HY RU EN

Գագիկ Աղբալյան

«Փոսերը լցրել են, որ մեզ վրա թոզ անեն»․ վարչապետը Հաղարծինում գերազանցում է արագությունը

Մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախընտրական քարոզչության նպատակով այցելել էին Տավուշի մարզ։

Հաղարծնի գյուղամիջում մինչ բնակիչները «Հետք»-ի հետ զրույցում դժգոհում էին համայնքի ճանապարհներից, պատմում, որ նախորդ հինգ տարիներին որեւէ պատգամավոր չի այցելել իրենց, եւ որ որբին հույս տվող շատ է լինում, սակայն ձեռքին հաց դնող՝ ոչ մեկը, վարչապետի ծառայողական ավտոմեքենան եւ նրան ուղեկցող ավտոշարասյունը բարձր եւ չթույլատրված արագությամբ անցան գյուղամիջյան ճանապարհով՝ մարդկանց ծածկելով փոշու ամպով։

Հիշեցնենք, որ նախորդ օրը, ճանապարհաշինական «Հաղարծին» ՓԲԸ աշխատակիցները ավազով ու հողով լցրել էին Դիլիջանից Իջեւան տանող մայրուղու փոսերը, որխպեսզի ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները հնարավորինս կոմֆորտ պայմաններում երթեւեկեն։

Հաղարծնի տարեց բնակիչներից մեկը, կառավարական կորտեժի անցնելուց հետո դիտարկում արեց․ «Փոսերը լցրեցին, որ մեզ վրա թոզ անելով գնան»։

Նշենք, որ համայնքների խոշորացման արդյունքում, Հաղարծինը 2015 թվականի մայիսի 17-ի հանրաքվեից հետո դարձել է Դիլիջան համայնքի մի մասը, զրկվել սեփական բյուջեն ունենալու եւ ծախսեր իրականացնելու հնարավորությունից։ Ընդ որում, տեղական հանրաքվեի արդյունքներով՝ Հաղարծնի բնակիչներից 243-ը «կողմ» էին քվեարկել խոշորացմանը, 444-ը՝ «դեմ»։

Հաղարծնի բնակիչները, հանրաքվեից մոտ երկու տարի անց, համայնքում որեւէ դրական փոփոխություն չեն արձանագրել։