ռիման ավելի ռադիկալ մոտեցում է ունեցել ծնաղների և երեխաների ֆեյսբուքյան հարաբերություններին. իր մայրիկի համար ֆեյսբուքյան հաշիվ ստեղծելուց րոպեներ անց արգելափակել է իրեն ընկերության հայտ ուղարկելու հնարավորությունը. «Ես հանրային կյանքում և տանը տարբեր եմ, դրա համար չէի ուզում, որ մաման տեսներ ինձ այլ դերում: Բլոկել եմ հենց այն վայրկյանից, ինչ մամային գրանցեցի: Ես գիտեի, որ հենց մտնի ինձ ու եղբորս պիտի գտնի: Եղբայրս չկարողացավ փախչել, ես փախա: Չէի ուզում, որ ավելորդ անգամ իր մոտ տարրական հարցեր առաջանային, օրինակ` ինչու՞ եմ այսինչ ընկերոջն այսպես դիմում»: Ռիմայի մայրը, որը վերջերս է ավելացել իր աղջկա ընկերների ցանկում,  իրավիճակը մեկնաբանելիս կարևորում է երեխայի տարիքը, հասունությունը, վստահությունը և միտքն ամփոփում ձիու և քուռակի օրինակով. «Քուռակին որ ձեռք ես տալիս,  խրտնում, փախչում է: Մի անգամ հարցրի` ինչու՞ չկամ քո ընկերների մեջ, ասաց` որովհետև դու կարող ես այսպես անել, այնպես անել: Չեմ  մեկնաբանում ու չեմ մեկնաբանի իր գրառումները: Սահմանը չեմ խախտում, որովհետև իրեն խոստացել եմ: Պատկերացնում եմ ինձ աղջկաս դերում: Ես չէի ցանկանա, որ իմ մայրիկն ինձ հետևեր Ֆեյսբուքում, մեկնաբանություններ աներ: Իմ կարծիքով, վստահության պահն է: Հարցեր ունեմ, բայց չեմ տալիս, եթե պետք լինի, ինքը կասի: Ես շատ լավ եմ ճանաչում իմ աղջկան և հասկանում եմ»:

Վիրաբյան Հերմինեն հենց սկզբից չի ընդունել հայրիկի ընկերության առաջարկը: Չնայած դրան՝ երբեմն նամակագրությամբ են զբաղվում միմյանց հետ` հատկապես, երբ Հերմինեն բացակայում է երկրից ու հրաժարվում հեռախոսից:

«Իմ  ֆեյսբուքյան գրառումները բաց են միայն ընկերների համար: Հնարավոր է օրերով որևէ գրառում չանեմ, բայց հրաժարվեցի իմ ինֆորմացիան տրամադրել հայրիկիս, քանի որ առօրյայում էլ  շատ բան չեմ պատմում իրենց: Կար մի ժամանակ, որ էջումս շատ էին քաղաքական-քաղաքացիական դիրքորոշում արտահայտող գրառումները, իրենք էլ անընդհատ քննադատում էին ինձ դրա համար: Միգուցե դա պատճառներից մեկն էր, որ չէի ուզում, որ տեսնեին։ Շատ գրառումներ փակ էին նաև այլ բարեկամների համար։ Հիմա չեմ անհանգստանում, իրենք համակերպվել են, որ ես այդպիսին եմ, մի բան էլ իրենց «իմ ջրերն եմ գցել»»:

Ղազարյան Թագուհին թեև անձամբ է իրեն ավելացրել իր մայրիկի ընկերների ցանկում, հիշում է, որ մեկ անգամ ստիպված է եղել փակել գրառումը ծնողների համար. «Երեխայի մտքերը, արձագանքը ֆեյսբուքյան տիրույթ ծնողի մուտքի վերաբերյալ կախված է ծնողից, թե ինքը ո՞նց կարձագանքի: Մամայի համար իմ էջը փակ է եղել այն ժամանակ, երբ Բաղրամյանում ցույցերի էի մասնակցում, և մամայիս դուր չէր գալիս, որ շատ էի տարածում դրան վերաբերող տեղեկատվություն: Փակեցի իր համար ու շարունակեցի տարածել, որ կարծի, թե էլ չեմ անում: Ասում էր` էդքան մի դիր, որովհետև գյուղում գնում էին պապայի աշխատանքի տեղը, խոսում այդ մասին»:

