HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատգամավոր Հակոբ Հակոբյանի 6 միլիոն դոլարը, 10 ընկերությունները, 28 անշարժ գույքը

2007 թվականից ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը կրկին պայքարելու է պատգամավոր դառնալու համար։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Հակոբյանը առաջադրված է Տավուշի մարզից՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից։ 

Որպես պատգամավորի թեկնածու՝ Հակոբյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի մասին հայտարարագիրը։ Հակոբյանին կարելի է համարել այս կուսակացության մեծ կարողություն ունեցող թեկնածուներից մեկը։   

Պատգամավորի դրամական միջոցները 2,3 միլիարդ դրամ և 1,2  միլիոն դոլար է։ Եթե այս դրամական միջոցները վերածենք դոլարի, այն կկազմի գրեթե 6 միլիոն դոլար։

Նա հայտարարագրել է 28 անշարժ գույք՝ 14 շենք, շինություն (բնակարան, բնակելի տուն), 11 հողամաս, որից տասը՝ Դիլիջան քաղաքում, հողին ամրակայված 3 այլ անշարժ գույք։ 

Անցած տարվա ընթացքում Հակոբ Հակոբյանը ստացել է 6,3 միլիոն դրամ աշխատավարձ, գույքի օտարումներից 80 միլիոն դրամ, 5 միլիոն դրամից ավելի՝ վարձակալություններից, «Արդշինբանկին» տրված փոխառություններից եկամուտ է ունեցել գրեթե 39 միլիոն դրամի չափով, «Երևանի գարեջուր» ընկերությունից՝ 170 միլիոն դրամ շահութաբաժին, նույն ընկերությունից՝ 140 միլիոն դրամ փոխառություն։ Այսինքն՝ նախորդ տարում  պատգամավորի եկամուտները կազմել են 440 միլիոն դրամ։

Պատգամավորի թեկնածուն բաժնեմաս ունի տաս ընկերություններում. 50 %-անոց բաժնետոմաս՝ «Երևանի գարեջուր», «Դիատոմիտ», «Կոննեկտ», Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան», «Հակ և Աշ», «Հ և Տ Հակոբյաններ», «Կիլիկիա» ընկերություններում, բացի այդ Հակոբյանին են պատկանում «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի», «Տիգրան ՀՀԳ» ընկերությունների 100 % բաժնետոմսերը, նաև 30 % բաժնեմաս ունի «Արմամաստ» ՍՊԸ-ում։ 

Ի դեպ, Հակոբ Հակոբյանի ընկերություններից Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ն այս շաբաթ կառավարության որոշմամբ ստացավ Հայաստան ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարի երեք տարի հետաձգման արտոնություն։  Ընկերությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հայտնել է, որ նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ` արտադրելով տարեկան շուրջ 10 մլն ճուտ և կատարել կես միլիարդ դրամի չափով ներդրում։

Հակոբյանը նաև հայտարարագրել է 2015 թվականի թողարկման Mercedes-Benz S 500 4Matic Maybach մակնիշի ավտոմեքենա, որի գինը միգազգային շուկայում գնահատվում է գրեթե 200 հազար դոլար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter