HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Զինված խմբի գործով դատավորը հակասեց իր կողմից նախկինում հայտնած դիրքորոշմանն ու քննարկեց դատախազի միջնորդությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ամբաստանյալ Վահան Շիրխանյանի բացակայության պայմաններում միջնորդություն քննարկեց և որոշում կայացրեց Նոր Նորքի «զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակել`փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը. արդյոք Վահան Շիրխանյանը ներկայումս տառապո՞ւմ է դատական քննությանը վերջինիս մասնակցությունը խոչընդոտող որևէ հիվանդությամբ, եթե այո, ապա ի՞նչ հիվանդությամբ, այդ հիվանդությունը խոչընդոտո՞ւմ է ամբաստանյալի մասնակցությանը դատական քննությանը, այն ենթակա՞ է բուժման, որքա՞ն ժամանակում և ի՞նչ միջոցառումների արդյունքում է հնարավոր ապահովել Վահան Շիրխանյանի առողջական վիճակի բարելավումն ու դատական քննությանը նրա մասնակցելու հնարավորությունը:

Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրեց դատախազ Գևորգ Սարգսյանը: Վերջինս, կասկածի տակ չդնելով քրեակատարողական հիմնարկից դատարան ուղարկվող գրություններն այն մասին, որ Շիրխանյանի առողջական վիճակը թույլ է տալիս նրան դատարան ներկայանալ՝ հայտարարեց, որ դատական նիստերը Շիրխանյանի բացակայության հիմքով շարունակ հետաձգելով՝ ոտնահարվում են մյուս ամբաստանյալների իրավունքներն ու ընդգծեց, որ Շիրխանյանն արդեն 6 դատական նիստ է, չի ներկայանում դատարան:

Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը հակադարձեց. որևէ կալանավորված անձ չի ներկայանում դատարան. նրան ներկայացնում են:

Հիշեցնենք, որ Շիրխանյանը մշտապես հայտարարել է, որ ինքը չի հրաժարվում ներկայանալ դատական նիստերին. պարզապես առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ և պահանջել է, որպեսզի իրեն դատարան տեղափոխեն պատգարակով, ինչն ամիսներ շարունակ չի արվում:

«Իրեն կարող են ներկայացնել կամ չներկայացնել։ Եթե մեղադրող դատախազը գրեր, որ 6-րդ դատական նիստն է՝ պարոն Շիրխանյանին դատարան չեն ներկայացնում, ապա ակնհայտ կլիներ, որ անհիմն միջնորդություն է ներկայացնում»,- ասաց Ալումյանը՝ դատարանից պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի Շիրխանյանին դատարան բերեն:

Ալումյանը համոզմունք հայտնեց, որ եթե միջնորդությունը բավարարվի, ապա դրանից  դատական նիստերն ավելի արագ չեն ընթանա, քանի որ հանձնաժողովային փորձաքննությունները բավականին երկար են տևում:

«Փորձ չանե՛ք ուրիշ ամբաստանյալներին տրամադրել իմ պաշտպանյալի դեմ, փորձ չանե՛ք մեկին մյուսի դեմ տրամադրելով՝ ինչ-որ օգուտներ քաղել մեղադրանքի առումով, ու փորձ չանե՛ք այստեղ հանդես գալ՝ իբրև կալանավորված մեղադրյալների շահերից խոսող սուբյեկտ։ Դուք այն սուբյեկտներից մեկն եք, ում միջնորդության հիման վրա այս մարդկանց հեռախոսազանգերը և տեսակցություններն ակնհայտ անհիմն արգելվել են։ Դուք այն սուբյեկտն եք, ով իրավունք ուներ, այստեղ գտնվողներից շատերի առողջական վիճակից  կամ մյուս պայմաններից ելնելով՝ փոխել խափանման միջոցը։ Դուք դա չեք արել։ Եվ հիմա մի՛ փորձեք հանդես գալ՝ իբրև թե մեղադրյալների շահերից»,- դատախազին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Շիրխանյանին կալանավորելու հիմքերից մեկը, փաստորեն, չի ծառայում իր նպատակին: Մասնավորապես՝ ըստ Հովհաննիսյանի՝ Շիրխանյանին կալանավորելու հիմքերից մեկ այն է, որ նա կարող է խուսափել քննություն իրականացնող մարմնի պահանջով ներկայանալ, և պետական մարմինը նրան կալանավորել է, որպեսզի ապահովի նրա ներկայությունը, ինչը, փաստորեն չի անում:

«Եթե կալանավորում եք, խափանման միջոցը նպատակին չի ծառայում, փոխե՛ք խափանման միջոցը, մարդն իր միջոցներով՝ մի քանի հոգու կխնդրի, կվարձատրի, ինչ կանի, պատգարակով կբերեն, դատաքննությունը կշարունակվի»,- ասաց Հովհաննիսյանը:

Փաստաբան Էդուարդ Աղաջանյանն էլ նկատեց. դատարանը միջնորդություն է քննում այն դեպքում, երբ անգամ պարզ չէ դատավարության մասնակիցների անձը, պարզ չէ՝ դատավորին ինքնբացարկի, մեղադրողներին՝ բացարկի միջնորդություններ,  ամբաստանյալների պաշտպաններին՝ վարույթից հեռացնելու հիմքեր կան, թե՞ ոչ:

Դատարանն այնուամենայիվ, կայացրեց իր որոշումն ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հրապարակեց այն:

Նշենք, որ մինչ այս «զինված խմբի» գործով ամբաստանյալների պաշտպանների կողմից միջնորդություններ ներկայացնելու բոլոր փորձերը դատավոր Արմեն Բեկթաշյանը «կանխել է» կամ դրանք չի քննարկել՝ դիրքորոշում հայտնելով, որ ամբաստանյալներից որևէ մեկի բացակայության պայմաններում չի կարող որևէ միջնորդություն քննվել: Այսօր, փաստորեն, մեղադրողի միջնորդության համար դատավորը «բացառություն արեց» հակասելով նախկինում հայտնած իր դիրքորոշմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter