Վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՅԴ խմբակցության կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու հարցապնդմանը, նշեց, թե դա ընդդիմադիր քաղաքական ուժի իրավունքն է, որից էլ օգտվում են: «Կարծում եմ, այդ հարցադրումն ունի քաղաքական բովանդակություն, քանի որ մեր գործընկերները հնարավորություն ունեն հնչեցնելու մի կողմից իրենց մտահոգությունները, մյուս կողմից` փորձում են ներգրավել ընտրողների ուշադրությունը: Մենք հենց այդ տեսանկյունից էլ խնդիրը դիտարկում ենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Ըստ վարչապետի` կառավարության հրաժարական տալ-չտալը քաղաքական խնդիր է, եթե կառավարությունը գտնում է, որ իր առջեւ դրված խնդիրները չի կարողանում իրականացնել, կառավարությունը տալիս է հրաժարական: «Հայաստանի պարագայում այդպիսի խնդիր չկա, որովհետեւ Ազգային ժողովում մենք ունենք բացարձակ մեծամասնություն, կառավարելիության մակարդակը բավականին բարձր է, եւ մենք մշտապես ուսումնասիրում ենք բնակչության կարծիքը` կառավարության կողմից իրականացրած միջոցառումների վերաբերյալ եւ հստակ պատկերացնում ենք, թե ովքեր են դժգոհ, ովքեր դժգոհ չեն, ովքեր են մեզ աջակցում, եւ, կարծում եմ, որեւէ քաղաքական ճգնաժամ չկա, որ կառավարությունը հրաժարական տա»,-հավելեց վարչապետը:
Տ. Սարգսյանի կարծիքով` աշխարհում չկա որեւէ պետություն, «որտեղ կան կատարված ցուցանիշներ»: «Եթե դուք հետեւում եք ոչ միայն Հայաստանում կատարվող իրադարձություններին, այլեւ աշխարհի, կտեսնեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն մարտահրավեր է աշխարհի բոլոր կառավարությունների համար, եւ շաբաթը մեկ բոլոր ցուցնիշները վերանայվում են»,-դիմելով լրագրողներին` հայտարարեց վարչապետը:
Փաստորեն, Տիգրան Սարգսյանը ՀՅԴ-ին հասկացրեց, որ կառավարությունը հրաժարական չի տալու, եւ վաղը կայանալիք քվեարկությունը ոչինչ չի փոխելու, քանի որ խորհրդարանում իշխանությունը բացարձակ մեծամասնություն է կազմում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել