
Երկու ընկերությունների ԱԱՀ-ի վճարման հետաձգման արտոնություն է տրվել
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բավարարել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած որոշման նախագիծը և արտոնություն տրամադրել երկու ընկերությունների։
Մասնավորապես՝ «Գոֆրոլայն» ՍՊԸ-ին կթույլատվի ապրիլի 6-ից մինչև դեկտեմբերի 1-ը Հայաստան ներմուծել ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելով։ Ընկերությունը հանրապետություն է ներմուծելու թղթյա արտադրանքներ պատրաստող սարքեր։
«Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գոֆրոլայն» ՍՊ ընկերության նպատակն է հիմնել ամբողջովին նոր արտադրամաս` արտադրելով ծալքավոր ստվարաթուղթ, այնուհետև դրանից էլ` պատրաստի տարաներ, արկղեր, տուփեր և այլն»,-ասվել է որոշման նախագծում։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 390 մլն դրամի ներդրում։
Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ն կառավարության կողմից նույն արտոնությունը ստացավ։
Այս ընկերությունն էլ նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ` արտադրելով տարեկան շուրջ 10 մլն ճուտ։
Ընկերությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հավաստիացրել է, որ նպատակադրված է կատարել կես միլիարդ դրամի չափով ներդրում։
Մեկնաբանել