Թագուհու մայրը նույն Ֆեյսբուքի միջոցով ոչ թե նորովի է ճանաչել իր աղջկան, այլ պարզել, որ ցույցի ժամանակ բռնության է ենթարկվել: «Ֆեյսբուքով իմացա, որ ցույցի ժամանակ ոստիկանները խփել, քաշքշել էին, բայց այդ մասին տանը չէր ասել»:
Թագուհին ասում է, որ հաճախ տանը չի զգուշացնում, թե ուր է գնում, և իր գտնվելու վայրի մասին ծնողները  հաճախ իմանում են Ֆեյսբուքի միջոցով:

Մարիամ Կարապետյանը կարծում է, որ այս հարցը քննելիս պետք է տարբերակել հայկական և համաշխարհային փորձը, դիտարկել ընտանիքի մոդելը, միջընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունները:

«Ես կարծում եմ, որ զուտ հայկական փորձառությունը կապ ունի դերային տեսանկյունից: Ֆեյսբուքն ինչպիսի՞ տարածություն է: Մի տեսակ մասնավոր հանրայնության, եթե այսպես ձևակերպենք: Անձնական մի բան է, որն ամեն վայրկյան հավակնում է դառնալ հանրային: Մարդիկ ի սկզբանե գիտեն, որ իրենց մասնավոր մտքերը, ապրումները դառնալու են հանրային: Ուրեմն դա մի վայր է, որտեղ մարդիկ ակնկալում են ներկայանալ իրենց մասնավոր հատկանիշներով, որոնք այլ կերպ չեն դառնում հանրային: Իհարկե, շատ բան իրական է և վիրտուալ, և ռեալ հարթակներում, բայց կան նաև առանձնահատկություններ:  Եթե ծնողն իր երեխայի հետ չի հանդգնում որոշ թեմաներ շոշափել  վիրտուալ իրականությունից դուրս, Ֆեյսբուքում կարողանում է իր երեխային տեսնել այլ տեսանկյունից: Ինչու՞: Այստեղ կապ ունի հայկական ընտանիքի ինչպիսին լինելը: Երբեմն մենք չենք հանդուրժում տեսնել մեր երեխաներին իրենց բոլոր հոգեբանական բաղադրիչներով, սոցիալական գաղափարներով: Պատրաստ չենք ընկալել այդ բոլորը: Մեզ թվում է, թե ինչ-որ սահման կա, որից այն կողմ չենք կարող անցնել: Երեխայի հետ բոլոր թեմաներից խոսելը անիրական է թվում: Մարդիկ կենցաղայինից դուրս թեմաներով միմյանց հետ խոսելու, քննարկելու փորձառություն չունեն:  Ինչքան էլ շատ ենք սիրում մեր երեխաներին, զրույցները մնում են կենցաղային մակարդակում: Ինչքան էլ զգացմունքային, հուզական կապն ամուր է, բնավորության, քննարկման տիրույթի նույն կապը հազվադեպ է վերածվում: Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս տեսնելու մարդկանց այն կողմը, այն մասնավորությունները, որոնք ինքը ցանկանում է նաև հանրային դարձնել: Սա սոցիալականացման կարողություն է նաև: Թե՛ երեխան, թե՛ մեծահասակը ինքնադրսևորվելու, գոնե մի քանի ինքնություն ընտրելու, դրանք խաղարկելու հնարավորություն են ստանում: Այդ է պատճառը, որ թե՛ ծնողը, թե՛ երեխան կարող են տեսնել մյուսին ոչ այն կարգավիճակում, ինչին սովոր են»:

Հետաքրքրական է, որ բոլոր զրուցակիցներս ունեն միմյանց հետ չատով հաղորդակցվելու փորձառություն` ընդ որում հաճախ գտնվելով նույն տարածության մեջ:

«Մենք կարող ենք տանը բարձրաձայն չխոսել, բայց նույն բանը գրել ֆեյսբուքով, կատակներ անել, որ չէինք անի իրական կյանքում, որովհետև ես ամաչում էի: Տանը հայրիկ, եղբայր կա, չենք կարող խոսել, գրում ենք ֆեյսբուքով»,- նշում է Անին, ում հայրն ի  սկզբանե թույլ չի տվել կնոջը Ֆեյսբուքում հաշիվ ունենալ:

Ավդալյան Աննան ասում է, որ ուշ երեկոյան տուն հասնելու և ինչ-ինչ պատճառներով հաճախ իրական շփման հնարավորություն չունենալու պարագայում նամակագրությունը հաղորդակցության օգտակար միջոց է իր և դստեր համար. «Երեկոյան սկսվում են մեր լուրջ նամակագրությունները: Օրվա ամփոփումը անում ենք նամակագրությամբ, գիշերը՝ ամեն մեկս մեր սենյակից»: Գայանեն խոստովանում է, որ երբեմն ամաչում է տետ ա տետ խոսել, մինչդեռ Ֆեյսբուքով գրելն ավելի հեշտ է: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ զույգը պնդում են, որ ֆեյսբուքյան նամակագրությունը պատնեշ է կոտրել, և հիմա կարող են իրենց թույլ տալ նույն հարցերի մասին խոսել նաև իրականում:
 Յուրան իր և մայրիկի ֆեյսբուքյան նամակագրությունն ամփոփում է «Ու՞ր ես» արտահայտությամբ: Ռիման նշում է, որ երբեմն մայրիկը Ֆեյսբուքով գրում է, որ դուռը բացի: Ժաննան էլ «սրտնեղում» է, որ մի անգամ նամակով գրել է, որ քաղցած է, բայց մայրիկը ուշադրություն չի դարձրել: Կենցաղային թեմաներից դուրս զրուցակիցներս երբեմն միմյանց նյութեր, հոդվածներ են ուղարկում, որոնք միշտ չէ, որ մնում են նամակագրության տիրույթում: Այնուամենայնիվ, վստահեցնում են, որ առավել հաճախ գրում են միմյանց, քան թեգում/նշում, գրառումներ անում մյուսի պատին, մեկնաբանում:

«Հետաքրքիր մի բան էլ կա` բանավորության և գրավորության տարբերությունը: Ինտերնետը մարդկանց երկրորդական բնավորություն տվեց: Առաջին բնավորությունը միջգրայինն է, երբ  գիրքը դեռ չկար: Ինտերնետում գրելը գրավոր  տեքստ է` բանավորության հատկանիշներով: Մարդիկ հնարավորություն ունեն լինել և՛ ուրիշ, և՛ սովորական, կենցաղային: Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս դրսևորվել այնպես, ինչպես գուցե ամաչեիր դրսևորվել իրականում` սրամտել, այլ կերպ ձևակերպել մտքերը, էսթետիկ բաղադրիչներ կիրառել, բաներ, որոնք կենցաղում գործի չէիր դնի: Ինչու՞: Որովհետև դա գրավոր տարածություն է, որտեղ ինքդ քեզնից ընտրություն ես կատարում, բայց միևնույն ժամանակ նույնքան պաթետիկ չես, որքան կլինեիր գրավոր այլ հարթություններում: Բանավոր անփութության և գրավոր «մի քիչ ավելի լավը լինելու», խնամվածության հետաքրքիր համաձուլվածք է»,- մեկնաբանում  է մեդիա հետազոտող Մարիամ Կարապետյանը:

Ծնողների և երեխաների ֆեյսբուքյան կապն ըստ նրա կարող է երկու հետևանք ունենալ: Առաջինն ընտանիքի սոցցանցային տեղադրելիության հետևանքով  ընտանեկան հարաբերությունների սոցիալականության գիտակցումն է, պատնեշների հաղթահարումը: Երկրորդ տարբերակն, ըստ մեդիա հետազոտողի, առավել հոռետեսական է, որի համաձայն՝ մարդիկ է՛լ ավելի կընկղմվեն վիրտուալի մեջ և կհեռանան իրարից:

«Բոլորին ասելն ավելի հեշտ է, քան մեկին ասելը: Մայրիկից, հայրիկից ամաչում են, որովհետև իրենց հետ սովոր են քննարկել միայն կենցաղը: Մտքերը, որ պիտի քննարկվեին, մղվում են երկրորդ պլան, անձնական են մնում: Այդ անձնական մտքերը սոցիալական պոտենցիալ ունեն, և մարդը ցանկանում է իրացվել նաև այդ հատկանիշների շնորհիվ: Ֆեյսբուքում էլ կա որոշակի մտերիմ ընկերների շրջանակ, բայց ասում ես բոլորին, իսկ բոլորին ասված խոսքը ոչ մեկին ասված խոսքն է: Վարկածային հաղորդակցությունը թաքնված ենթադրություն ունի, որ, այնուամենայնիվ, կգտնվի մեկը, ով պոտենցիալ սպառող է: Այդ դեպքում հենց սկզբից չես փակում ինֆորմացիան: Հակառակի պարագայում քեզ թվում է, թե ծնողիդ ամբողջությամբ ճանաչում ես, և այդ թվացյալ իմացությունը պատճառ է դառնում, որ հենց սկզբից փակես տեղեկատվությունը: Ինչու՞: Որովհետև սկսում ես երևակայել բոլոր հնարավոր զարգացումները, այլընտրանքների ծավալները: Դու արդեն ունես ենթադրյալ հարցերը և տրամադրված չես պատասխանել դրանց: Կռահվող մտքերը նյութականացնելու ցանկություն չունես:
Սա նաև իբրև անհատներ նորից ընտանիք մտնելու, բազմակողմանի երևալու, լինելու, կենցաղից դուրս հարաբերվելու հնարավորություն կարող է լինել: Դա դեռ այդպես չէ, բայց նման հնարավորություն կա: Կամ կյանքը գնալով կգնա վիրտուալացման ճանապարհով, կամ վիրտուալ փորձառությունը օգտակար կլինի ռեալ կյանքի համար»,- ասում է հետազոտողը:

Առավել խնդրահարույց է ծնողների և երեխաների հարաբերությունը նամակագրությունից դուրս: Եթե նամակագրության պարագայում կարող է զվարճալի թվալ, օրինակ, սթիքերների փորձարկումը, ապա հանրային տիրույթի շուրջ պայմանավորվածություններն ավելի բարդ են: Զրուցակիցներս նշում էին, որ կարողացել են համաձայնության գալ մեկնաբանության բացակայության կամ վերջինիս առկայության դեպքում ձևի, բովանդակային սահմանների շուրջ, մինչդեռ երեխաների լուսանկարները անձնական էջում տեղադրելու կամ զավակի էջից տարածելու միտումը, որ ակնհայտ էր առնվազն զրուցակիցներիս փորձառության պարագայում, նույնիսկ անհարմարության, անհամաձայնության դեպքում,  ի վերջո,  չի հանգեցնում պատճառների մասին խորքային վերլուծության թե՛ երեխայի, թե՛ ծնողի կողմից:

«Ես, ասենք, իմ էջի վրա ուրիշ ի՞նչ բաներ պիտի ունենամ, բացի իմ երեխեքի նկարներից, ուրիշ հետաքրքրություն չունեմ, չհաշված նյութերը, որ երբեմն կարդում եմ»,- ֆեյսբուքյան պատի բովանդակության մասին խոսելիս նշում է Մելանյա Հակոբյանը: Ռիման էլ հավելում է, որ թեև սկզբնական շրջանում վատ է զգացել իրեն, հետագայում եղբայրը համոզել է, որ մայրիկը պարզապես դրանից իրեն լավ է զգում. «Իր պատը մեր նկարներն են: Ընկերներս ասում են` բոլոր նկարներդ կրկնակի ենք լայքում: Ծնողների հետ նկար գցելու ցանկություն չունեմ, չնայած դա գուցե նույնն է, ինչ ընկերների հետ նկար գցելը: Մի անգամ եմ գցել` մեկնաբանելով, որ հայրիկիս էլ եմ նման»:

Հարցին պատասխանելուց առաջ երկար մտածելուց հետո Յուրան հիշում է, որ իր մայրը վերջին անգամ 3 օր առաջ է տարածել իր լուսանկարը. «Հենց նկար եմ ավելացնում, հայտնվում է +1-ը, և ես գիտեմ, որ մաման է: Ես հարցրել եմ, թե ինչու է նկարներս տարածում, բայց չեմ արգելել: Ասել է` ուղղակի: Չեմ մտածել` գոհ եմ, թե գոհ չեմ, բայց հաճելի է»:

Գայանեն էլ կեսկատակ-կեսլուրջ մտաբերում է արխիվը, որ մայրիկը հավաքում ու փորձում է հանրայնացնել. «Մաման ունի ֆոտոների և վիդեոների ահռելի բազա, որն ուզում է հանրայնացնել: Իմ կարծիքով, դա մի փոքր անձանկան է: Արգելում եմ: Նաև արգելում եմ ռոմանտիկ գրվածքները, փորձերի վիդեոները: Մաման միշտ գեշ ֆոտոներ ա դնում ինձնից ու, աստված չանի, որ ես մոտակա մի քանի ժամը ֆեյսբուքում չլինեմ: Երբ բացակայում եմ երկրից, ինչ-որ նկար եմ ուղարկում, ինքն անպայման դա դնում է իր պատին ու ինչ-որ հուզական բան գրում»:

Արդարադատության նախարարության «Անձնական տվյալների վարչության» իրավաբան Գևորգ Հայրապետյանը քննում է լուսանկարների` իբրև անձնական տվյալներ տարածման հնարավոր հետևանքները: Գևորգը ծնողի մեդիագրագիտությունը կարևորում է երեխայի մեդիագրագիտությունից` իբրև երեխա նկատի առնելով տասնութ տարին չլրացած անձին: Թե՛ երեխայի, թե՛ ծնողի կողմից տեղադրված լուսանկարը կամ անձնական այլ տեղեկատվություն կարող են ազդել վերջինիս հետագա կյանքի վրա նույնիսկ պայմանականորեն ջնջելուց հետո: 2015 թվականին ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը» որոշակիորեն կարգավորում է խնդիրը, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ հաճախ իբրև երեխա են դիտարկվում նաև չափահաս անձինք,  օրենսդրական կարգավորմանը զուգահեռ կարևոր են անհատի մեդիագրագիտությունն ու կայացրած որոշումների համար պատասխանատվությունը վիրտուալ հարթակում:

«Այստեղ մի քանի կարևոր հանգամանքներ կան, որ իրար հետ կապ ունեն: Նախ` այն ամենն ինչ տեղադրվում է համացանցում, այնտեղ պահպանվում է հավերժ: Այսինքն` դրա բովանդակությունը չի վերացվում: Գործնականում անհնար է ջնջել համացանցում տարածված ամբողջ տեղեկատվությունը: Սա նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ երեխայի մասին տեղեկությւնը, լուսանկարը, որը վատ լույսի ներքո է ներկայացնում երեխային, կամ կարող է որևէ կերպ միջամտել նրա կյանքին, այնտեղ կմնա հավերժ: Այսպիսի օրինակ կարող է լինել որևէ երեկույթի ժամանակ, միգուցե զավեշտալի, բայց իրականում ոչ այնքան հարմար դրության մեջ հայտնված երեխայի լուսանկարը : Հետագայում, երբ այդ երեխան չափահաս կլինի, լուսանկարը կշարունակի հասանելի մնալ համացանցի որոշ հանրույթների համար և կարող է միջամտել երեխայի անձնական կյանքին: Ընդ որում միջամտությունը շատ տարբեր կարող է լինել` կախված  տեղեկության խնդրահարույց բնույթից: Երեխաներն իրենց ֆիզիկական, մտավոր և հոգեբանական ոչ հասունության պարագայում ամբողջությամբ չեն կարող գիտակցել հնարավոր հետևանքները, որ կարող են առաջ գալ իրենց քայլերի հետևանքով: Այդ պատճառով ծնողները, ովքեր ավելի փորձառու են և ավելի հստակ են գիտակցում իրավունքի էությունն ու սահմանները, պետք է իրենց երեխաներին օգնեն կիրառել իրենց անձնական տվյալների պաշտպանությունը և իրենք էլ ձեռնպահ մնան այսպիս գործողություններից, որոնք տարիներ հետո կարող են երեխաների համար վնասակար լինել, բացասական  ազդեցություն ունենալ: Սա նշանակում է, որ եթե երեխան դեռահաս տարիքում չկշռադատված հրապարակումներ կարող է անել համացանցում, ապա ծնողները շատ ավելի մեծ պատասխանատվություն ունեն և պետք է իրենց երեխաների հետ կապված ամեն մի քայլը լինի գիտակցված, կշռադատված, բխի երեխայի լավագույն շահից»,-ասում է Հայրապետյանը:
Իրավաբանը նշում է, որ համապատասխան օրենքի հիման վրա ստեղծված գործակալությունը լիազոորված է  մարդկանց իրազեկելու, միջազգային փորձը ուսումնասիրելու, խորհրդատվություն տալու:  Նա փաստում է, որ իրենց գործունեության սկզբում արված մի վերլուծության համաձայն Հայաստանում մարդիկ այնքան էլ մտահոգված կամ իրազեկված չեն իրենց անձնական տվյալների պաշտպանությամբ: Իրավիճակը փոխելու նպատակով գործակալությունը հրապարակել է «Երեխաների անձնական տվյալների պաշտպանության ուղեցույց», որտեղ անդրադառնում է նաև վիրտուալ հարթակում անձնական տվյալների պաշտպանությանը (տես այստեղ):

