
«Թեւավոր» մտքեր՝ քարոզարշավից. «սեմուշկայի», «կլյավուզայի», «հարուստ-քյասիբ ընգերության» մասին
«Հետքը» շարունակում է ներկայացնել քարոզարշավի ընթացքում թեկնածուների հնչեցրած «թեւավոր» արտահայտությունները:
ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին (Շմայս) ԿԸՀ-ն զգուշացրեց Արմավիրի Ծաղկալանջ գյուղում ասֆալտապատման խոստում տալուց հետո: Բայց, թերեւս, առավել հետաքրքիր էին թեկնածուի արտահայտությունները գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, որոնցից մի ամբողջ «փունջ» կարելի է կազմել:
«Գյուղացին բդի որոշի՝ ումը ձեն տա: Գյուղապետերը մեծ-մեծ փրթում են, ջեբը սեմուշկա ե՞ն էս ժողովուրդը, ջեբից հանի տա սրան-նրան» (15.03.2017, գ. Ծաղկալանջ):
«Բերանիցս բառը հելավ: Հենց հիմա կանչի ստեղ գյադուն՝ ասֆալտ անողին» (15.03.2017, գ. Ծաղկալանջ):
«Սաղ գյուղը պատրաստ ա՞ կողս կայնի… Վսյո, խնդիր չունեք» (15.03.2017, գ. Ծաղկալանջ):
«Ասեցի՞՝ էս անում ենք: Շարունակությունը մենք իրար հետ ընգերություն ենք անելու: Էս գյուղը ինձ հարազատ գյուղ ա» (15.03.2017, գ. Ծաղկալանջ):
Թաիրովում լրագրողների մի քանի հարցի պատասխանելուց հետո հերթական դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Մովսիսյանը չդիմացավ. «Դուք կլյավուզա եք անում, ուզում եք կեղտ ման գաք» (17.03.2017, գ. Թաիրով):
Մի դրվագ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթներից: Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2003-ից ԱԺ պատգամավոր է. «Նորից եմ ասում՝ պատգամավորի ցավը տանեմ: Պատգամավոր ա ուզում դառնա՝ հարց չկա: Բայց պատգամավորը իրա խնդիրը ինքը հազիվ կարգավորի: Պատգամավորը կնոպկա ա սղմում միայն: Պետք է կուսակցական որոշում լինի, մեծամասնություն լինեն, որոշում կայացնեն, օրենք փոխեն, համակարգ փոխեն, մարդ փոխեն» (13.03.2017, ք. Աշտարակ):
ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանն էլ, ըստ էության, լրագրողների համար ամենասպասված զրուցակիցներից մեկն է, քանի որ ասում է մտքին եկածը: Մեծամորի մշակույթի տան չջեռուցվող դահլիճում հանդիպում անցկացնելուց հետո լրագրողի հարցին ի պատասխան՝ Ս. Սարոյանն ասել է. «Բա ցուրտ էր, կոտորվանք, էղանք սիսիանցի, ասում ա՝ ցուրտ է՞ր… Ասենք, եթե պետությունը էդ հնարավորությունը ունենար, իհարկե, կտաքանար… Քաղաքը իրա բյուջեն չունի, ատոմակայանն էլ պարտավոր չի: Բայց եթե հիմա մեր վարչապետը ուզենա, ատոմակայանի համար էսի տաքացնելը զերո ա, ոչ մի բան չի իրանից ներկայացնում: Բայց քանի որ ատոմակայանը ուրիշ կառույց ա, քաղաքապետարանը ուրիշ կառույց ա, մեկը մեկի հետ կապ չունի, վերեւից էլ չեն ասում, որ քյոմագ արեք իրար, բայց հեսա վարչապետը կասի արդեն»:
«Հարուստ» ատոմակայանի ու «աղքատ» քաղաքապետարանի հարաբերության մասին էլ գեներալ Սեյրանն այսպիսի դիտարկում է անում. «Տեսե՞լ ես՝ հարուստը քյասիբի հետ ընգերություն անի, չկա ըտենց բան… Եթե, իհարկե, բանակի ընգեր չեն» (08.03.2017, ք. Մեծամոր):
Մեկնաբանել