
Նախկին հիվանդանոցը կվերածվի մանկապարտեզի
Կառավարությունն այսօր բավարարեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով պետական գույքի կառավարման վարչությունից կվերցվեն Վայոց Ձորի Շատին համայնքի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունն ու հողամասը և կնվիրաբերվեն համայնքին` բացառապես որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:
«Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում՝ նվիրաբերությունը կհամարվի վերացված և Հայաստանի Հանրապետության Կառավարության պահանջով Շատին համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումներով»,- գրված է որոշման նախագծում։
Ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծից՝ Շատին համայնքի ավագանին փետրվարի 13-ին ուղերձով դիմել էր նախագահին, վարչապետին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, պետական գույքի կառավարման վարչության պետին, Վայոց ձորի մարզպետին, Շատին համայնքի ղեկավարին և ԱԺ պատգամավոր Ա. Արսենյանին՝ հայտնելով համայնքում մանկապարտեզի բացակայության մասին և խնդրել աջակցել՝ նախկին հիվանդանոցի (ներկայումս չօգտագործվող) շենքը համայնքին հանձնել։
Մեկնաբանել