
Անիրազեկության պատճառով մարդիկ զրկվում են բնակարաններից
Բարձրաձայն հաչոցով իմ կողմը նետված շան ագրեսիվ պահվածքը տեսնելով` ստիպված եղա այնքան կանգնել, մինչեւ տնակի բնակիչն աղմուկի վրա դուրս եկավ:
Գյումրիի Մանուշյան փողոցի տնակային թաղամասի 230/150 հասցեով տնակը գտնելը դժվար չէր: Իմ բախտից ծեր տանտերերը եւս տանն էին: 81-ամյա Ազատուհի Քասարջյանի «ախպարական» խոսելաձեւը կասկած չէր թողնում. կինը հայրենադարձներից է: «Այո, Սուրիա ծնված եմ, 1965-ին գաղթած ենք հոս, հիմիկ էս տանը մենակ ես ու աղբերս կբնակինք»,- հակիրճ ներկայացնում է ծեր կինը: Տնակի պատի հետ բարձրացող աղբակույտը հուշում էր, որ այդ ամենը ոչ այլ ինչ է, քան վառելիք: 23-րդ ձմեռն են դիմավորում այդ պայմաններում, տեղեկացրեց տատն ու հրավիրեց ներս:
![]() |
Լուսանկարներ |
6 մետրանոց նեղլիկ վագոն-տնակում ոտք դնելու տեղ չկար: Երկու մահճակալ` անկողնային պարագաներով, մի բազմոց, սեղան, անկյունում` փայտի վառարան, ցածրիկ պահարանի վրա կիտված ամանեղեն ու ջրով լի դույլեր, այդ սպասքեղենի որոշ հատվածն էլ տեղ էր գտել հատակին: Դիմացի պատին կախված խունացած նկարների մեջ նշմարում եմ Վազգեն Ա վեհափառի դիմանկարը: «Անոնք էլ մեր մամային, աղբորս կնոջ նկարներն են»,- նկատելով հայացքս` շտապում է տեղեկացնել Ազատուհի տատը:
![]() |
Քասարջյանների տնակը |
Գորշության ու աղքատության տխուր պատկերը ցրում էին տնակի չորքոտանի բնակիչները` իմ այցելությունից զայրացած շունն իր 2 ձագերով եւ կատուն: «Աս քոթոթները դեռ պզտիկ են, պեչկին քովն ենք դրել, որ չմրսին, կատուն ալ կպահենք, որ մկները մեզի չուտեն: Գիտես հոս տեղերն ինչքան մուկ կա, լի~քը»,- բացատրում է տանտիրուհին: Բազմոցին պառկած եղբոր անտարբերությունը ներս մտած անծանոթի հանդեպ տատը ներկայացնում է մի տեսակ ներողություն խնդրողի տոնով. «Հիվանդ է, հոգեկան, բայց տանը կպահենք»:
![]() |
|
Տան չորքոտանի բնակիչները |
Ազատուհի եւ Գեւորգ Քասարջյանները ծնողների հետ Սիրիայի Հալեպ քաղաքից Գյումրի են տեղափոխվել 1965 թ. եւ նույն տարին էլ «Նոր հայրենադարձ» ֆոնդից ստացել 2 սենյականոց բնակարան Մանուշյան 20 շենքում, որն ամբողջությամբ փլվել է երկրաշարժից: Համբերատար, ինչպես բոլոր անօթեւանները, սպասել են, որ մի օր նորակառույցներից մեկում իրենց էլ բնակարան կտան: Երկրաշարժից հետո մահացել է Գեւորգի կինը: 10 տարի առաջ ամուսնացել է նրա միակ որդին, ու հիմա նախկին 3 անձի փոխարեն Քասարջյանները 7 հոգով են հավակնում 2 սենյականոց բնակարանի:
Վերջերս պարզվել է, որ բնակարանի պոտենցիալ շահառուները պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Պատճառն էլ այն է, որ ժամանակին չեն հասցրել քաղաքապետարան հանձնել պահանջվող փաստաթղթերը եւ չեն վերահաշվառվել անօթեւանների հերթացուցակում: «Տելեվիզոր չունենք, խաբար անող չունենք, բան-ման ասող չի եղել, չենք իմացել: Ես մեծ կնիկ եմ, մի աչքս ալ չի տեսնա: Ան մի անգամ վարի բազար գնացել էի, ճամբան կորսցուցեր էի, վերջը մե աղջիկմ բերեց նստացրեց ավտոբուս, եկա տուն: Ես չեմ կրնա մենակս էրթամ քաղաքապետարան, եղբարս էլ հիվանդ, ո՞վ պիտի աներ: Աղբորս տղան ցուցակները նայել է, մենք մեջը չկանք, հիմիկ չգիտենք, թե ինչ պիտի ըլլա,- կինը ձեռքը տանում է հիվանդ աչքին,- հիմիկ 7 անձ ենք, թե որ տան էլ, ի՞նչ պիտի անենք, չգիտեմ: Թուղթերը նոր ենք ներս տվել, դեսնանք` ինչ կըլլա»:
Գեւորգ Քասարջյանի տղան` Հակոբը, կնոջ եւ 3 անչափահաս զավակների հետ ապրում է հարեւանությամբ գտնվող տնակում: Նախորդ տարի տնակին կից փայտե հատվածում հրդեհ էր բռնկվել, տուժել էր երեքամյա տղան` ստանալով 3-րդ կարգի այրվածքներ: Ազատուհին ու 86-ամյա Գեւորգն ապրում են թոշակով, 35-ամյա Գեւորգի ընտանիքը` երեխաների համար տրվող սոցիալական նպաստով: Հակոբի երկու աղջիկները գիշերօթիկ դպրոց են հաճախում Երեւանում:
![]() |
Հակոբ Քասարջյան |
«Իսկ ինչ է, Գյումրիում գիշերօթիկ դպրոց չկա՞ր» հարցիս ի պատասխան` Հակոբն ուսերն է թոթվում` ասելով, թե կինն է այդպես որոշել, ինքն էլ տարել երեխաներին տեղավորել է Երեւանում գործող գիշերօթիկներից մեկում, որովհետեւ Գյումրիի գիշերօթիկները երեխաների «դուրը» չեն եկել:
Հակոբից տեղեկանում եմ, որ քաղաքապետարանի բնակարանների հաշվառման բաժին ներկայացնելու համար պահանջվող փաստաթղթերը դեռ չի ամբողջացրել: «Կադաստրից թուղթ են ուզել, որ համոզվին` ուրիշ տեղ տուն չունիմ, ուրիշ սեփականություն չունիմ, մենակ էդ թուղթն է մնացել»,- բացատրում է Հակոբը: Թղթերը տանելը` կտանեն, բայց արդյոք բնակարան կստանա՞ն 2012-ին. այս հարցին հստակ պատասխան չունեն Քասարջյանները:
«Դեսնանք, դեսնանք` ինչ պիտի ըլլա: Հույս ունինք, բայց 7 անձ ենք, տալուն ետքն էլ կամ մենք պիտի երթանք, կամ Հակոբն իրա պզտիկներու հետ»,- Ազատուհի տատը հայացքը հառում է բազմոցին պառկած եղբորը: Դռան մոտ սկզբում հաչոցի, հետո մլավոցի ձայն է լսվում: Հակոբը բացում է դուռը` ներս թողնելով ընտանիքի չորքոտանի անդամներին: Հրաժեշտից առաջ Ազատուհի տատը հիշում է, որ օրեր առաջ մի կին ու տղամարդ իրենց օգնություն են բերել` ուտելիք ու հագուստ: «Գոհ եմ, շնորհակալ եմ, բայց շորերուն միջի շալվարները շատ մեծ էին, Գեւորգին վրայով չեղան, ինձ ալ խալաթ խոստացան հետո բերել, նյա բերին, նյա տեսա»,- ծեր կնոջ աչքերը արցունքոտվում են, չգիտես` նեղսրտելուց, թե ցավից:
Մեկնաբանել