HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ. Միջազգային փորձագետներ ներգրավելու մասին միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ 

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։
Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 18:50-ին, «սպիտակ գծի օղակված ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սիրտ-անոթային անբավավարություն, բազմօրգանային անբավարարություն, թոքերի տոտալ այտուց ախտորոշմամբ: 

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականություններն ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: 
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան։ Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ 

Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին եւ նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին՝ փորձաքննությանը ներգրավել նաեւ միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է եւ ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչած միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը։ 

Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաեւ շտապօգնության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։ 
Քննության ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»,- գրել է Սոնա Տռուզյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։