HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեհանգստի արարողություն Թբիլիսիում՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի

Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգիստ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի անմեղ զոհերի:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին երկրաշարժի զոհերի հարազատները, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հավատացյալներ:

Չարագույժ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցեցին Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանի վերաինտեգրման փոխնախարար Զվիադ Զվիադաուրին:

Հավաքվածներին ուղղված իր խոսքում տեր Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանը նշեց, որ թեև 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայ ժողովրդի պատմության մատենագրության սև էջերից մեկն է, օր՝ որը մահ սփռեց Հյուսիսային Հայաստանի բնակավայրերի ու բնակիչների վրա և այսօր, արդեն 23-րդ անգամ դարձավ զոհվածների հիշատակության, ցավի ու մորմոքի, անմեղ զոհերի կորստի անմոռանալի հուշ, սակայն այն նաև մեր ժողովրդի հոգու անպարտելիության, ցավին ընդդիմանալու և վերստին հառնելու ապացույց է: Նա ընդգծեց ժամանակաշրջանի բարդությունը, երբ հայ ժողովուրդը, տոգորված Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու խնդրով, իր մեջ ուժ գտավ դիմանալու, բարձրանալու ու հոգու արիությունը պահպանել համար: 

Սրբազան Հայրը կարևորեց ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին մենակ չթողնելու հանգամանքը. «Աշխարհը սատար կանգնեց հարվածի ծանրությունից ցնցված հայ ժողովրդի կողքին և այդ սատարողներից առաջինը Վրաստանն ու վրաց ժողովուրդն էր, որը բարեկամի ջերմությամբ, դրացու անմիջականությամբ հասցրեց առաջին օգնությունը, ընդգրկվեց երկրաշարժի փլատակներից մարդկանց փրկության աշխատանքներին, ընդունեց ու դարմանեց հազարավոր տուժածների ու անապաստան մնացածների: Դա է իսկական բարեկամի, իսկական հարևանի վերաբերմունքը»,- հավելեց վիրահայոց հոգևոր առաջնորդը:

Նույն օրը Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլի Վայների նոտային ժողովածուի և «Դաշնամուրային պիեսների» համերգ-շնորհանդեսը: Ստեղծագործությունները կատարեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը: Համերգի ժամանակ կատարվեցին նաև հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Սուսաննա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter