Բաց նամակ լրատվամիջոցներին
Ի գիտություն Ձեզ եւ Ձեր ընթերցողների` 2011թ. դեկտեմբերի 9-ին` ժամը 12-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ, որտեղ որպես վկաներ քննության են հրավիրված նաեւ Լեռնապատի մի խումբ բնակիչներ, ովքեր շուրջ երկու տարի է` տաբեր ատյաններ բողոքներ են հղում եւ տարբեր լրատվամիջոցներով անվանարկում են Լեռնապատի գյուղապետին: Փաստենք, որ Լեռնապատի այդ բնակիչները աշխատում են «Քարաբերդ» ՍՊԸ-ում, այսինքն` Արտաշես Թումանյանի սեփական հիմնարկում եւ նրա պատվերով էլ ցուցմունքներ են տվել ինչպես իմ դեմ հարուցված շինծու քրեական գործով, այնպես էլ Լեռնապատի գյուղապետի դեմ հարուցված ամհիմն քրեական գործով:
Թերթելով այդ թեմայով մամուլում երկու տարվա տպագրվածը` տպավորություն ես ստանում, որ մամուլը կամ դիտավորյալ է այդպես գրել, կամ պատվեր է կատարել, կամ պարզապես չի խորացել երեւույթի էության մեջ: Հուսալով, որ լրագրողները չեն խորացել երեւույթի մեջ` դիմում եմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք այս երկու տարվա ընթացքում գրել են Լեռնապատի մասին եւ մակերեսային պատկերացում են ստեղծել Լեռնապատում տիրող վիճակի մասին` խնդիր ներկայացնելով իբրեւ գյուղապետի եւ բնակիչների հակամարտություն:
Մինչդեռ իրականում թե ես, թե Լեռնապատի գյուղապետը դարձել ենք Արտաշես Թումանյանի սեփականատիրական մոլուցքի զոհը: Պայքար է ծավալվել իմ դեմ, որպեսզի ես Արտաշես Թումանյանի քարհանքի կողքին նոր քարհանք չբացեմ, եւ նա պահպանի իր գերիշխող ու մոնոպոլ դիրքը բազալտ քարի եւ ավազի շուկայում ու աշխատաշուկայում: Թումանյանը լավ գիտի, որ գյուղապետը ինձ հետ բաժնետեր չէ, սակայն վերջերս էլ գյուղապետի` իբր բաժնետեր լինելու մասին գրվեց «Երկիր» օրաթերթում Թումանյանի քարհանքի պահակ Կամսար Թամարյանի բերանով: Արտ. Թումանյանը իր քարհանքի պահակ Կամսար Թամարյանի եւ նրա մերձավորների միջոցով պարբերաբար շանտաժի է ենթարկում Լեռնապատի գյուղապետին, որ գյուղապետը խզի ինձ հետ կնքած վարձակալության պայմանագիրը եւ տեսնելով, որ գյուղապետը չի խզում այն, Թամարյան եղբայրները իրենց մերձավորների հետ պահանջում են գյուղապետի հրաժարականը:
Թումանյանի նպատակն այն է, որ գործող գրագետ եւ սկզբունքային գյուղապետի փոխարեն գյուղապետ դառնա իր կամակատարը: Այդ նպատակով կազմակերպվել են բազմաթիվ ստուգումներ գյուղապետարանում, գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ, իսկ «Կառատ» ՍՊԸ-ում նշանակվել է հարկային ստուգում, որի արդյունքում Թումանյանին հաջողվել է իմ դեմ եւս շինծու քրեական գործ սարքել, որի քննությունն արդեն իսկ սկսվում է: Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը` ես լռել եմ մինչեւ այժմ, սակայն ժամանակն է, որ բացահայտվեն այն բոլոր պաշտոնյաների, ուժային կառույցների աշխատողների, ստուգողների անօրինականությունները, որոնց հետ ունեցած անձնական կապերի միջոցով Թումանյանին հաջողվել է քրեական գործ սարքել իմ դեմ:
Առաջարկում եմ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք անդրադարձել են Լեռնապատի գյուղապետի եւ բնակիչների խնդրին, այցելել դատական նիստին, որպեսզի իրականում հասկանան երեւույթի բուն էությունը եւ մամուլում կատարեն լրագրողի իրենց պարտականությունը եւ փաստերը ներկայացնեն հանրությանն այնպես, ինչպես կա, ոչ թե տպագրեն պատվերով տարածվող զրպարտչական տեղեկություններ, որի համար, ի դեպ, Լեռնապատի գյուղապետը դատական հայցեր է հարուցել զրպարտիչների դեմ եւ շահել: Եթե այն լրատվամիջոցը, որն անդրադարձել է Լեռնապատի խնդրին, իմ կանչով չի ներկայանա դատական նիստին եւ չի տա երեւույթի օբյեկտիվ գնահատականը մամուլում, կհաստատի, որ Լեռնապատի գյուղապետին անվանարկելու համար շարունակաբար տպագրվող հոդվածները պատահականության արդյունք չեն եւ պատվեր են եղել:
Սամվել Ջահանի Հարությունյան
«Կատար» ՍՊԸ-ի տնօրեն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել