
«Ժամանակը» բողոքարկում է
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ «Ժամանակ» օրաթերթի բողոքի քննությունը` «Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակի»» գործով:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր Թաթուլ Մանասերյանի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարները բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի:
«Ժամանակ» օրաթերթն իր բողոքում նշում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ենթակա է բեկանման, քանի որ դատարանը մերժել է պատասխանողի՝ վկա կանչելու միջնորդությունը՝ խախտելով պատասխանողի ՀՀ քաղ.օր.-ի 1087.1 հոդվածի 9-րդ կետով ամրագրված իրավունքները, այն է՝ դատարան կանչել այն վկային, որի խոսքերից հրապարակվել է վիճարկվող փաստը:
Վերաքննիչ բողոքին բերված պատասխանում հայցվորը նշում է, որ առաջին ատյանի դատարանը գործել է օրենքի շրջանակներում և չի խախտել պատասխանողի իրավունքները, քանի որ վկա կանչելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը բխում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածից:
Վերաքննիչ դատարանը դատական ակտը կհրապարակի դեկտեմբերի 15-ին:
Մեկնաբանել