HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՅԴ պահանջով կառավարությունը հրաժարական կտա՞, թե՞ ոչ

Արմեն Ռուստամյանը արտահերթ կարգով ամբիոնից հնչեցրեց  ՀՅԴ գրավոր հարցապնդումը Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվության մասին: Պատգամավորը նշեց կառավարության հրաժարականի համար իրավական հիմքերը եւ բերեց մի շարք փաստարկներ:

Ըստ Արմեն Ռուստամյանի` 2011 թ. մայիսի 25-ին  ՀՅԴ հարցապնդումը քննարկման ժամանակ պարզ է դարձրել, որ կառավարությունը, ստիպված լինելով ընդունել ԱԺ կողմից կառավարության ձեւավորման ժամանակ հաստատված ծրագրերային նպատակների եւ թիրախների չկատարումը, փորձել է դա բացատրել համաշխարհային ճգնաժամով եւ նախկինից ստացած ժառանգությամբ: Պատգամավորի ասելով` այդ քննարկումները ակնհայտ են դարձրել, որ կառավարության նման պատճառաբանությունները ծրագրային դրույթները չկատարելու վերաբերյալ, մեղմ ասած համոզիչ չեն:

«Փոխարենը համոզվեցինք, որ կառավարությունը, փաստորեն չի առաջնորդվում Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրով, հակառակ պարագայում չէր արձանագրվի կառավարության կողմից 2008 թ. եւ 2011 թ. տրված գնահատականների նրա մատնանշած խնդիրների եւ նպատադրումների միջեւ առկա աղաղակող անհամապատասխանությունը: Ավելին` կառավարության կողմից շարունակվող ոչ ադեկվատ գործողություններին առկա միջոցներն ու հնարավորությունները ճիշտ չօգտագործելու հետեւանքով օրեցօր ավելի ու  ավելի անհասանելի են դառնում 2008 թ. նախանշած թիրախներն ու ակնկալած սոցիալ-տնտեսական ցուցանիշերը՝ էլ ավելի մեծացնելով ներկա կառավարության բացասական հաշվեկշիռը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` միայն 2009 թ., կառավարությունը Հայաստանի արտաքին պարտքն ավելացրել է շուրջ 1,4 մլրդ ԱՄՆ դոլարով, ինչը ոչ միայն ավելի էր, քան տնտեսական անկման բացարձակ ցուցանիշները, այլեւ Հայաստան կատարած փոխանցումների  զուտ մուտքերի 2008 թ. նկատմամբ  նվազումը գերազանցել է 4,3 անգամ: Ընդ որում՝ Հայաստանի արտաքին պարտքի 2010-2011 թթ. ավելացումների արդյունքում արդեն 2011 թ. ավարտին արտաքին պարտքը կազմելու է մոտ 3,8 մլրդ. դոլար: Պարտքի ներգրավման այս քաղաքականության արդյունքում աճեց արտաքին պարտքի միջին տոկոսադրուքը (2009 թ. 1 %-ը 2011 թ. դարձել է 1,9 %), նվազել է արտաքին վարկերի միջին ժամկետայնությունը, մեծացել է լողացող տոկսադրույքով վարկերի տեսակարար կշիռը (2009 թ. 27,8 %-ից 2014 թ. կազմելու է 39,5 %): Այսինքն՝ արտաքին պարտքի բեռի ավելացմանը զուգընթաց մեծացել է նաեւ արտաքին ազդեցություններից կախվածությունը:

Մյուս կողմից՝ թեև ճգնաժամի հաղթահարման նպատակով վերցված արտաքին վարկային ռեսուրսների միջին տոկոսադրույքը չի գերազանցել 2 %-ը, սակայն երկրի ներսում բանկային համակարգի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները գերազանցում են նույն տնտեսության զարգացման համար ստացվող վարկային ռեսուրսների տոկոսադրույքները 7-12 անգամ:

Ըստ ՀՅԴ խմբակցության՝ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ բնակչության կենսամակարդակի վրա: 34,1 % աղքատության մակարդակի պայմաններում նվազագույն աշխատավարձը 32.500 դրամ է, աշխատանքային միջին կենսաթոշակը` 28.396 դրամ (2012 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է այն դարձնել 31.255 դրամ), սոցիալական հիմնական կենսաթոշակը 10.500 դրամ (2012 թ. համար նախատեսվում է 13.000 դրամ), անապահովության ընտանեկան միջին նպաստը` 26.853 դրամ (2012 թ. նախատեսվում է այն դարձնել 29. 538 դրամ), երբ սպառողական նվազագույն զամբյուղը կամ սոցիալական նվազագույն ընդունելի մակարդակը 2011 թ. երկրորդ եռամսակի ավարտին կազմել է շուրջ 63.000 դրամ:

Կառավարության անունից խմբակցության հարցապնդմանը ամբիոնից պատասխանեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա մատնանշեց մի շարք ծրագրեր, ոոնք հաջողությամբ իրականացվել են կառավարության կողմից:

«Պետք է նշել, որ հարցերը, որոնք բարձրացվել են «Դաշնակցություն» խմբակցության կողմից, նոր չեն, նրանք ըստ էության կրկնում են նախկինում հնչեցրած թեզերը: Ես պնդում եմ, որ կառավարությունը հետամուտ է եղել կոալիցիոն հուշագրով հանձն առած պարտավորություններին եւ քաղաքականությունն ուղղորդել է այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Քանի որ դահլիճում շատ քիչ պատգամավորներ են նստած, եւ առավոտյան մի շարք օրինագծերի քվեարկությունը այդ պատճառաբանությամբ հետաձգվել է, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենց ներկայացրած հարցապնդումը նույնպես քվեարկվի վաղը:

ԱԺ կանոնակարգ օրենքով՝ քվեարկությունը պետք է տեղի ունենար այսօր, սակայն, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ բացառություն են անում եւ քվեարկությունը կտեղափոխեն վաղը: Ավելին՝ Սամվել Նիկոյանը խոստացավ ապահվել նաեւ քվորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter