
Նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի հողատարածքները, տներն ու պաշտոնյա բիզնես գործընկերները
Նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, չնայած մշտապես զբաղեցրած պետական պաշտոններին, պատկառելի գույք ու հողամասեր է դիզել որպես սեփականաություն: Բացի դրանից, նա բիզնեսներ ունի ներկա և նախկին պաշտոնյաների հետ:
Նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի մասին հայտարարագիրը: Հիշեցնենք՝ նա ՀՀԿ համապետական ցուցակի 122-րդ հորիզոնականում է:
Ալիկ Սարգսյանի հայտարարագրած գույքը
Նախագահի խորհրդականը Երևան քաղաքում 2 բնակարան ունի, մեկը՝ Թումանյան 9 հասցեում, երկրորդը՝ բաժնային սեփականությամբ՝ Այգեստան 3-րդ փողոց 8/2 շենքում: Նույն հասցեի 2-րդ՝ նրան պատկանող կիսանկուղային տարածքն էլ հասարակական օբյեկտ է: Արարատի Մարզի Դարակերտ համայնքում Ալիկ Սարգսյանն առանձին 6 հողամաս ունի, որոնց գումարային արժեքը 0.53 հա է կազմում: 5 հա հող ունի նույն մարզի Կանաչուտ համայնքում, նույնքան էլ՝ Դիմիտրով համայնքում: Կանաչուտ համայնքում նաև բնակելի տուն ունի 898 քմ տարածքով: Բարձրաշեն համայնքում էլ նախագահի խորհրդականի հողամասի չափը 0,11 հա է:
Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղու մոտակայքում Ալիկ Սարգսյանը գյուղատնտեսական արտադրական օբյեկտում 12,5 % բաժնային սեփականություն ունի՝ 4650 քմ տարածքով և 2,14 հա հողամասով:
25 % մասնակցությամբ բաժնային սեփականատերն է նաև Ծաղկաձորի հանգստյան տանը: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Սարալանջի փողոց 2-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող այս անշարժ գույքը մանկական ճամբարի շենք, շինությունների պահպանման և սպասարկման համար հատկացված հողամաս է:
Եվ վերջապես, Ալիկ սարգսյանը միանձնյա սեփականատեր է Ջերմուկ քաղաքում գնտվող ընդունելությունների տանը: Այն զբաղեցնում է շուրջ 977 քմ տարածք և 0,05 հա հողամաս:
Ալիկ Սարգսյանը, որպես նախագահի խորհրդական, ստացել է 9,3 մլն դրամ աշխատավարձ, 4,3 մլն կենսաթոշակ և 278 հազար դրամ՝ որպես ավանդի դիմաց տրված տոկոս: Նրա եկամուտները, ըստ հայտարարագրի, մեծ չեն: Սակայն այսչափ աշխատավարձով ապրող նախագահի խորհրդականը հայտարարգրել է շուրջ 260 հազար դոլար և 11 մլն դրամական միջոց:
Ալիկ Սարգսյանի բիզնես գործընկերները
Ալիկ Սարգսյանը 33.3 % բաժնեմաս ունի «Մակրո-Երևան» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ում և 16.7 % «Մարկ Ինտերնեյշնլ» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ում:
«Մակրո-Երևան» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով: Սակայն շինարարական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ևս ստացել է: «Մակրո-Երևան» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ում Ալիկ Սարգսյանի գործընկերնեն են ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Սուրեն Յոլյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Արմեն Հայրապետյանը: Ընդ որում՝ վերջինս ամենամեծ՝ 33.34 %-ի բաժնետերն է:
Երկրորդ ընկերությունը՝ «Մարկ Ինտերնեյշնլ» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ ու մանրածախ առևտրով: Մասնավորապես, էլեկտրատեխնիկայի վաճառքով: Ալիկ Սարգսյանի գործըներներից մեկն այստեղ կրկին Արմեն Հայրապետյանն է՝ 16,7 %, նույնքան բաժնեմաս գրանցված է Լևոն Յոլյանի կնոջ՝ Անուշ Ասլանյանի անվամբ, նույքան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանն ունի և 33.3 %՝ Էլմիրա Զարգարյանը:
«Մարկ Ինտերնեյշնլ» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ում պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացրել անցյալ տարի և հայտնաբերել լրացուցիչ վճարման ենթակա 164 մլն դրամի չափով հարկային պարտավորություն: Ընկերությունը գանգատ է ներկայացրել հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին, որից հետո վճարման ենթակա գումարի չափի փոփոխություն է եղել՝ նվազեցվել է 128,5 մլն դրամի չափով:
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի, Ազատություն Ռ/Կ-ի և ՍԱՊԾ-ի, լուսանկարում` Ալիկ Սարգսյանը, Լևոն Յոլյանը և Արմեն Հայրապետյանը:
Մեկնաբանել