
Սեպտեմբերին Արտավանում առաջին դասարան կգնա մեկ աշակերտ
Վայոց ձորի Արտավան գյուղում նորը կառուցելիս հինը չեն քանդում: Նորակառույցների կողքին գյուղում պահպանվել են փոստի, դպրոցի եւ գյուղապետարանի մոտ մեկ դարյա կենսագրություն ունեցող շինությունները: Ուզում եք համոզվե՞լ, գնացեք Արտավան: Ծովի մակերեւույթից 1880 մ բարձրության վրա գտնվող գյուղում ջերմությամբ կհյուրընկալեն, ինչպես ընդունված է բոլոր փոքր, լեռնային գյուղերում, որտեղ օտարի մուտքը բացահայտվում է րոպեների ընթացքում:
Արտավան տանող ճանապարհն անբարեկարգ է: Ձյան շերտը տեղ-տեղ փակում է թերությունները, որտեղ հալվել է՝ բացվել են չարաբաստիկ փոսերը: Գյուղի սկզբնամասում երկհարկանի, միանաման առանձնատներ են՝ երկու առանձին ընտանիքների համար նախատեսված: Կառուցվել են խորհրդային տարիներին, սակայն շինարարությունը մեծ թափ չի ստացել՝ ընդամենը 15 տուն: Փլուզվել են խորհրդային կարգերը՝ հետն էլ գյուղի բարեկարգման, ընդլայնման ծրագրերը:
Լեռնային գյուղերում կենտրոն ասվածը դժվար է որոշել՝ հարթ տարածքներն են քիչ, այնպես, որ նույն հարթության վրա եւ գյուղական կարեւորության որեւէ շենք լինի, եւ ազատ տարածք՝ հավաքվելու համար: Արտավանում, որտեղ քայլելիս կամ բարձրանում ես, կամ իջնում՝ միակ հարթ ու ընդարձակ տարածքում դպրոցն է կառուցված, որտեղ 29 երեխա է հաճախում:
Դպրոցի տնօրեն Գրավիկ Հովհաննիսյանն ասում է.«Երեխաների նվազ քանակի պատճառը ծնելիությունն է, ինչ որ տեղ էլ՝ արտագաղթը»: Գյուղում երիտասարդները չեն շտապում ամուսնանալ՝ կայուն եկամուտ չկա: Ամուսնացողներն էլ մեկ-երկու երեխայից ավելի չեն ուզում ունենալ՝ պահելու համար կրկին կայուն եկամուտ չկա: Արտավանի դպրոցը նախատեսված է 160 աշակերտի համար: «Դպրոցը նախկինում 8-ամյա է եղել ու երկհերթ է աշխատել: 1996թ-ից դարձավ միջնակարգ: Պիտի ասեմ, որ լրիվ բավարար էր գյուղին, ուղղակի տարիների հետ երեխաներ թիվը պակասեց ու հիմա ունենք ահա այսպիսի տխուր թվաբանություն»,-նկատում է Գրավիկ Հովհաննիսյանը:
Անցած ուսումնական տարում առաջին դասարան ընդունվել է երեք աշակերտ: Այս տարի դպրոցը կավարտեն հինգը: 10-րդ եւ 11-րդ դասարանները, որտեղ սովորում են երկուական աշակերտ` օպտիմալացրել են: 2-րդ եւ 3-րդ դասարաններում մեկական աշակերտ են սովորում: Դպրոցում դասավանդող 12 մանկավարժից մի քանիսը, բացի իրենց մասնագիտականից, ցածր դասարաններում համատեղության կարգով դասավանդում են նաեւ այլ առարկաներ: Հայոց պատմություն, աշխարհագրություն, օտար լեզու(անգլերեն) եւ մաթեմատիկա առարկաների մասնագետների պակաս կա դպրոցում: Դպրոցի տնօրենն եւս դասավանդում է՝ շախմատ եւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկաներ, թեպետ մասնագիտությամբ աշխարհագրագետ է:
