HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հափշտակություններ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. 2014-ից դեպքերի թիվն աճել է

Ռ.Գ-ն փետրվարի 23-ին ամուսնու ֆեյսբուքյան էջով բացել է նույն սոցիալական ցանցի խմբերից մեկում տեղադրված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին պատմող հրապարկումներից մեկը և, նրա խոսքով, ամուսնու ֆեյսբուքյան էջը արգելափակվել է՝ իբրև թե ոստիկանությունից ծանուցում ստանալով։

Ծանուցագրում, մասնավորապես, ասվել է. «Արգելափակումը կատարվել է ՀՀ օրենսդրությամբ արգելված նյութեր պարունակող պոռնկագրական կայքերի բազմիցս այցելության համար, այն է՝ մանկապղծության, պեդոֆիլիայի, բռնության և հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի տարրերով պոռնկագրություն։ Արգելափակումից հանելու համար դուք պետք է վճարեք 10500 դրամի չափով տուգանք ՀՀ Ոստիկանության պետական դրամապանակին WEBMONEY Z464078827852 տուգանքների ընդունման համակարգի միջոցով»։

Հաղորդագրությունում նաև մանրամասն ներկայացվում են տուգանքի վճարման քայլերը, թե օգտատերը տերմինալի միջոցով ինչպես կարող է այդ գումարը վճարել՝ ֆեյսբուքյան էջը արգելափակումից «հանելու» համար։

Կինը, խուճապի մատնված, այս հաղորդագրությունը լուսանկարել և ուղարկել է ծանոթներից մեկին՝ խնդրելով օգնել հասկանալ, թե ինչ պետք է անի ֆեյսբուքյան էջը արգելափակումից հանելու համար, քանի որ այս հաղորդագրությունը էկրանին երևալուց հետո, նրա փոխանցմամբ, էջը երկու ժամ շարունակ չի գործել: Ծանոթը հորդորել է որևէ գործողություն չկատարել, առավել ևս՝ չվճարել այդ տուգանքը. «Այս գրությունը ոչ մի կերպ հանել չէր լինում։ Չէինք կարողանում ոչ էլ որևէ գործողություն կատարել։ Ինչ ասես փորձեցինք՝ անջատել, միացնել, բայց չէր լինում։ Երկու ժամ հետո միայն ինքն իրեն կարգավորվեց։ Առաջին անգամ էր նման բան լինում, դրա համար խիստ շփոթվել էի։ Համոզված եմ, որ սա խարդախություն էր, հակառակ դեպքում, եթե օրենք խախտած լինեի, մի քանի ժամից ինձ բերման կենթարկեին»,-ասաց նա։

Օրեր առաջ նաև մեկ այլ կայքի լուսանկար ենք ստացել, ուր մուտք գործելիս օգտատիրոջ էջին կրկին վերևում հրապարակված հաղորդագրությունն էր հայտնվել։

Ոստիկանությունից «Հետք»-ին փոխանցած տվյալների համաձայն` վերջին 7 տարիներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակություններ ամենից շատ գրանցվել են 2016-ին՝ 48: Հետաքրքրական  է, որ 2011-ին այս հանցատեսակից հանրապետությունում չի գրանցվել։

Ընդհանրապես 2014 թվականից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքերը Հայաստանում տարեցտարի ավելացել են։

Հանցագործության այս տեսակի համար պատիժ է սահմանված Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածով։ Այն սահմանում է՝ ուրիշի գույքը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափով հափշտակելու դեպքում անձը պատժվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանավորվում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկվում առավելագույնը երկու տարի ժամկետով և տուգանվում՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

Եթե նույն հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ և խոշոր չափով, նրանք պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկվում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Իսկ եթե հափշտակությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով, ապա օրենքը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանի խոսքով՝ ոստիկանության անունից որպես տուգանք պահանջվող հայտարարության մեր վերը նշված դեպքին առաջին անգամ ծանոթացել են 2012 թվականին։ Ասում է՝ այդ ժամանակից ի վեր մինչ 2015 թվականը այս դեպքերը հիմնականում կապված էին Չինաստանի հետ, հետագայում, իր համար անհայտ պատճառով, որպես տուգանք փոխանցվող այդ դրամական միջոցները սկսել են ուղղվել Մեծ Բրիտանիայի օֆշորային սկզբունքով գործող բանկեր։ Այդ շրջանում չինական հետքը մի փոքր նոսրացել է, սակայն իրենց ունեցած վերջին մի քանի գործերով չինական «միջամտությունը» նորից ի հայտ է եկել։ 

Մասնագետը հանրապետությունում խարդախության այս դեպքերի ավելացումը պայմանավորում է ինտերնետ օգտագործողների թվի մեծացմամբ։ Ուսումնասիրելով խարդախության զոհերի տվյալները՝ նկատել են, որ հիմնականում նրանք են, ովքեր  երբևէ օգտագործել են իրենց բանկային տվյալները կամ գումարային միջոցները՝ հանրապետությունից դուրս առևտրային գործարք կատարելով. «Օրինակ՝ եթե դիտարկենք, թե այդ խարդախությունները կատարվել են մասնավոր անձանց, թե իրավաբանական անձանց նկատմամբ, ապա կարելի է հստակ նշել, որ ֆիզիկական անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունները հիմնականում այն դեպքերն են, երբ վերջիններս դառնում են իրենց վստահելու զոհը և այնտեղ խաբեության մասին ավելի քիչ է ակնարկվում։ Մարդկանց, ֆիզիկական անձի վստահությունն է չարաշահվում։  Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց՝ այսինքն այն դեպքերին, երբ տնտեսական գործունեության որևէ շղթան է խարդախության բերում, ապա կարելի է փաստել, որ այստեղ ավելի շատ խաբեությունն է։ Երբ տնտեսվարող սուբյեկտը փորձում է որևէ ապրանք ձեռք բերել, գումար է փոխանցում, որի դիմաց ապրանքը չի գալիս, և հետագայում տնտեսվարող սուբյեկտի տերը կամ ներկայացուցիչը պարզում է, որ դարձել է խարդախության զոհ»։

Վահագն Հարությունյանի փոխանցմամբ՝ ոստիկանության արձանագրած գործերում դեռևս չի եղել այնպիսի դեպք, երբ խարդախության այս տեսակի զոհերը մատնանշեն իրենց խաբած  միևնույն աղբյուրը։ Բացի այդ, Հարությունյանը իր դիտարկումներից եզրակացրել է, որ ծնողների փոքր-ինչ անուշադրության պատճառով շատ հաճախ խարդախության զոհ են դարձել նաև անչափահասները կամ անչափահասությունից նոր դուրս եկած անձինք։

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter