HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը դադարեցրել է Դիտակի մանկապարտեզի ֆինանսավորումը. բաց նամակ` վարչապետին

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը բաց նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին` բարձրաձայնելով Դիտակ գյուղի մանկապարտեզի ֆինանսավորման հարցը.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 24-ի թիվ 336-Ն որոշման, Դիտակ գյուղի մանկապարտեզի գործարկման և վերազինման համար որպես սուբվենցիա կառավարության պահուստային ֆոնդից հատկացված էր 11 մլն դրամ, սակայն այդ որոշման կատարումն անհասկանալի պատճառներով հետաձգվում էր: Միայն այն բանից հետո, երբ վարչապետին կից ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի 2016 թ-ի մայիսի 6-ի նիստի ժամանակ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն դիմեց Դիտակ գյուղի  վերակառուցված մանկապարտեզի համաֆինանսավորման գործընթացն արագացնելու խնդրանքով, կառավարությունն անմիջապես արձագանքեց, և արդյունքում` մանկապարտեզի գործարկումը 40 երեխայի համար դարձավ հնարավոր:

Հարկ ենք համարում նշել, որ մանկապարտեզի վերակառուցումն իրականացվել է բարեգործական ծրագրի շրջանակում` Sourir vers I'Avenir մասնավոր շվեյցարական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Շվեյցարիայի դեսպանատան մասնակցությամբ, որի դեսպանը ներկա է գտնվել մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի վերակառուցման համար ծախսվել է 77500 ԱՄՆ դոլար:

Ցավոք սրտի, նոր ձևավորված ՀՀ կառավարությունը 2017 թ.-ից դադարեցրել է Դիտակի մանկապարտեզի ֆինանսավորումը:

Պարոն վարչապետ, մենք ողջունում ենք մեր երկիր ներդրումների ներգրավման Ձեր մոտեցումը: Դրա հետ մեկտեղ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ դոնորները և բարեգործական հիմնադրամներն, իրականացնելով  ներդրումային և բարեգործական ծրագրեր, մեծ ուշադրություն են դարձնում կառավարության դիրքորոշմանն այն խնդիրների վերաբերյալ, որոնք նրանք օգնում են լուծել իրենց ֆինանսական աջակցության շրջանակում: Տվյալ դեպքում, խնդիրը վերաբերում է

Դիտակ գյուղի երեխաներին: Մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով, որ կառավարությունը Դիտակ գյուղի մանկապարտեզին ֆինանսավորում տրամադրի շարունակական հիմունքներով և հույս ենք հայտնում, որ այդ հարցը դրական լուծում կստանա նախքան Շվեյցարիայից նկարահանող խմբի ժամանումը, որը մտադիր է ֆիլմ նկարահանել վերոհիշյալ բարեգործական ծրագրի մասին:

Դոնորների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների բարեգործական ներդրումային ծրագրերում համագործակցությանն ուղղված ջանքերը կարող էին ունենալ շարունակություն այլ դպրոցների և մանկապարտեզների մասով, որոնց կարիքն այդքան ունեն մեր երեխաները:

Հարգանքով`

Ելենա Մանվելյան

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter