HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ահազանգում են Արթիկի բժշկական կենտրոնի աշխատակիցներն ու հիվանդները

Անսարք տանիք, փլվող առաստաղներ, խոնավությունից քայքայված պատեր, լոկալ ջեռուցման բացակայություն, խմելու ջրի անկանոն մատակարարում, հին բուժսարքավորումներ՝ սա Շիրակի մարզի երկրորդ քաղաքի` Արթիկի բժշկական կենտրոնի ներկայիս նկարագիրն է: Նշված խնդիրները մեկ տարում կամ մեկ ամսում չեն առաջացել: «Էս վերջին 7-8 տարին անընդհատ բարձրաձայնում ենք, բայց փոփոխություն, ինչպես տեսնում եք, չկա»,- ասում է կենտրոնի տնօրեն Յուրիկ Ղազոյանը:

Անձրեւների ու ձյան տեղումների ժամանակ երկրորդ հարկի սենյակները վերածվում են «վենետիկյան նրբանցքների»: Հիվանդասենյակներում, միջանցքներում, վիրահատարանում ու վիրակապարանում հայտնվում են տարատեսակ դույլեր, թասեր եւ մեծ քանակությամբ լաթեր:

Արթիկի բժշկական կենտրոնը ձնհալի ժամանակ

Այս տարվա հունվարի 11-ի երեկոյան վիրակապարանում ջրի անդադար հոսքից առաստաղի փլվելու պահը արձանագրած վիրասրահի բուժքույր Արաքսյա Մնոյանն ասում է, թե ուրախացել էին այն առումով, որ դեպքը հիվանդասենյակներից որեւէ մեկում տեղի չէր ունեցել:

Արաքսյա Մնոյանը

«Գիշերային հերթափոխի ժամանակ եղավ: Կանգնած սպասում էինք, թե հերթական ծեփոնը երբ է ընկնելու, որ հավաքենք: Դեռ լավ է, որ վիրակապարանում էր, ոչ թե հիվանդասենյակում,- նկատում է երիտասարդ բուժքույրը,- ճիշտն ասած` վատ ենք զգում, որ նման պայմաններում հիվանդ ենք ընդունում: Հիվանդանոցում ժամերով ջուր չենք ունենում, դրա փոխարեն անձրեւի ու ձյան օրերին վերեւից է գլխներիս թափվում: Ջեռուցում չունենք՝ վիրահատարանում պլիտա ենք միացնում, որ վիրահատվողը չմրսի, բժիշկն էլ կարողանա գործ անի: Էլ չեմ խոսում բուժսարքավորումների մասին, որ 30 տարուց ավելի է օգտագործում ենք՝ ժանգոտվել են արդեն ու նորացման կարիք կա»:

Հիվանդասենյակների աղքատիկ գույքը, խունացած, գորշավուն երանգ ստացած պատերը, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած մահճակալները ստացիոնար բուժում ստացող հիվանդների առողջության վրա գուցե շատ մեծ ազդեցություն չեն գործում, սակայն շատերն իսպառ կորցնում են կրկին կենտրոն դիմելու ցանկությունը:

Փայլակ Միրզոյանը

Պեմզաշեն գյուղից աճուկային ճողվածք ախտորոշմամբ վիրահատության համար հիվանդանոց տեղափոխված Փայլակ Միրզոյանը բուժանձնակազմից գոհ է, սակայն հիվանդանոցային պայմանների հետ դժվարությամբ է հաշտվում: 56-ամյա տղամարդը արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամության կարգ ունի, առիթ է ունեցել առողջական խնդիրների հետ կապված լինել Կարմիր խաչի եւ Գյումրու բժշկական կենտրոններում:

«Հեչ համեմատելու բան չկա, պրիստուպով օր չեղնեի, վայթեմ էս հիվանդանոց չգայի, ախր հեչ մե նորմալ պայմանմ չկա,- նեղվում է Փայլակ Միրզոյանը,- բժիշկներից, քույրերից շատ գոհ ենք, շատ լավ կվերաբերվին, բայց պայմանները հեչ բան են՝ տելեվիզորմ չկա, օր մարդ զբաղվի, սաղ օրը մարդ ու կնիգ իրար երես կնայենք»:

Փայլակի կինը՝ տիկին Սվետլանան եւս գոհունակություն է հայտնում բուժանձնակազմից, սակայն չի կարողանում թաքցնել հիվանդասենյակի հետ կապված դժգոհությունները: «Խմելու համար գյուղից հետս ջուր եմ բերել՝ ժամերով ջուր չկա հիվանդանոցը, սենյակը տաքցնելու համար էլ էս պլիտեն ենք տնից բերել: Ճաշը չփչանալու համար գետնին կդնենք, սուրճն էլ լուսամուտի գոգին կխմենք»,- կիսաժպիտով թվարկում է Սվետլանան: «Նորմալ ճաշարան չկա, օր մարդ էրթա նստի հաց ուտե, բաղնիք չկա,-կնոջն ընդհատում է Փայլակը,- դե կոմունալի մասին էլ չխոսամ: Կարողա Գյումրու բժշկական կենտրոնում պառկած չեղնեի, պայմանները տեսած չեղնեի, համեմատելու բան չունենայի՝ ձենս չելներ, բայց եթե հնարավոր է լավը սարքել, ինչի՞ բոլոր տեղերն էդ լավը չեն սարքե»:

Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Յուրիկ Ղազոյանը ձեռքերն է տարածում. «Այնպես չէ, որ էս շենքում վերանորոգումներ չեն եղել, բայց էֆեկտիվությունը չի երեւում: Շենքը՝ նկուղից մինչեւ տանիք, հենց այս պահին հիմնանորոգման կարիք ունի»: 2002 թ-ին Սոցներդրումների հիմնադրամի տրամադրած 40 մլն դրամով ամբուլատոր մասն է վերանորոգվել, 2006թ-ին էլ Հայաստան հիմնադրամի միջոցներով ստացիոնար մասում է մասնակի կոսմետիկ նորոգում կատարվել:

«Կադրերի պրոբլեմ չունենք, բոլոր նեղ մասնագետները Արթիկի բժշկական կենտրոնն ունի, միայն քիթ-կոկորդի բժիշկն է Ախուրյանից գալիս՝ համատեղում է: Բայց միայն կադրերի հագեցվածությամբ որակյալ բժշկական սպասարկում չես կարող կազմակերպել,- նկատում է կենտրոնի տնօրենը,- վիրահատական բլոկը խիստ վերանորոգման կարիք ունի, հիվանդասենյակներում չունենք նորմալ կահավորում, սանհագույցները պիտի կարգավորվեն, պատերի ու տանիքի վիճակը տեսաք արդեն: Մշտական ջրամատակարարում չունենք, լոկալ ջեռուցում չունենք, թեպետ կաթսայատուն կա, կառուցեցին, 2 տարի գործարկեցինք՝ չարդարացրեց, ծախսը շատ-շատ էր՝ անցանք անհատական ջեռուցման սխեմայի»:

1950-ականներին կառուցված երկհարկանի շենքը, Յուրիկ Ղազոյանի փոխանցմամբ, տիպային չէ՝ հարմարեցված է եւ չի համապատասխանում բուժհաստատությունների ժամանակակից պահանջներին: Ցանկություն կա ընդլայնելու լաբորատորիային հատկացված տարածքը, առաջին հարկում ունենալ անհետաձգելի բուժօգնության կաբինետ եւ այլն: Բուժսարքավորումներից առաջնահերթ նորացման կարիք ունեն սոնոգրաֆիայի, ռենտգեն եւ ԷԿԳ-ի ապարատները, որոնք ժառանգություն են խորհրդային տարիներից:

«Տարեկան մոտավորապես 700 զորակոչիկի են ստուգում մեր մոտ` չհաշված սոցփաթեթի շահառուներին ու հաշմանդամներին: Սոնոգրաֆիայի ապարատը ժամակավորապես խնդրել-բերել եմ Փանիկի, ԷԿԳ-ին էլ Հոռոմի գյուղական ամբուլատորիաներից. մեր ունեցածն ընդհանրապես գործածելու ենթակա չեն: Չաղլիկ մարդ է գալիս՝ ռենտգեն չենք կարողանում անել, ուղարկում ենք այլ հիվանդանոց: Սարքավորումների թարմացման կարիք շատ ունենք, բայց էս թվարկածներս առաջնահերթ են»,- նշում է Յ.Ղազոյանը:

Արթիկի բժշկական կենտրոնի տարեկան ֆինանսավորումը կազմում է մոտ 200 մլն դրամ, որի 85 տոկոսը հատկացվում է աշխատավարձին: Բուժհաստատությունն ունի 150 աշխատակից, բոլոր մասնագետները տարածաշրջանի բնակիչներ են, դրսից հրավիրված մասնագետներ չունեն: Կենտրոնը սպասարկում է Արթիկ քաղաքի եւ 23 գյուղերի 46 հազար բնակչի:

«Շտապօգնության երկրորդ մեքենայի կարիք ունենք: 2014 թ-ին մեկ մեքենա ենք ստացել, դա ենք շահագործում: Եթե ծանր դեպք ենք ունենում, որ պիտի տեղափոխենք Գյումրի կամ Երեւան, ապա 2-4 ժամ անհնար է դառնում տեղի կանչերի սպասարկումը, որովհետեւ մեքենա չունենք: Սա շատ մեծ խնդիր է,- ասում է կենտրոնի տնօրենը,- շտապօգնության մեկ հիմնական բժիշկ ունենք, երկու բժշկի ուղղակի խնդրել, համոզել ենք, որ համատեղեն. մեկը ընտանեկան բժիշկ է, մյուսը` մաշկավեներոլոգ, հերթապահություն են իրականացնում: Լավ կլիներ, եթե շտապօգնության հիմնական երկու բժիշկ էլ ունենայինք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter