HY RU EN

Ովքե՞ր են տիրանալու հայկական «մարգարտին». պեռլիտի արդյունահանումը նոր թափ է ստանում

Պեռլիտի նոր հանքավայր է շահագործվելու Արագածավանում

«Մանանա գրեյն»-ի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը մտադիր է շահագործել Արագածի պեռլիտի հանքավայրը:

Այն գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Արագածավան գյուղից մոտ 5 կմ հյուսիս-արևելք: Մոտակա բնակավայրեն են Արեգ և Հակո գյուղերը:

«Հիդդեն գոլդ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն է ներկայացրել Արագածի պեռլիտի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:

Համաձայն դրա՝ նախատեսվում է պեռլիտը արդյունահանել բաց եղանակով: Շահագործումը նախատեսվում է իրականացնել միակողանի խորացվող համակարգով, հանքախորշից հումքի անմիջական էքսկավացիայով: Բացհանքի առավելագույն երկարությունը կլինի 1200 մ, լայնությունը՝ 870 մ, օտարման մակերեսը՝ շուրջ 8 հա:

Ընկերությունը Արագածի պեռլիտի հանքավայրի տարեկան արտադրողականությունը գնահատել է շուրջ 70 հազար խմ: Օգտակար հանածոյի կազմում պեռլիտը 83% է, պեմզան՝ 11 %, օբսիդիանը՝ 6 %:

«Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ.: Ընկերության հիմնական բաժնետերը՝ 99%, Գուրգեն Նիկողոսյանն է: Մնացյալ 1%-ը պատկանում է ընկերության տնօրեն Կարեն Զոհրաբյանին:

«Մանանա գրեյն» ՍՊԸ-ն 1995թ.-ից Հայաստանում հայտնի է որպես հացահատիկի, հատիկային կուլտուրաների մեծածավալ ներկրող, ինչպես նաև ալյուր արտադրող, որը շուկայում ներկայացված է «Արմաշ» ապրանքանիշով: «Մանանա գրեյն»-ի խմբում արդեն աշխատում են «Եղվարդի համակցված կերերի գործարանը» և «Մանանա սթոուն» ընկերությունը, որը Արարատ լեռան ստորոտում զբաղվում է բնական քարի մշակմամբ:

Արագածավան համայնքը, համաձայն հանրային լսումների 2016թ. հուլիսի 28-ի արձանագրության, իր համաձայնությունը տվել է հանքավայրի շահագործման համար:

Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ այս հանքավայրը որևէ կապ չունի արդեն իսկ գործող «Արագած-պեռլիտի» հանքավայրի հետ: Նոր տեղամաս է տրամադրվել «Հիդդեն գոլդ» ՍՊԸ-ին, որը բնակավայրից 4-5 կմ հեռու է:

«Տարածքը վարելահողի համար պիտանի չէ, արոտավայրի համար էլ այնքան հարմար չէ, որովհետև պեռլիտը մակերեսային է, և բան չի աճում, մի քանի անպիտան բույսեր են աճում»,- ասում է գյուղապետ Պապիկյանը:

Արագածավանը՝ պեռլիտի փոշու մեջ

Արագածավանը, պարզվում է, մշտապես աղտոտվում է գործող հանքավայրի արտանետած փոշուց: Համայնքի ղեկավարը հրավիրեց պեռլիտի գործարանի աշխատած ամիսներին գյուղ այցելել և տեսնել, թե ինչպես է այն «վնաս տալիս համայնքին և պետությանը»: «Հինգ րոպեում մի տոննա փոշի է արտանետում, ու ինչքան որ արտանետում է, այդքան հումք չի ստանում, ու ոչ մի բան էլ չեն ձեռնարկում դրա դեմ: Ում գրում ես, բան չի ձեռնարկվում»,- ասում է համայնքապետը:

«Արագած պեռլիտ»-ը, գյուղապետի խոսքով, գյուղի վերջին տնից 50 մետր է հեռու: Չնայած ձմռան ամիսներին չի աշխատում, փոխարենը փոշու մեջ կորցնում է գյուղը ամռանը: Համայնքի բյուջե ընկերությունը միայն տարածքի վարձակալության գումար է վճարում:

«Հետքը» բնապահպանության նախարարությանը հարցրել է, թե արդյոք ԲՆ-ն երբևէ ստուգել է Արագածավան համայնքի օդի աղտոտվածությունը, վերջին 10 տարիներին որևէ ստուգում կատարե՞լ է «Արագած-պեռլիտ»-ում և Արագածավանի հանքատեղում: ԲՆ աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հայտնել է, որ Արագածավան համայնքում ստուգումներ չեն իրականացվել: Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ Արագածավան համայնքի վարչական տարածքում գործող «Արագած-պեռլիտ» ԲԲԸ-ն 2010-2014թթ. չի աշխատել: Բնապահպանության նախարարը 2016թ. մայիսի 3-ին գրությամբ դիմել է կառավարության աշխատակազմ «Արագած-պեռլիտ»-ում ստուգում իրականացնելու վերաբերյալ, ինչը վարչապետի մայիսի 25-ի գրությամբ մերժվել է:

Պեռլիտ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է մարգարիտ: Պեռլիտը կազմված է հիմնականում հրաբխային ապակուց: Դրանք օգտագործվում են որպես շինանյութ ջերմամեկուսացում իրականացնելու համար: Փքեցնելուց հետո ստացվում է նոր նյութ՝ փքված պեռլիտ, որը փետուրի պես թեթև է և ունի կարևոր հատկություններ՝  պահպանում է ջերմությունը, կլանում է ձայնն ու աղմուկը: Հայաստանում պեռլիտի հիմնական պաշարները գտնվում են Աբովյան-Հրազդան հանգույցում, Արագածի լեռնալանջերին:

Հայկական պեռլիտի բարձր որակի մասին մասնագետները բազմիցս խոսել են: Սակայն, նաև նշում են, որ պեռլիտի արդյունահանման պոտենցիալը, որն ունի Հայաստանը, լիարժեք չի իրացվում: Ընդերքի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Հայաստանում որակյալ պեռլիտ կա, որը տարբերվում է մյուս պեռլիտներից իր 20% փքեցման աստիճան ունենալու ունակությամբ:

«Շրջափակման մեջ գտնվելու պարագայում տրանսպորտային ծախսերը շատ մեծ էին, և պեռլիտը շուկայում մրցունակ չէր դառնում: Սակայն այսօր իրավիճակը փոխվել է, մեքենաների միջոցով է պեռլիտը տեղափոխվում և դառնում է մրցունակ: Եվ դիմողները՝ պեռլիտով զբաղվելու համար, շատացել են»,- ասում է Ընդերքի գործակալության պետը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան արդյունահանվում է 50-80 հազար խմ պեռլիտ: Ավելի հստակ երևում է գրաֆիկում: 

Ովքե՞ր են տիրացել հայկական «մարգարտին»

2017թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում պեռլիտի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունք ունի երեք ընկերություն: Դրանցից մեկի ժամկետն ավարտվել է  մարտի 21-ին.

      1. «Լեվադան ՍՊԸ»-ն՝ մինչև 2026 թվականը՝ Արագածավանի պեռլիտի համար:
      2. «Արագած պեռլիտ» 2 ԲԲԸ-ն՝ մինչև 2020 թվականը՝ Արագածի պեռլիտի համար:
      3. «Էդիկ Ամիրխանյան» ՍՊԸ-ն՝ մինչև այս տարվա մարտի 21-ը՝ Մաստարայի պեռլիտի համար:

Ընդերքի գործակալությունից հայտնեցին, որ «Էդիկ Ամիրխանյան» ՍՊԸ-ն չի դիմել ընդերքօգտագործման իրավունքի երկարացման համար, հետևաբար այն այլևս չի արդյունահանելու:

Եվս երկու ընկերություն՝ «Քալոյան» ՍՊԸ-ն ու «Սյուզի Հրաչյա» ՍՊԸ-ն պեռլիտի ավազ են արդյունահանում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում/Ծակքարում:

Արագածավանում 1961 թվականից գործել է «Արագած պեռլիտը»: Արդյունահանել է տարեկան 800-850 տոննա պեռլիտ: Իրացրել է ԽՍՀՄ-ի երկրներում, ինչպես նաև՝ Բելգիայում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում: Գործարանը զբաղեցրել է 23,5 հա տարածք, իսկ հանքահորը՝ շուրջ 80 հա: Այն այժմ տրվել է ամերիկյան ծագման “Dicalite”-ին, և հումքի տերը դարձել են ամերիկահայերը: Չնայած այս փաստին՝ հայկական պեռլիտը արտահանվում է ոչ թե ԱՄՆ, այլ առավելապես Ռուսաստանի Դաշնություն:

Ընդերքի գործակալության տրամադրած տվյալների համաձայն՝ պեռլիտ արդյունահանող ընկերությունները, հաստատված պաշարների համեմատ, չնչին արդյունահանում են իրականացրել: Օրինակ՝ «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի հաստատված հանքավայրի պաշարը 11 մլն 400 հազար խմ է: Արդյունահանել է ընդամենը 171 հազար խմ:

«Լեվադան ՍՊԸ»-ի հաստատված պաշարները կազմել են 6 մլն խմ, արդյունահանվել է ընդամենը 13 415 խմ:

Պեռլիտի ռեկորդային արտահանում՝ 2016-ին

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի՝ «Հետքին» տրամադրած տեղեկությունների, 2016 թվականին պեռլիտի արտահանման աննախադեպ ռեկորդային ծավալներ են գրանցվել վերջին 7 տարվա ընթացքում: 2010 թվականից ի վեր՝ պեռլիտի արտահանման ծավալները չեն գերազանցել տարեկան 700 տոննան: Մինչդեռ միայն 2016-ին արտահանվել է 11,370 հազար տոննա պեռլիտ, որից միայն 44 տոննան՝ Ուկրաինա, մնացածը՝ Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանի Դաշնությունը հայկական պեռլիտի արտահանման հիմնական երկիրն է: Հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը և Վրաստանը: 

Համաձայն ՊԵԿ-ի՝ հիմնական արտահանողներ են «Արագած-պեռլիտ»-ը, «ՎելլՍամ» ԲԲԸ-ն և «Երեք ուղղություն» ՓԲԸ-ն:

«ՎելլՍամ» ԲԲԸ-ի մասին տեղեկություններ համացանցում չկան: ՊԵԿ-ի համաձայն՝ այն փայտանյութի, շինանյութի և սանտեխնիկական սարքավորանքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերություն է, որի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

«Երեք ուղղություն» ՓԲԸ-ն հաշվապահական ընկերություն է, որն իրականացնում է նաև մաքսային միջնորդական գործունեություն:

Ակնհայտ է, որ վերջին ընկերությունները միջնորդ են, քանզի արդյունահանում չեն իրականացնում, իսկ հիմնական արդյունահանողն ու արտահանողը հենց «Արագած-պեռլիտ»-ն է:

Պեռլիտի ռեկորդային արտահանումը, Ընդերքի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Հովհաննիսյանի խոսքով, Ռուսաստանի շուկայի, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի միասնական շուկայի պարագայում առավել հեշտ արտահանում էր: «Այս տարի, իմ կարծիքով, այդ ծավալը երկու անգամ կաճի»,- ասում է Երվանդ Հովհաննիսյանը:

Ընդերքի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց, որ հենց այս պահին արդեն կառուցվում է «Մանանա գրեյն»-ի սեփականատիրոջ նախաձեռնած եվրոպական չափանիշներով գործարանը, որը երեք ամսից պատրաստ կլինի, եւ պեռլիտի արտահանման ծավալները կաճեն: 

Ստուգումներ՝ «Արագած-պեռլիտ»-ում

«Արագած-պեռլիտ»-ի գործունեությունը, սակայն, վտանգված է: Կապ ունի՞ դա նոր ի հայտ եկած խաղացողի հետ, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը 2016թ. սեպտեմբերին ստուգում է իրականացրել: Պարզվել է, որ ընկերությունը խախտել է «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և 2012թ. ամրագրված պայմանագրային պարտավորությունները: Մասնավորապես՝

  • սահմանված կարգով չի վարվել երկրաբանական, մարկշեյդերական փաստագրություն, ամենօրյա շարժի գրանցամատյանը,
  • ամբողջությամբ չեն կատարվել լիազոր մարմնի՝ օրենսդրության պահանջների պահպանման նպատակով օրենքով սահմանված կարգով տրված ցուցումները,
  • օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվություններով ներկայացված տվյալները հավաստի չեն,
  • օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով սահմանված հանքաստիճանի բարձրությունը բացհանքի որոշ հատվածներում չի պահպանվում,
  • Օգտակար հանածոյի արդյունահանումը օգտակար հանածոյի նախագծով և պայմանագրով նախատեսված ժամկետներին համապատասխան չի կատարվում,
  • Օգտակար հանածոյի արդյունահանումը ընդերքօգտագործման պայմանագրով սահմանաված չափաքանակների համապատասխան չի կատարվում:

«Արագած-պեռլիտ»-ը վարչական բողոք է ներկայացրել: Նախարար Աշոտ Մանուկյանի դեկտեմբերի 23-ի հրամանով այն մերժվել է: Նախարարը հանձնարարել է ընդերքի վարչությանը, ընդերքի պետական տեսչությանն ու իրավաբանական բաժնին քննարկել և ներկայացնել առաջարկ արդյունահանման տարեկան ծավալները չապահոված ընկերություններին զգուշացում տալու և այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու առանձնահատկությունների վերաբերյալ՝ հետագայում իրավական ակտի նախագիծ կազմելու և սահմանված կարգով ներկայացնելու նպատակով: 

Պետական եկամուտների կոմիտեն «Արագած-պեռլիտ»-ում ևս ստուգումներ է նախատեսել այս տարի: 

«Արագած-պեռլիտ»-ի տնօրինության հետ զրուցել չհաջողվեց: Ընկերությունից մեկ շաբաթ առաջ հայտնեցին, որ տնօրեն Աշոտ Պողոսյանը զբաղված է, և լրացուցիչ կկապվեն մեզ հետ՝ հարցազրույցի համար: Նշենք, որ Աշոտ Պողոսյանը նաև Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող ընկերության տնօրենն է: Առ այսօր ընկերությունից պատասխան չենք ստացել: