HY RU EN

Գրիշա Բալասանյան

14 անշարժ գույք, որոնցից 3-ը՝ Գլենդելում

Մշկույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ իր ուսերին վերցնելով նաև գովազդային արշավի բեռի մի մասը: Արմեն Ամրյանը նախարար է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 27-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն›› ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավարը, ապա մեկ տարի եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

Արմեն Ամիրյանը որպես պատգամավորության թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, որը ներառում է 2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. փետրվարի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Արմեն Ամիրյանը ստացել է մոտ 27 միլիոն 600 հազար դրամ և 108 000 դոլար եկամուտ: Դոլարով ստացված եկամուտը գոյացել է վարձակալությունից ստացված գումարից: Ի դեպ, վարձակալն էլ եղել է նախարարի որդին՝ Հայկ Ամիրյանը:

Եկամտի զգալի մասը՝ մոտ 22 մլն դրամ, գոյանում է շահաբաժնից: Արմեն Ամիրյանը «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ում ունի 34% բաժնետոմս: Ընկերությունը հիմնադրվել է 1999թ. դեկտեմբերի վերջին:

Համեմատաբար ավելի համեստ են նախարարի դրամական միջոցները՝ 10 միլիոն դրամ և 44 000 դոլար:

Փոխարենը Արմեն Ամիրյանն անշարժ գույքի պակաս չունի. հայտարարագրել է 14  անշարժ գույք, որոնցից 5-ը առանձնատուն, 7՝ հողամաս, 2՝ շինություն: Առանձնատներից երկուսը գտնվում են ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում՝ 134,3 և 193 քառակուսի մետր մակերեսով: Ամիրյանը Գլենդելում ունի նաև 381քմ մակերեսով շինություն:

Պատգամավորի թեկնածու Արմեն Ամիրյանն ունի նաև 2015թ. արտադրության «Նիսսան ALTIMA 2.5» մակնիշի ավտոմեքենա:

«Թորիկ» հացի խանութը՝ Սաուդ Վերդուգո 145-ում

Առանձնատուն՝ Հիլլքրաֆթ Ռոադ 943-ում