Արտավանի ներկայիս դպրոցի շենքը կառուցվել է 1974 թ-ին: Դպրոցի մուտքի մոտ եւ բակի տարածքում պահպանված են անցած դարում որպես դպրոց ծառայած շինություները: Դպրոցում կոսմետիկ նորոգման աշխատանքներ 2008թ-ին իրականացվել է Համահայկական հիմնադրամի միջոցով, սակայն արդյունքը չի պահպանվել՝ շինության ներսում սկսվել է ծեփոնաթաման գործընթացը: Դպրոցի ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական ջեռուցիչների միջոցով: Գրավիկ Հովհաննիսյանն ասում է, որ 9 տարի առաջ ջեռուցման համակարգ դպրոցում անցկացվել է, սակայն լոկալ ջեռուցում ապահովելու համար կաթսայատուն այդպես էլ չեն կառուցել: Հին ու մաշված է դպրոցական գույքը, դասասենյակներում ժամանակի քննությանը չի դիմանում նաեւ մանրահատակը՝ քանդվում է:
![]() |
![]() |
Դպրոցը զրկված է սպորտդահլիճից՝ հատակը փտած ու քանդված է, չունեն համապատասխան գույք: Խորհրդային տարիներից ինչ եղել է՝ մաշվել, շարքից դուրս է եկել: Ֆիզկուլտուրայի դասաժամերը գարնանն ու աշնանը դրսում են պարապում, ձմռանը՝ դասասենյակներում: «Հիմա սպորտի նախարարը խոստացել է, որ գյուղական դպրոցների դահլիճները պետք է վերանորոգվեն, հույս ունենք մեր դպրոցն էլ կլինի այդ ցանկում, բայց ո՞ր թվականին է լինելու՝ չգիտենք»,-ասում է Գրավիկ Հովհաննիսյանը:
Տնօրենը մտավախություն ունի, որ Արտավանի դպրոցին, երեխաների քիչ քանակի պատճառով, առաջնահերթություն չի տրվի: «Բայց երեխան երեխա է: Արտավանցի փոքրիկն ինչ մեղք ունի, որ ծնվել է լեռնային այս գյուղում, հաճախում է դպրոց, որը շատ քիչ աշակերտներ ունի,-տարակուսում է տնօրենը,-թեկուզ 10 երեխա, բայց իրենք պիտի լիարժեք կրթություն ստանան»:
5-ամյա Գոռ Ավետյանն այս տարի սեպտեմբերին կգնա առաջին դասարան: Փոքրիկն արդեն գիտի, որ դասարանում միակն է լինելու: Հարցնում եմ՝ պատրա՞ստ է ամեն օր դաս սովորել ու պատասխանել՝ հաստատակամորեն գլխով է անում: Տատի միակ մտավախությունը, թե թոռը չար է ու կռիվ կանի դպրոցում եւս բացառում է. «Մենակ ու՞մ հետ կռվեմ»,-զարմանքից կլորացրած աչքերը հառելով տատի վրա հարցնում է Գոռը:
77-ամյա Էմմա Զատիկյանը 40 տարի Արտավանի դպրոցում սերունդ է կրթել ու կյանք ճանապարհել: Արտավանի դպրոցի փակման խոսակցությունների հետ չի հաշտվում, ասում է՝ գյուղը կդատարկվի: «1968-69թթ-ին ինձ առաջին դասարան տվեցին՝ 22 աշակերտ կար: Սովետի ժամանակ մարդիկ աշխատանք ունեին, վաղվա օրվա վրա շատ չէին մտածում: Ամուսնության տարիքի տղա, թե աղջիկ ամուսնանում էին ու անպայման մի քանի երեխա բերում: Հիմա ոչ ամուսնանում են, ոչ էլ ուզում են երկու երեխից ավելի երեխա ունենան: Ասում են, թե Արտավանի դպրոցն ուզում են փակել: Եթե փակեցին, մի մեծ կողպեք էլ թող գյուղի վրա կախեն՝ գյուղը կդատարկվի»,-մտահոգվում է տիկին Էմման:
Գյուղերի խոշորացման ծրագիրն եւս տիկին Էմմայի կարծիքով սամանամերձ գյուղերին ոչ մի լավ բան չի խոստանում: Ամեն ինչ օպտիմալացնելու մոլուցքն, ըստ արտավանցի տիկնոջ, գյուղերը դատարկելու ամենաուղիղ ճանապարհն է: 2016թ-ի հոկտեմբերի 2-ին համայնքների խոշորացման ծրագրով Արտավանն ու Վայոց ձորի մարզի եւս 8 գյուղ միավորվեցին Զառիթափի փնջում: Խոստացված դրական փոփոխությունները լեռնային Արտավանում առայժմ նկատելի չեն:
Համայնքապետարանի օպերատոր Մանվել Գեւորգյանի փոխանցմամբ 5-ամյա զարգացման ծրագրում միջպետական մայրուղուց մինչեւ գյուղ ընկած 8 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներառված է, ինչպես նաեւ գազիֆիկացումը: Թե որ ծրագիրը, որ տարում իրականություն կդառնա՝ չեն կարող ասել: «Գյուղը չունի գիշերային լուսավորության ցանց: Վիվասելի՝ սահմանամերձ գյուղերում իրականացվող ծրագրերի շրջանակում, այս գարնանը մեր գյուղում էլ մոտ 3 կմ-ի չափ ցանց կանցկացվի»,-ասում է Մանվել Գեւորգյանը:
Փնջում ներառված Մարտիրոս գյուղում ստեղծվելու է գյուղտեխնիկայի պարկ: Մանվել Գեւորգյանն ասում է, որ այդ ծրագիրը խնդրահարույց է լինելու միայն Արտավանի ու Սարավանի համար: «Մենք ավելի հեռու ենք գտնվում ու քանի որ գյուղատնտեսական աշխատանքները միաժամանակ է սկսվում, հնարավոր է մենք մի քիչ տուժենք՝ գյուղտեխնիկան ուշ հասնի մեր համայնքներ»,-նկատում է զրուցակիցս:
Փաստացի գրանցումով 300 բնակիչ ունեցող գյուղում մշտապես բնակվողների թիվը մոտ 240 է: Բնակիչներ մի մասը ձմռանը հեռանում է գյուղից եւ վերադառնում միայն ամռանը՝ օրերը տաքանալուն պես: Արտավանում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ այգեգործությամբ: 350 գլուխ խոշոր եղջերավոր, 600 գլուխ էլ ոչխար ու այծ են պահում արտավանցիները:
108 հա խոտհարք ունեն՝ հիմնականում ցանովի: 412 հա վարելահողն եւս հիմնականում խոտհարքի տեղ են օգտագործում՝ առվույտ եւ կորնգան են ցանում, որպես անասնակեր: «Անցած տարի ոնց որ աշխուժացում կար գյուղում, գարու սերմնացուն պետությունը սուբսիդավորեց, մարդիկ վարելահողերը մշակեցին: Էս տարի 130 դրամից սերմացուի 1 կգ –ի գինը բարձրացավ 240 դրամ, մենք էլ 5,5 տոննայի պահանջարկ էինք ներկայացրել կառավարություն, որ ստանայինք, բայց որ սուբսիդավորումը դուրս եկավ՝ բոլորը հրաժարվեցին»,-ասում է Մանվել Գեւորգյանը:
Երկնքի փեշերին այդքան մոտ Արտավանում եկեղեցի չկա: Աստծո տնից փրկված խաչքարերն, ինչպես Ֆրունզե Դովլաթյանի հայտնի «Մենավոր ընկուզենին» ֆիլմում, պարզապես շարել են բաց երկնքի տակ՝ պահ տալով ծերացող ընկուզենուն: «Գուցե մի օր մենք էլ եկեղեցի ունենանք,-նկատում է գյուղի բնակիչներից մեկը,-մեր նախնիները, որ 1830թ-ին գաղթել են Խոյից ու Սալմաստից, հիմնել գյուղը՝ նախ աղոթատեղի են սարքել, հետո դպրոց: Դրա շուրջ է հայ շենը կանգուն: Հիմա մենք չունենք եկեղեցի, ոչինչ, եթե էլի չունենանք, բայց եթե որոշեն դպրոցը փակել՝ համարեք, որ փակվելու ու դատարկվելու է գյուղը»:
Գլխավոր լուսանկարում Արտավանի փոստատան հնամյա շենքն է
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել