HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Եթե Ախուրյանը քաղաքի կարգավիճակ ունենար...

«Ինչո՞ւ 1997 թ.-ից Ախուրյանին քաղաքի կարգավիճակ տալու հարցն այդպես էլ քննարկումներից գործի չվերածվեց» մեր հարցին համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հստակ պատասխան չունի:

Անցել է 14 տարի, ու այդ ընթացքում խնդիրը մի քանի անգամ ներկայացվել է, թարմացվել, կրկին դրվել քննարկման, սակայն տեղաշարժ չի արձանագրվել: 1996 թ., երբ ձեւավորվեցին համայնքները` իրենց սահմաններով, վերացան նախկինում գոյություն ունեցող ավան, շրջկենտրոն հասկացությունները: Բոլոր համայնքները բաժանվեցին գյուղերի ու քաղաքների: Շիրակի մարզում քաղաքի կարգավիճակ ստացավ նախկին շրջկենտրոն Մարալիկը, իսկ Աշոցքը, Ամասիան եւ Ախուրյանը համարվեցին գյուղեր: Որեւէ չափանիշ ու տարանջատող որեւէ նկարագիր չառաջադրվեց:

Բայց քանի որ համայնքներից մեկը, այս դեպքում` Ախուրանը, չէր ուզում հարմարվել իր կարգավիճակին, կառավարությունը քաղաքաշինության նախարարին հանձնարարեց հանձնաժողով կազմել` խնդիրը մանրամասն ուսումնասիրելու, քննարկելու եւ լուծում առաջարկելու նպատակով: Այն տարիների քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը, լինելով եվրոպական մոդելների սիրահար, առավել հակված էր մերժելու համայնքապետի եւ 90-ականներին Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Գոմցյանի բարձրացրած հարցը` պատճառաբանելով, որ Ախուրյանը շատ մոտ է Գյումրիին, այդ պատճառով չի կարող քաղաքի կարգավիճակ ստանալ:

90-ականներին անգամ առաջարկ եղավ Ախուրյանի կենտրոնական մասը միացնել Գյումրիին եւ դարձնել նրա թաղամասերից մեկը, իսկ սեփական սեկտորի հատվածն ընդգրկող գյուղական մասը եւ Նոր Ախուրյան կոչվող հատվածը ձեւավորեն Ախուրյան գյուղ: Այս տարբերակին էլ դեմ էր հենց ինքը` համայնքապետը: «Այդ մասնատումը կբերեր նրան, որ անջատված հատվածը կվերածվեր քաղաքի կույր աղիքի, տարիներով դուրս կմնար ուշադրությունից, որովհետեւ այդ տարիներին Գյումրին եւս բազում խնդիրներ ուներ լուծելու»,- ասում է Արծրունի Իգիթյանը:

Չնայած նախարար Ֆելիքս Փիրումյանի կանխակալ կարծիքին, խնդիրն, այնուամենայնիվ, ուսումնասիրվեց, բավական շատ դրական կարծիքներ ու արձագանքներ եղան, բայց պաշտոնական պատասխան այդպես էլ չստացան: Հետագայում, Ախուրյանի համայնքապետի «չար» բախտից մարզպետ Արարատ Գոմցյանին փոխարինեց Ֆելիքս Փիրումյանը: Սակայն դա չխանգարեց Արծրունի Իգիթյանին` կրկին կարգավիճակի փոփոխության հարցն առաջ քաշել: Խնդրին ծանոթանում է անգամ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու առաջարկում հարցը քննարկման դնել Ազգային ժողովում:

«Էդ բոլոր նյութերը հավաքվեցին կառավարությունում, բայց թե հետո դրանք ինչ եղան` այդպես էլ անհայտ մնաց: Պարզ է, որ ԱԺ-ում դա չքննարկվեց, նախագիծ չդարձավ, բայց դե կոնկրետ պատասխան էլ չտրվեց,- ասում է Արծրունի Իգիթյանը,- երբ նախագահը հետաքրքրվել է այն ժամանակ, թե ինչի չեն դրել քննարկման, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը պատճառաբանել է, թե նմանատիպ առաջարկներ էլի կան, եւ եթե հիմա Ախուրյանի հարցը դրական լուծվի, մյուսների մոտ կարող է դժգոհություն առաջանալ»:

Ախուրյանի կարգավիճակի չարչրկված հարցը մինչեւ օրս էլ օրակարգում է` գոնե համայնքապետի համար, իսկ ահա այդ ընթացքում որոշ համայնքներ հասցրել են իրենց կարգավիճակի խնդիրը լուծել: «Ի՞նչ առավելություն կունենա Ախուրյանը գյուղից քաղաքի վերածվելու դեպքում»,- հարցնում եմ Արծրունի Իգիթյանին: Պարզվում է` առավելությունը ծրագրերն են, որ թե Կառավարությունը, թե միջազգային կազմակերպություններն առաջնահերթ ձգտում են իրականացնել քաղաքային համայնքներում: Այդ հարցը ժամանակին գյուղական համայնքների ղեկավարների կողմից բարձրացվել է. ինչու՞ պետք է, ասենք, ստանդարտ ձեւով քաղաքային համայնքներում տարեկան իրականացվի մինչեւ 4, գյուղականներում` 1 պետական ծրագիր: Մյուս խնդիրը վերաբերում է միջազգային կազմակերպություններին, որոնք հիմնականում իրենց պիլոտային ծրագրերը սկսում են քաղաքային համայնքներից:

«Մենք հնարավորություն ունենք մի քանի ծրագրերի մասնակցելու, սակայն գյուղական համայնք լինելը սահմանափակումներ է մտցնում: Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելիս, երբ ներկայանում ես որպես գյուղական համայնքի ղեկավար, տպավորությունն այլ է, քաղաքայինի դեպքում` այլ: Խնդիրն այն է, որ 15-20 տնտեսություն ունեցող համայնքն էլ է այսօր կոչվում գյուղ, 10 հազարից ավելի բնակչություն ունեցող Ախուրյանն էլ է կոչվում գյուղ»,- դժգոհում է Արծրունի Իգիթյանը: Համայնքապետը նշում է, որ Ախուրյանը 150-ից ավելի աշխատող ունի, լուրջ գործառույթներ են իրականացնում, 3 մանկապարտեզ, սպորտդպրոց, արվեստի դպրոց, մշակույթի տուն, գրադարան են պահում, կոմունալ ծառայություն ունեն: Վերջերս 96 հազար դոլար արժողությամբ ունիվերսալ տրակտոր են ձեռք բերել, մի բան, որ ոչ մի գյուղական համայնք իրեն չի կարող թույլ տալ, աղբահան մեքենա են գնել: Կոշտ աղբի առանձնացման ծրագիր ենք իրականացնելու, որ էլի որեւէ գյուղական համայնքում չեք տեսնի եւ այլն:

Վերջին տարիներին սեփական եկամուտների գծով 100%-ից ավելի ցուցանիշ ապահովող Ախուրյանը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել նաեւ «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության կազմակերպիչների կույր անտարբերութունը:  Համայնքապետն ասում է, որ ամեն տարի առաջադրվել են: Այս տարի արդեն ոչ թե ինքն է ներկայացրել համայնքը, այլ մարզպետարանը, սակայն Շիրակի մարզից լավագույնները համարվեցին Գյումրին ու Ամասիան: «Ես չգիտեմ, թե ինչն են հաշվի առնում հանձնաժողովի անդամները. եթե բնակչության թիվը, ուրեմն մենք ամենամեծն ենք այդ առումով, եթե բյուջեն է, մենք կատարում ենք 100%-ով, եթե ծրագրերն են, այդ առումով եւս կարող ենք առաջատար համարվել գոնե գյուղական համայնքների շարքում, պարտքեր չունենք, զարգացման ծրագրերում ինչ նախատեսում ենք, մեծ մասամբ իրականացնում ենք: Ախուրյանը հնարավորություն ունի տարեկան 50 մլն դրամի ծառայություն մատուցելու, սպասարկում կազմակերպելու, աշխատանքներ կատարելու` ասենք մի 1000 քմ ասֆալտապատման, մի 2000 քմ փոսային նորոգման, մի փողոց բարեկարգի, խճապատի, ծառատունկ կատարի եւ այլն: Տարեկան միայն 10 մլն դրամ սոցիալական աջակցությունն են տալիս, այսինքն` գործ է արվում: Բայց թե ինչու է ամեն տարի անտեսվում, անհասկանալի է»,- ուսերն է թոթվում հանրապետության ամենամեծ գյուղական բնակավայրի ղեկավարը:

Ախուրյանում են կենտրոնացված մի շարք հիմնարկություններ` հիվանդանոց, պոլիկլինիկա, ծննդատուն, հարկային կազմակերպություն, սոցծառայություն, կադաստր, գյուղատնտեսական որոշ կազմակերպություններ, շինարարական մի քանի եւ շինանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ, շաքարի գործարանը եւ այլն: Համայնքում գործում է 3 միջին, մեկ ավագ դպրոց: Ախուրյանի տարեկան բյուջեն 155 մլն դրամ է, որից մոտ 97 մլն դրամն է պետական դոտացիան: Միայն այս տարի 740 մլն դրամի ճանապարհաշինություն է իրականացվել Համաշխարհային բանկի միջոցներով, 2 մլրդ դրամի բնակարանաշինություն անօթեւանների համար` պետբյուջեի հաշվին, KFW-ի ծրագրով խմելու ջրի ներքին ցանցն է փոխվել:

Առաջիկայում նախատեսվում է իրականացնել անհատական բնակելի տների կառուցման, վերանորոգման նպատակով վարկերի տրամադրման ծրագիր «Հաբիթադի» միջոցներով, 15-17 սպասարաններ են տեղադրվելու կանգառներում, փողոցների բարեկարգման շարունակական ծրագրեր են իրականացվելու եւ այլն: 1996 թ.-ից համայնքը ղեկավարող Արծրունի Իգիթյանը լավագույնս գիտի խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները:

Ավագանու աշխատանքից էլ դժգոհ չէ: Թաղային շատ խնդիրներ հենց նրանց միջոցով են հասնում համայնքապետարան: Ավագանու համար բավական ընդարձակ եւ հարմարավետ կահավորված աշխատասենյակ է առանձնացված համայնքապետարանում: Աշխատանքային նորմալ պայմաններ են ապահովված համայնքային ենթակայության բոլոր կառույցներում: «Եթե Ախուրյանն ունենար քաղաքի կարգավիճակ, մենք ավելի շատ ծրագրեր կկարողանայինք համայնք բերել, քանի որ ներդրում անելու հնարավորություն, ինչպես տեսաք, ունենք: Ամենամեծ խնդիրն է դա, որ շատ փոքր, աղքատ համայնքների զրկում է մասնակցային հնարավորությունից»,- զրույցն  ամփոփում է Արծրունի Իգիթյանը:                 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter