
Սամվել Կարապետյան. «Հերթական զոհը կլինի Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը»
Լոռու մարզպետարանը մարտի 16-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար և հայտարարություն, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ որոշվել է վերականգնել Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը։ Այն, ըստ մարզպետարանի հրապարակման, գլխավոր լուսանկարում հրապարակված տեսքն է ունենալու։
Հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ վերակառուցող ճարտարապետ Սուրեն Աբովյանը նախորդ տարվա ամռանը հուշարձանախմբի վերականգնման նախաձեռնությունը քննարկել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ և նախագծի կազմման, հուշարձանախմբի վերականգնման կարևոր առաքելությունը վստահվել է նրան: Ճարտարապետը տեղեկացրել է, որ որոշել է վերականգնել հարավային կողմի եկեղեցու տանիքը, ծածկը, ամրացնել շարժվող քարերը, մաքրել պատերը՝ կավճային գրառումներից:
«Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը, կարևորելով նախաձեռնությունը, ուրախությամբ նշում է, որ հուշարձանախումբը, տեղացիների համար կենսական նշանակություն ունի, իսկ զբոսաշրջիկների համար այն առավել գրավիչ կլինի»,-ասված է հայտարարությունում։
Մարզպետարանից հավելել են, որ հուշարձանախմբի վերականգնման աշխատանքները կիրականացվեն միայն մշակույթի նախարարության թույլտվությունը ստանալուց հետո, որը ինչպես նկատվում է հայտարարությունից, դեռևս չի ստացվել։
Մարզպետարանը հայտարարությունից օրեր անց նաև ջնջել էր ճարտարապետների, հուշարձանագետների՝ իրենց էջում թողնված քննադատական մեկնաբանությունները։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պնդում է, որ առաջարկվող այս տարբերակով Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը ոչ թե վերականգնվում, այլ վերակառուցվում է, որը ըստ նրա՝ միջնադարյան նման հուշարձանների համար անթույլատրելի է։
«Սա կապիկությունն է ուղղակի։ Տերտերները գրոհում ու ոչնչացնում են հուշարձանները։ Պետք է իսկապես մի ելք գտնել։ Հերթական զոհը կլինի այս համալիրը, հերթական նորացված՝ իրենց պատկերացումներով եվրո տարբերակով։ Այս մակարդակի մի գործ են ուզում անել»։
Մասնագետն ասում է՝ եթե մի կողմ դնի ներկայացված նախագծի ճշտությունը, ծածկերի, թեքության գիտական հիմնավորումները, միևնույնն է՝ գունային ամենատարրական հանգամանքերը հաշվի չեն առնվել։ Մասնավորապես՝ համալիրի հարավային կառույցը գորշ կապտավուն բազալտից է, իսկ մյուս երկու շինությունները՝ նախասրահը և հյուսիսային կառույցը, բաց դեղնաշագանակագույն երանգով։ Սակայն այս նախագծում, ըստ հուշարձանագետի, ամենը մի գույն է. «Դալտոնիկ եք, ի՞նչ է։ Գոնե տեսեք և ճիշտ արտաբերեք»,-նշեց նա։
Բացի այդ, Սամվել Կարապետյանը պնդում է, որ հուշարձանի վերականգնում
հնարավոր չէ իրականացնել մինչ դրա հարակից տարածքում հողային աշխատանքներ չարվեն։ Մասնավորապես՝ պետք է պեղումներ կատարվի, որովհետև շինության բեկորները թաղված պետք է լինեն ձորի եզրին և մի մասը հնարավոր է՝ անվերադարձ կորած լինեն, սակայն մյուս ճակատային կողմերի թափված քարերը պետք է հայտնաբերվեն։
Հուշարձանագետը հարցնում է՝ եթե դա չի արվել, ինչպե՞ս կարող են նախագիծ մշակել. «Տարբեր դրվագներ ցույց են տալիս, որ անծայրահեղ սիրողական է արված։ Ուզում են վերականգնել, լավ բան են ուզում անել, խոսքը սրան չի վերաբերում, բայց անհունորեն անգետ ձևով են մոտենում։ Հարյուրավոր տարիներ պատմություն ունեցող հուշարձանին էդպես քմահաճորեն վերաբերելու համարձակությունը, իհարկե, տգիտության դրսևորում է»,-ասաց Սամվել Կարապետյանը։
Զրույցի վերջում մասնագետը ցավով փաստեց, որ հայկական հուշարձանների մեծ մասը վերակառուցվում են՝ վերականգնելու փոխարեն. «Վերակառուցողներ, դուք գործ չունենք հուշարձանների հետ։ Գնացեք ձեր ամառանոցը, տները վերակառուցեք»։
Տեղեկացնենք, որ Հոռոմայրի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից է (հիշատակվում է VII դարից): Վանքը կազմված է շինությունների երկու խմբից: Համալիրի հյուսիսում ժամատունն է (1301 թ.), որից քիչ հեռու պահպանվել են Սուրբ Առաքյալ մատուռի (1216 թ.) ավերակները: Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` 13-րդ դ. խաչքարերով ու տապանաքարերով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել