Հովիկ Աբրահամյանի որդին «թեթևացրել» է իր ունեցվածքը
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պատգամավորի թեկնածու է թիվ 5 ընտրատարածքում, որը ներառում է Արարատի մարզը: Արգամ Աբրահամյանը ընդգրկված է աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի ցուցակում:
Որպես պատգամավորության թեկնածու Արգամ Աբրահամյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր:
Նշենք, որ «Հետքն» անդրադարձել էր Աբրահամյանների ունեցվածքին: Մեր հրապարակումներից հետո Արգամ Աբրահամյանը դուրս էր եկել մի քանի առևտրային ընկերությունների բաժնետերերի ցանկից: Իհարկե, դուրս գալը ձևական բնույթ էր կրում, քանի որ նա էր իրական տերը: Այդ պատճառով, նրա հայտարարագիրը բավականին «համեստ» է:
Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է մոտ 170 միլիոն դրամ եկամուտ:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պատգամավորի թեկնածուն ունի 300 միլիոն դրամ և 250 հազար դոլար:
«Նաթիոնալ» հյուրանոցն ու «Իմպերիում պլազայի» շենքը
Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաև անշարժ և շարժական գույք: Ըստ հայտարարագրի ունի միայն մեկ ավտոմեքենա՝ 2016թ. արտադրության «Ռենջ Ռովեր Սպորտ»:
Նրան է պատկանում Երևան քաղաքի Իսահակյան փողոցի վրա գտնվող «Տերրազզա» սրճարանի տարածքը՝ 200քմ: Ինչպես նաև հարևանությամբ գտնվող 600քմ մակերեսով հողատարածք:
Արգամ Աբրահամյանին է պատկանում նաև Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ՝ Ազատության պողոտայում գտնվող առանձնատունը, որի մակերեսը կազմում է 2512քմ: Առանձնատունը արտաքինից նման է Ազգային ժողովին:
Երեք միավոր հողամաս և խորքային հոր ունի Արարատի մարզի Մխչյան գյուղում:
Իհարկե, հայտարարագրվածը միայն Արգամ Աբրահամյանի ունեցվածքի մի մասն է: Որոշները գրանցված է այլ անձանց, օրինակ՝ Արտաշատի քաղաքապետի տեղակալ, ազգական Գագիկ Պողոսյանի անունով:
Առաջին լուսանկարը՝ Արգամ Աբրահամյանի ֆեյսբուք էջից։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել