
Լուռ երթ՝ ի հիշատակ «Հաց բերող»-ի
Ժամեր առաջ Մարզահամերգային համալիրից մի խումբ մարդիկ լուռ երթով շարժվեցին՝մասնակցելու Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը։ Նրանք իրենց հետ մեխակներ և երկու ծաղկեպսակ տարան՝ մեկը նրա համար պայքարողների, մյուսը ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող քաղբանտարկյալների անունից։
«Քանի որ Արթուր Սարգսյանը բոլորիս հերոսն է, դրա համար որոշեցինք մի կետում հավաքվել և լուռ երթով շարժվել հոգեհանգստի արարողության։ Կոչեր և վանկարկումներ մենք ամեն օր ենք անում, պահանջներ ենք ներկայացնում, որոնք ևս շարունակվելու են, դրա համար այս անգամ որոշեցինք լուռ երթ անցկացնել»,- ասաց երթի ու Արթուր Սարգսյանի համար անցկացվող ցույցերի կազմակերպիչ Շահեն Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանի համար ընթացող ցույցերը միառժամանակ դադարեցրել են և իրենց ակտիվ պայքարը կշարունակեն երկու օրից, երբ կավարվի նրա հոգեհանգստի և թաղման արարողությունը։
Շահենը մեծ հույս ունի, որ մարդիկ իրենց վիշտը, սրտի ցավը կկարողանան ուժի վերածել՝ համախմբվելով և մեղավորիներին պատժելով։
Երթը ուղեկցող ոստիկանները չկային, Շահենն ասաց, որ տեղյակ պահել են, որ խաղաղ ու լուռ երթ են իրականացնելու, և կարծում է՝ անհրաժետ չեն համարել գալ։
Այսօր երեկոյից մինչ վաղը 13։00 Ազատության հրապարակում նաև տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի։
«Հաց բերող»-ին Եռաբլուրում չեն հուղարկավորի, քանի որ, ըստ Շահեն Հարությունյանի, ոմանք այդ ամենի համար տարվող պայքարի կեսից հետ կանգնեցին։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան օրից՝ մարտի 16-ից, մի խումբ անձիք Ազատության հրապարակում ամեն օր նստացույց և քայլերթ են իրականացնում՝ որպես աջակցություն «Հաց բերողի»։ Նրանք պահանջում են պատժել Արթուր Սարգսյանին սպանողներին։
Մեկնաբանել