Զրուցակիցներս տեղեկացրին, որ իրենց մասին տեղեկատվությունից բացի ծնողները հաճախ տարածում են իրենց կարդացած նյութերը, որոնց աղբյուրների ընտրությանը երբեմն մասնակցում են նաև իրենք:

«Տարիներ առաջ հայրս կանչեց ու ասեց, որ իր ֆբ. էջով լայքեմ այն լրատվականները, որոնք «բանի պետք են», որ այդտեղից լրատվություն կարդա»,- նշում է Հերմինեն: Յուրան երբեմն մայրիկի էջից ջնջում է բոլոր լրատվականները, որոնք իրեն դուր չեն գալիս: Ժաննան, ժպտալով ու ոչ այնքան գոհունակությամբ, նշում է, որ իր մայրիկը նախընտրում է թեթև, ժամանցային նյութեր: Թեև նրանցից ոչ մեկը չնշեց, թե երբևէ ամաչել է ծնողի տարածած նյութի համար, խոստովանում են, որ հաճախ ոչ միայն միջամտել են աղբյուրների ընտրությանը, այլև խնդրել ջնջել որևէ նյութ` մեդիագրագիտության չափանիշներից, իրենց նախասիրություններից  ելնելով, որոնք որակավորում են իբրև «հիմար կամ ոչ հավաստի նյութ»: Ի դեպ, մյուս կողմի միջամտությունը որևէ բան սոցիալական կայքից հեռացնելու առումով, արտացոլում է ռեալ հարթության, ընտանեկան հարաբերություններին բնորոշ ավանդույթները` օրինակ լուսանկարը երեխայի ընկերոջ հետ կամ մեկնաբանություններն ու գրառումները, որ, ծնողի կարծիքով, շատ հուզական են կամ կարող են հանրության կողմից սխալ ընկալվել:

Մարիամ Կարապետյանը թեման ամփոփում է մասնավոր և հանրային հարթակների միախառնության հետևանքների վրա ուշադրություն հրավիրելով. «Վերջերս Փառանձեմ Հովհաննիսյանը մի պատմվածք գրեց, որտեղ մի տղա 2030 թվականին նամակ է գրում ծնողներին, որում ասում է, թե 2017-ին տեղադրած լուսանկարի պատճառով ինքը հիմա խնդիրներ է ունենում իր սիրած աղջկա հետ: Ծնողները հաճախ չեն գիտակցում, որ իրենց քայլերը կարող են խնդիրներ առաջացնել երեխաների համար: Արգելք ենք դնում երեխայի տարբեր հնարավորությունների վրա, ի սկզբանե ջնջում ենք գաղտնիության բոլոր հնարավորությունները` օրինակ լուսանկարը հրապարակելով:
Եթե երեխան ասում է, թե իր ծնողը « հիմար բաներ» է կիսում, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ծնողն այլևս իր ընկերների համար հասանելի, տեսանելի մեկն է: Մենք ընկերներին մեր տուն բերում ենք ընտրողաբար և նույն կերպ ծանոթացնում ծնողների հետ: Այսինքն`նորից կենցաղային մակարդակն է: Երեխաներն իրենց ընտանիքի մասին որոշ մտքեր ուզում են ծածկել, իսկ այս դեպքում ստիպված են լինում ընկերների համար մեկնաբանել ծնողների ինտելեկտը, այս կամ այն նախասիրությունը: Ժամանակակից լինել-չլինելը մասնագիտացում չպահանջող հարցերից մեկն է»:

Ստեղծված իրավիճակում արդիական է թե՛ ծնողների, թե՛ երեխաների մեդիագրագգիտության և դրա բացակայության/թերի առկայության հետևանքով վիրտուալ հարթակում առաջացող կամ նորովի դրսևորվող հարաբերությունների, սոցհարթակային մեդիայի և մշակույթի հարցը, ինչի համար ժամանակ և առվազն կրթվելու, այս հարցերի շուրջ մտածելու ցանկություն և հնարավորություն է անհրաժեշտ:

Լուսանկարի աղբյուրը՝ https://www.avonandsomerset.police.uk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter